ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որակյալ ֆինանսական հաշվետվությունները որպես աճի խթան

ապրիլ 27, 2016Õ©.


Image

 

Քաղաքականություն մշակողների ու փորձագետների նախարարական համաժողով

Վիեննա, 27 ապրիլի, 2016թ. – Համաշխարհային բանկի Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնի կողմից երկու տարին մեկ կազմակերպվող նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Վիեննա էին ժամանել ֆինանսների նախարարներ, պաշտոնատար անձինք, գործարար, մասնագիտական ու ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներից:

Համաժողովում դիտարկվող հիմնական թեման որակյալ ֆինանսական հաշվետվությունների ազդեցությունն է՝ որպես ներդրումների ու տնտեսական աճի խթան: Տեսաուղերձով ողջունելով համաժողովի շուրջ 250 պատվիրակներին Ավստրիայի ֆինանսների նախարար Հանս Յորգ Շելինգը վերահաստատեց, որ իր երկիրը աջակցում է այդ օրակարգին և ասաց. «Մեզ համար կարևոր է, որ հարևան երկրներում լինի աճի և կայունության համար նպաստավոր միջավայր: Կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների կուռ համակարգերը նպաստում են մասնավոր հատվածի աճին, ֆինանսական շուկաների զարգացմանը և ֆինանսական կայունությանը»:

Բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ քննարկման ընթացքում  Բոսնիայի և Հերցոգովինայի, Կոսովոյի և Սերբիայի ֆինանսների նախարարներն անդրադարձան այն հարցին, թե բարձրորակ ֆինանսական հաշվետվությունները ինչպես կարող են ազդակ հանդիսանալ վստահության, թափանցիկության ու հուսալիության մեծացման համար, ինչն էլ իր հերթին կձևավորի կայուն տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման և տարածաշրջանային զարգացման բարենպաստ միջավայր:

Շեշտելով Եվրոպայում աճի և ներդրումների համար հնարավորություններ ստեղծելու կարևորությունը՝ Եվրոպական հանձնաժողովում հարևանության և ընդլայնման գլխադասային տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան ասաց. «Հուսալի ֆինանսական հաշվետվություններն ու հաշվետվության համակարգերը դյուրացնում են որոշումների կայացումը ներդրողների կողմից և թույլ են տալիս մշակել ավելի լավ հանրային քաղաքականություն: Եվրոպական հանձնաժողովն աջակցում է գործընկեր երկրներում ժամանակակից ֆինանսական հաշվետվությունների համակարգերի ձևավորմանը՝ նպատակ ունենալով խթանել աճը և մրցունակությունն այդ երկրներում»:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով Համաշխարհային բանկի փոխնախագահ Սիրիլ Մուլերը մասնակիցներին ասաց, որ ԵՄ օրենսդրության հետ ներդաշնակեցված ֆինանսական ու կապիտալի շուկայի ենթակառուցվածքները կդյուրացնեն առևտուրն ու կապիտալի ներդրումները և կնվազեցնեն երկրների միջև առկա խոչընդոտները: «Կապիտալի շուկաների խորությունը ռիսկերի կառավարման ու վերահսկման կայուն միջավայր է ապահովում: Շարունակաբար աշխատելով այս հանձնառության ուղղությամբ ֆինանսական տեղեկատվությունը, որպես կարևոր ու արժեքավոր գործիք, կարող է առավել զարգանալ՝ ողջ տարածաշրջանում նպաստելով աճին », - ասաց Ս. Մուլերը:

Այս միջոցառումը ֆինանսական տեղեկատվությունն օգտագործող տարբեր օղակների եզակի մի հարթակ էր՝ քննարկելու գրանցված հաջողությունները, ինչպես նաև դիտարկելու ֆինանսական տեղեկատվության որակի, հուսալիության և հասանելիության բարելավման ուղղությամբ հետագա անելիքները: Մասնակիցները նաև քննության առան հանրային հաշվապահական հաշվառման բարեփոխումների դերը որպես կառավարության թափանցիկության ու հաշվետվողականության, հարկաբյուջետային ռիսկի կառավարման ու ներառական աճի խթանման միջոց:

