Skip to Main Navigation
ԿԱՐԾԻՔՆԵՐ հունվար 12, 2021Õ©.

2008 թ․ դասերը կարո՞ղ են Եվրոպայի զարգացող շուկայական տնտեսությունների ֆինանսական հատվածը փրկել Կովիդ-19-ի անդունդից

Image

Որքան ավելին իմանանք անցյալի մասին, այնքան ավելի լավ կարող ենք նախապատրաստվել ապագային։  Կորոնավիրուսային հիվանդությունից (ԿՈՎԻԴ-19) 2021 թ․ վերականգնում ծրագրող քաղաքականություն մշակողների համար 2008 թ․-ի ֆինանսական ճգնաժամը կարևոր դասեր է ներկայացնում։

Ավելի քան 10 տարի առաջ աշխարհը ներքաշվեց ֆինանսական ճգնաժամի մեջ, որը փոխեց մեր հասարակությունների բուն կառուցվածքը։

Ֆինանսական թույլ կարգավորման և պարտքի ու ֆինանսական լծակի [փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման] նկատմամբ անկանոն մոտեցումների խառնուրդը հանգեցրեց համաշխարհային հետևանքների, որոնցից աշխարհում փոքրաթիվ երկրներ խուսափեցին։ Չնայած տասնամյա վերականգնմանը՝ այդ ժամանակաշրջանի սպիերը դեռ շատ տեսանելի են։ Ասվածը հատկապես վերաբերում է Եվրոպայի շատ մասերին։ Եվ ինչպես հաճախ պատահում է բնական և մարդածին խոշոր աղետների դեպքում, ամենածանր հարվածը կրեցին առավել խոցելիները։

Ապշեցուցիչ զուգահեռներ

Այսօր, երբ երկրները պայքարում են ԿՈՎԻԴ-19-ի տնտեսական ազդեցությունների դեմ, Եվրոպայի զարգացող շուկայական տնտեսությունների քաղաքականություն մշակողները պետք է ձգտեն վերհիշել 2008 թ․ դժվարությամբ յուրացրած դասերը։ Ֆինանսական առումով ներկայի և այն ժամանակվա միջև զուգահեռներն ապշեցուցիչ են։

Այն ժամանակ Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի երկրները ամենածանր հարվածը կրողների թվում էին։ Ճգնաժամի նախաշեմին եվրատարածքի խոշոր բանկերը գնել էին տեղական դուստր ընկերություններին։ Այս մայր բանկերի աջակցությամբ վարկավորումը սկսել էր արագ ընդլայնվել՝ շատ ցածր սկզբնակետից։ Վարկավորման շեշտակի աճը ուղեկցվել էր անշարժ գույքի գների բարձրացումով և անհատների ու կազմակերպությունների պարտքի աճով։ ԵՄ անդամ ամենահարուստ պետությունների կենսամակարդակը կրկնօրինակելու ձգտումները հանգեցրին նրան, որ քաղաքացիների և բիզնեսի ուսերին ավելի մեծ բեռ ընկավ, քան կարող էին տանել։

Անսպասելիորեն, համաշխարհային ճգնաժամի հետևանքով, կապիտալի հոսքը տարածաշրջան դադարեց, և կտրուկ վերելքը շեշտակի անկման վերածվեց։ Վարկավորման աճը հակառակ ուղղություն ստացավ, անշարժ գույքի գների կտրուկ անկում գրանցվեց, տնտեսական աճը դադարեց, իսկ չաշխատող վարկերը պարուրաձև աճեցին։ Հաջորդ տասնամյակում տարածաշրջանը մեծ մասամբ հայտնվելու էր տնտեսական թույլ աճի և ֆինանսական հատվածի ոչնչով աչքի չընկնող կատարողականի միջև։

Հետադարձ կապի ծանոթ շղթան

Կովիդ-19-ը լրջորեն հավակնում է դառնալ մեր կյանքի վատագույն տնտեսական ցնցումը։ Դրա հետևանքով հորիզոնում նկատվում է հետադարձ կապի ծանոթ շղթան․ բարձր ֆինանսական լծակի և ցածր աճի պատճառով առաջիկա ամիսներին ֆինանսական հատվածի խոցելիությունը կմեծանա։

Ճիշտ է, Եվրոպայի զարգացող շուկայական տնտեսություններում բանկերը Կովիդ-19-ի փուլ մուտք գործեցին իրացվելիության և կապիտալի բուֆերների ավելի ամուր դիրքից, քան նախքան համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, սակայն դրանք ամենևին էլ անընկալունակ չեն։ Որքան ավելի երկար տևի համավարակը, այնքան ավելի հավանական է, որ բիզնեսներն ու սպառողները լուրջ դժվարությունների կբախվեն։ Հաջորդը պարտքի դեֆոլտներն են (պարտքային պարտավորությունների չկատարումը)։ Քաղաքականություն մշակողները պարտավոր են գործել, քանի դեռ չաշխատող վարկերի դոմինո-շղթան թափ չի հավաքել և երկրները պարուրաձև չեն հայտնվել համատարած ֆինանսական ճգնաժամում։ Սա նշանակում է համընդգրկուն չորս միջոցառումների ձեռնարկում։

