ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկը աջակցում է Հայաստանի տեղական տնտեսության աճի ու կենսամակարդակի բարելավմանը

դեկտեմբեր 22, 2015Õ©.


Հինգ մարզերի հայտնի զբոսաշրջային այցելավայրերում ենթակառուցվածքների նորոգման միջոցով

Վաշինգտոն, 22-ը դեկտեմբերի, 2015թ. – Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը այսօր հաստատեց 55 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկի տրամադրումը Հայաստանին` Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (ՏՏԵԶ) ծրագրի շրջանակում: Այն նպատակ ունի ենթակառուցվածքային ծառայությունների ու ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման միջոցով երկրի հինգ ընտրված մարզերում մեծացնել զբոսաշրջության մասնաբաժինը տեղական տնտեսության մեջ: Կայուն ու ինքնաբավ մոտեցումների հիման վրա զբոսաշրջային այցելավայրերի հարուստ ցանցի ձևավորմամբ՝ ՀՀ կառավարությունը ձգտում է բարելավել երկրի բնական ու մշակութային ժառանգության պահպանությունը՝ դրան զուգընթաց նաև խթանելով մարզերի տնտեսական կյանքը:

2014թ. Համաշխարհային բանկն օգնեց ՀՀ Կառավարությանը գնահատել տարածքային զարգացման անհամաչափություններն ու հնարավորությունները, ինչպես նաև երկրի հարավային միջանցքի համար մշակեց զբոսաշրջության ռազմավարություն: Վերլուծությունը, դիտարկելով յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունները, վերհանեց տարածքային զարգացման հնարավորությունները և մասնավոր հատվածում նկատելի աճ ունեցող ու աշխատատեղեր ստեղծող առավել մրցունակ ոլորտները՝ զբոսաշրջություն, ագրո-տուրիզմ և ագրոբիզնես, առանձնացրնելով քաղաքականությանն ու ներդրումներին առնչվող կարիքները: Այն նաև առաջարկում էր համալիր մոտեցում ցուցաբերել զբոսաշրջային միջանցքների ու շղթաների ձևավորման հարցում, բարելավելու ու առավել բազմազան դարձնելու Հայաստանի կողմից առաջարկվող զբոսաշրջային ապրանքները, ինչը կհանգեցնի տեղերում զբոսաշրջիկների ծախսվող միջոցների ավելացմանն ու կապահովի զբոսաշրջությամբ պայմանավորված տեղական տնտեսության առավել լիարժեք աճը:

«Ինչպես աշխարհի փորձն է ցույց տալիս, զբոսաշրջային ոլորտը ռազմավարական  մանրակրկիտ պլանավորման ու համեմատաբար համեստ պետական ներդրումների միջոցով կարող է դառնալ համայնքային օղակում տնտեսության զարգացման ու զբաղվածության մեծացման կարևորագույն աղբյուր, - ասում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին: - Ուզում եմ առանձնակի շեշտել, որ այս ծրագրի ամենաազդեցիկ կողմերից մեկն այն է, որ շահագրգռում է համայնքներին պահպանել ինքնատիպ հայկական մշակութային ժառանգությունը և թույլ է  տալիս տեղական տնտեսական զարգացման համատեքստում օգուտներ քաղել զբոսաշրջությունից »: 

Նախապատմական, հելլենիստական և վաղ քրիստոնեական ժամանակաշրջանների իր չորս հազարից ավելի պատմական հուշարձաններով, որոնցից երեքը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, Հայաստանը հաճախ հիշատակվում է որպես թանգարան բաց երկնքի տակ: Ծրագրիշահառուներ կլինեն ՀՀ հարավային երեք մարզեր (Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք) ու հյուսիսային երկու մարզեր (Կոտայք, Լոռի) այցելող զբոսաշրջիկները, տեղի բնակիչներն ու ձեռնարկությունները:

Ծրագրի ՝ «Մշակութային ժառանգության կենտրոնների աշխուժացում ու զբոսաշրջային շղթայի զարգացում» առաջին բաղադրիչով,  ֆինանսավորում կապահովվի հինավուրց Գորիս ու Մեղրի քաղաքներում և իրենց հարուստ մշակութային ժառանգությամբ առանձնացող Արենի, Տաթև ու Տանձատափ գյուղերում հանրային  ենթակառուցվածքների վերականգնումը, շենքերի ճակատային մասի, տանիքների կառուցումը, հասարակական վայրերի, թանգարանների ստեղծումը, ճանապարհները,  ջրամատակարարումն ու ջրահեռացումը, ինչպես նաև փողոցների լուսավորումը:

Այդ բաղադրիչի ներքո ֆինանսավորում կապահովվի նաև մշակութային արժեքների պահպանության հարցում համալիր մոտեցումների ձևավորման ու այցելավայրերի կառավարման պլանների բարելավման նպատակով, մասնավորապես մշակութային ու բնական ժառանգության առավել հայտնի վայրերում, որոնք Հայաստանի հիմնական զբոսաշրջային շղթայի կամ երթուղու մեջ են ներառված, դրանք են՝ Գառնին (տաճարն ու կիրճը), Գեղարդի վանքը, Դվինի թանգարանը, Խոր Վիրապի վանքը, Արենու շուկան և քարանձավը, Մոզրովի քարանձավը, Զորաց Քարերը (Քարահունջ), Խնձորեսկը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի երկու վանքերը՝ Հաղպատ և Սանահին:

«Զբոսաշրջության ոլորտում ու անբավարար զարգացած վայրերում ակնկալվող աճից զատ այս ծրագիրը հնարավորություն կտա մասնավոր ներդրումներ ներգրավել հանրային ենթակառուցվածքներում : Այն խթան կհանդիսանա, որ զբոսաշրջության և ագրոբիզնեսի ոլորտներում ներդրումներով հետաքրքրված և այդպիսի կարողություններ ունեցող մասնավոր ընկերությունները մասնակից դառնան հանրային ենթակառուցվածքների վերականգնմանը՝ երաշխավորելու իրենց ներդրումների կենսունակությունը»,- ասաց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Ահմեդ Էյվեյդան:

«Ինստիտուցիոնալ զարգացման» երկրորդ բաղադրիչը, միտված է ՀՀ զարգացման հիմնադրամի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության (որպես ծրագրային աշխատանքների համակարգման ու քաղաքականության հարցերով պատասխանատու), Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի (որպես իրականացնող կառույց) ինստիտուցիոնալ կարողությունների ու կատարողական արդյունքների մեծացմանը, որպեսզի զբոսաշրջությանն առնչվող հետևողական աշխատանքներ իրականացվեն տարբեր մակարդակներում:

Առաջին տարվա ներդրումների շրջանակում նախատեսվում են բազմաբնույթ աշխատանքներ Խոր Վիրապ այցելավայրում. Գառնու կիրճում, որտեղ կվերականգնվի 1,6 կմ ճանապարհ, որը Գառնու տաճարից տանում է դեպի Ազատ գետի կիրճում գտնվող Քարերի սիմֆոնիա կոչվող հուշարձանը. Զորաց Քարեր (Քարահունջ) այցելավայրում, որտեղ կբարելավվի հուշարձան տանող ճանապարհը: 

Ծրագրի ամբողջական ֆինանսավորումը կազմում է 68 միլիոն ԱՄՆ դոլար, որից 13 միլիոն ԱՄՆ դոլարը ներդրվում է ՀՀ կառավարության կողմից: Համաշխարհային բանկի կողմից հատկացվում է 55 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ ՎԶՄԲ-ից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 2,3 միլիարդ ԱՄՆ դոլար գումար:

Լրատվամիջոցների հետ կապը
Վաշինգտոնում՝
Մերիեմ Գրեյին
հեռ. : (202) 290-9611
mgray@worldbank.org
Երևանում՝
Վիգեն Սարգսյանին
հեռ. : (374 10) 520 - 992
vsargsyan@worldbank.org
Հեռարձակման առաջարկներով դիմել
Մեհրին Շեյխին
հեռ. : (202) 458-7336
msheikh1@worldbankgroup.org


Մամուլի հաղորդագրության համարը:
ECA073

Api
Api

Welcome