«Համաշխարհային բանկն իր գոհունակությունն է հայտնում, որ հիմնական գործընկերների հետ միասին կատարել է այս ներդրումը և ձևավորել է Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնը, որը նպատակ ունի ուշադրության կենտրոնում պահել ֆինանսական հաշվետվությունների որակը և աջակցել, որ երկրները թափանցիկության բարելավման միջոցով կարողանան վստահություն ձևավորել հանրային հետաքրքրության կառույցներում: Անելիքներ դեռ կան, սակայն նախորդ տարիների ձեռքբերումները փաստում են, որ քաղաքականություն մշակողները հավատարիմ են ֆինանսական կայունության հասնելու և կապիտալի շուկաներում լավ գործելու հարցում նախաձեռնողական գործելաոճին» , - համաժողովի ավարտին եզրափակիչ իր խոսքում ասաց Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ պրակտիկայի տնօրեն Սամիա Մսադեքը:

Համաժողովին զուգընթաց տեղի են ունենում ևս երկու միջոցառումներ: Առաջինը Պաշտոնատար անձանց աշխատաժողովն էր, որի ընթացքում Կենտրոնական, Հարավ-արևելյան և Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչները քննության առան ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների առաջընթացն ու ներկայացրեցին քաղած դասերը: Նրանք նաև անդրադարձան միջոլորտային հիմնահարցերին ու դիտարկեցին ֆինանսական հաշվետվությունների դերն ու ազդեցությունը տնտեսական զարգացման վրա: Աշխատաժողովի ընթացքում Հայաստանի ֆինանսների նախարարության հաշվապահության ու աուդիտի մեթոդաբանության վարչության պետ Կարեն Ալավերդյանը նշեց. «Օգտակար ու ոգևորիչ էր ծանոթանալ տարածաշրջանում արձանագրված հաջողված փորձին և քննարկել ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների իրականացման ընդհանուր մարտահրավերները: Այս պահին Հայաստանում ընթացքի մեջ են եվրոպական լավագույն փորձին համապատասխան հաշվապահական հաշվառման և աուդիտի ժամանակակից օրենսդրության ուղղությամբ աշխատանքները, և ժամանակային առումով այս միջոցառումը մեզ համար շատ տեղին էր»:

Ապրիլի 28-ին տեղի կունենա զուգահեռ ընթացող հաջորդ՝ Հաշվապահական հաշվառման մասնագիտական կազմակերպությունների համաժողովը, , որին կմասնակցեն ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում քննության կառնվի այն հարցը, թե տնտեսական աճի ուղղությամբ ինչպիսի ներդրում կարող է ունենալ մասնագիտական այս ոլորտը:

-------

*Միջոցառումները կազմակերպվում են երկու ենթատարածաշրջանային ծրագրերի շրջանակում.

  • Ճանապարհ դեպի Եվրոպա. Հաշվապահական հաշվառման բարեփոխումների ու ինստիտուցիոնալ հզորացման (EU-REPARIS) ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրամիությունը և Արևմտյան Բալկանների ձեռնարկությունների գարգացման և նորարարության հիմնադրամը (WB EDIF).
  • Արևելյան գործընկերության երկրներում աուդիտի ու հաշվետվությունների կատարելագործման (STAREP) ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիայի ֆինանսների նախարարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Եվրամիությունը, Շվեյցարիայի տնտեսական գործերով քարտուղարությունը, Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարարությունը
Լրատվամիջոցների հետ կապը
Վիեննայում՝
Ռայնհարդ Հազլինգերին
հեռ. : +43 (1) 2170-711
rhaslinger@worldbank.org
Վաշինգտոնում՝
Էլենա Կարաբանին
հեռ. : +1 (202) 473-9277
ekaraban@worldbank.org
Երևանում՝
Վիգեն Սարգսյանին
հեռ. : +374 10 59 42 44
vsargsyan@worldbank.org

Մամուլի հաղորդագրության համարը:
2016/ECA/126

Api
Api