ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանին մրցունակության ու կայունության մեծացման հարցում

դեկտեմբեր 9, 2015Õ©.


զարգացման քաղաքականության ֆինանսավորման երրորդ գործառնությամբ խթանվող բարեփոխումների միջոցով

Վաշինգտոն, 9-ը դեկտեմբերի, 2015թ. – Համաշխարահային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը այսօր հաստատեց Հայաստանին Զարգացման քաղաքականության ֆինանսավորման երրորդ գործառնության (DPF-3) շրջանակում 50 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը, որը կաջակցի հարկաբյուջետային, սոցիալական ու բնապահպանական կայունության ու մրցունակության բարելավմանը միտված ընդգրկուն բարեփոխումներին: Սա նախատեսված  զարգացման քաղաքականության ֆինանսավորման չորս ծրագրերից երրորդն է, որը նպատակ ունի աջակցելու Հայաստանի կառավարությանն աշխատատեղերի ստեղծմանն ուղղված իր ռազմավարական նպատակի իրացման հարցում, ինչը հիմնական մարտահրավերն է երկրի զարգացման ճանապարհին:

Ծրագիրը ներառում է երկու բաղադրիչ: Առաջինը, հարկաբյուջետային տիրույթի ընդլայնումն է՝ բարելավելով հիմնական ոլորտների ֆինանսական ինքնաբավությունը, մեծացնելով սոցիալական պաշտպանության ծրագրերի նպատակայնությունը և ապահովելով սոցիալական ու բնապահպանական երաշխիքներ հանքարդյունաբերության ոլորտում, մի ոլորտ, որն ապահովում է Հայաստանի արտահանումների ավելի քան կեսը: Երկրորդը, ուղղված է գործարար միջավայրի ամրապնդմանը, առևտրի ու կապերի դյուրացմանն ու վարկային ռեսուրսների հասանելիության ապահովմանը:

«Ծրագիրը միտված է Հայաստանի մակրոտնտեսական կայունության և ճկունության ամրապնդմանը՝ առավել շեշտադրելով հիմնական ոլորտներում ֆինանսական ինքնաբավությունը և անորոշ արտաքին միջավայրի համատեքստում շարունակելով մրցունակության բարելավման ուղղությամբ ջանքերը, - ասում է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնորեն Լորա Բեյլին, - ծրագիրն աջակցում է այն բարեփոխումներին, որոնք առնչվում են բնակչության աղքատ խավի ու ստորին 40 տոկոսի շրջանում սոցիալական նպաստների բաշխմանը՝  պահպանելով պետական միջոցների ծավալներն ու կարգավորելով սոցիալական մյուս խնդիրները, ինչպես նաև մրցունակության ու գործարար միջավայրի բարելավման միջոցով մեծացնելով զբաղվածության հնարավորությունները»:

Ծրագիրն աջակցում է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող մի շարք բարեփոխումներին և դրանց շարքում մասնավորապես կարևորում է միասնական հարկային օրենսգրքի մշակումը՝ հարկման բազայի մեծացման, դրույքաչափերի ռացիոնալացման, հարկային քաղաքականության թափանցիկության բարելավման ու գործող օրենսդրության առկա բացերը շտկելու ճանապարհով: Նոր հարկային օրենսգիրքը կշտկի ոլորտի խրթին, ոչ համակարգված ու հաճախ հակասական դրույթները, որոնք խոչնդոտում են հարկային պարտականությունների կամավոր ու պարտաճանաչ կատարմանը, խաթարում են հարկման հորիզոնական արդարացիությունը, որոնք անորոշություններ են ստեղծում տնտեսավարողների ու ֆիզիկական անձանց համար:   

«Նոր Հարկային օրենսգիրքը նպատակ ունի մեծացնել ներքին եկամուտների մոբիլիզացումը և աջակցել երկարաժամկետ աճին ու պետական պարտքի, ինչպես նաև պակասուրդի կայուն մակարդակի ապահովմանը: Բանկը կշարունակի աշխատել իշխանությունների հետ՝ ամրապնդելու կարևորագույն սոցիալական ծախսերի ապահովումը ու ենթակառուցվածքները, երաշխավորելու համար հարկային բարեփոխումների վերաբաշխման ու արդարացիության սկսզբունքը: Վերջինը կարող է կարգավորվել պրոգրեսիվ հարկման, նպատակային արդյունավետության մեծացման և պետական ծախսումների նպատակայնության բարելավման միջոցով, ինչը սոցիալապես անապահով ու աղքատ խմբերի համար կբարելավի հիմանական ծառայությունները,» ասաց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Գոհար Գյուլումյանը:

Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինի նաև սոցիալական ծառայությունների մասին նոր օրենքի գործարկումը, որը նպատակ ունի ապահովել այդ ծառայությունների համալիր և համարկված մատուցումը: Թափոնների վերամշակման մասով իրավական դաշտում փոփոխությունների կատարումը թույլ կտա բարելավել հանքարդյունաբերական թափոնների մշակումը և նվազեցնել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Ծրագրի շրջանակում կլինեն նաև արդիականացման աշխատանքներ մաքսային ձևակերպումների ընթացակարգերում՝ փոստային ծառայությունների էլեկտրոնային առևտրի մասով, կներդրվի բիզնեսի ծանուցման սկզբունքը՝ վերանայելով լիցենզավորման ընթացիկ գործընթացը, ավիացիայի ոլորտում կբարելավվի իրավական ու ինստիտուցիոնալ դաշտը՝ մեծացնելով Հայաստանի կապն աշխարհի հետ, կմշակվի բանկերի նկատմամբ կոնսոլիդացված վերահսկողության իրավական ու կանոնակարգման դաշտը, ինչը կնպաստի ֆինանսական կայունությանն ու թափանցիկությանը, որն  էլ կմեծացնի ներդրողների վստահությունը:

Զարգացման քաղաքականության ֆինանսավորման երրորդ ծրագրով տրամադրվում է 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ ՎԶՄԲ-ից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 2,2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Լրատվամիջոցների հետ կապը
---ում Washington, DC
Meriem Gray
հեռ. : (202) 290-9611
mgray@worldbank.org
---ում Yerevan
Vigen Sargsyan
հեռ. : (374 10) 520 - 992
vsargsyan@worldbank.org

Մամուլի հաղորդագրության համարը:
2016/ECA/069

Api
Api

Welcome