Նախ՝ անհրաժեշտ է քաղաքականությամբ նախաձեռնողաբար և համակարգված արձագանքել չաշխատող վարկերի աճին։ Եթե բանկերը դիմադրում են անհուսալի վարկերի մասնակի դուրսգրմանը և շարունակում են զոմբի ընկերությունների [սեփական շահույթի հաշվին պարտքի սպասարկում իրականացնելու անկարող ընկերությունների] վարկավորումը, դրա հետևանքով վարկավորման պայմանների խստացումը դառնում է ավելի տևական և ծանր։ Քաղաքականություն մշակողները 2008 թ․ հապաղեցին։  Այն պահին, երբ նրանք գիտակցեցին, որ համակարգված պատասխան էր անհրաժեշտ, արդեն զգալի վնաս էր հասցվել։ Չաշխատող վարկերի կարգավորման ժամանակ սոսկ անցնող ժամանակը վատ իրավիճակը դարձնում է վատթար, և քաղաքականություն մշակողներն ու բանկիրները պետք է վաղ արձագանքեն, որպեսզի խնդիրը վերահսկողությունից դուրս չգա։

Երկրորդ՝ վերահսկողներն անհրաժեշտ է, որ զբաղվեն բարձր ռիսկի ենթարկված բանկերով և ապահովեն, որ վարկային կորուստների համար դրանք լիարժեք պահուստներ ստեղծեն։ Համաշխարհային ֆիկնանսական ճգնաժամի կարևոր դասերից է դիմակայուն վերականգնման համար բանկային կապիտալի ստեղծման անհրաժեշտությունը։ Այս համավարակի ժամանակ բանկերին ցնցումը կլանելու առումով աննախադեպ դեր կատարելու խնդրանք է ներկայացվել՝ կենսական վարկավորում ապահովելով կորպորատիվ և տնային տնտեսությունների ոլորտի համար։

Քաղաքականություն մշակողները պետք է դիմակայեն գործող կանոնների թուլացմանն ուղղված ճնշմանը։ Հիմքում ընկած խնդիրները մեղմ վերահսկողությամբ չեն կարգավորվում, այլ միայն հիմնախնդիրները տեղափոխվում են ապագա։ Կանոններին վստահելիորեն հավատարիմ մնալու համար կարգավորողները կարող են սթրես թեստեր իրականացնել՝ թերկապիտալացված բանկերի բացահայտման համար։

Վճռականություն, արդարություն և հրապարակայնություն

Երրորդ՝ անհրաժեշտ է առաջնահերթություն տալ պարտքի բեռի մեղմացման և պարտքի վերադարձի սառեցումները (մորատորիում) ժամանակին և կանոնավոր դադարեցնելու ռազմավարությանը։ Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի երկրները Կովիդ-19-ի հարվածը ստանալուն պես անհապաղ ներդրեցին նման ծրագրեր, և լավ արդյունք ունեցան։ Սակայն նման ծրագրերի երկարաձգումը թաքնված ծախսեր է պարունակում։ Այն կարող է վարկառուների մարման կարգապահությունը թուլացնել և ընկերություններին, որոնք ճգնաժամից առաջ արդեն դժվարությունների էին բախվել, ապրելու թարմ հնարավորություն ընձեռել։

Միջոցառումներից ըստ փուլերի «երբ և ինչպես» հրաժարվելու հարցը պարզ պատասխան չունի։ Այնուամենայնիվ, պայմանները թույլ են տալուն պես դրանց դադարեցումն ընդհանուր սկզբունքը պետք է լինի։ Դա կարելի է աստիճանաբար անել՝ նեղացնելով աջակցություն ստանալու չափանիշները բավարարող վարկառուների շրջանակը, որպեսզի աջակցությունը տրամադրվի միայն կենսունակ ձեռնարկություններին։

Չորրորդ՝ կարիքի մեջ հայտնված, սակայն կենսունակ ընկերությունների վարկերը վերակառուցելու անհրաժեշտություն կառաջանա։ Ֆինանսական դժվարությունների մեջ հայտնված ընկերություննների առևտրային կենսունակության վերականգնումը ենթադրում է նրանց պարտավորությունների վերակառուցում՝ եկամտի ակնկալվող հոսքերին վճարման ժամանակացույցերի համապատասխանեցում։ Մյուս կողմից՝ ոչ կենսունակ վարկառուների վարկերի վերակառուցումը սոսկ անխուսափելի կորուստների հետաձգման կհանգեցնի։

Անորոշություն կլինի այն հարցի շուրջ, թե ով կարող է գոյատևել, ով՝ ոչ։ Անհրաժեշտ կլինի գնահատում կատարել՝ կորսված և կենսունակ օրինակները, ինչպես նաև դրանց միջև ընկած ցանկացած դեպքերը տարանջատելու համար։ Սա կօգնի թերի կատարողական դրսևորող ոլորտներից կապիտալի ազատմանը և ավելի դինամիկ ընկերությունների խթանմանը՝ տնտեսական նոր իմպուլսի առաջ մղման համար։

Մենք ապրում ենք դժվարին ժամանակներում, որոնք քաղաքականություն մշակելիս վճռականություն, արդարություն և հրապարակայնություն են պահանջում։ Սակայն մեծ անորոշության, խիստ անհանգստության և համապատասխան տեղեկատվության հասանելիության պակասի պայմաններում դյուրին չէ այդ սկզբունքներն իրագործելը։ Բարեբախտաբար մեր հայացքը կարող ենք ուղղել անցյալին՝ ապագայի համար դասեր քաղելու նպատակով։ Այժմ դրանք գործնականում կիրառելու ժամանակն է։