ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի 50 կարիքավոր համայնքներ կօգտվեն ներդրումներից

փետրվար 14, 2012Õ©.




ՎԱՇԻՆԳՏՈՆ, 14 փետրվարի, 2012թ. Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 11 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկ «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ III» ծրագրի (ՀՍՆՀ III) երրորդ լրացուցիչ ֆինանսավորման համար: Լրացուցիչ ֆինանսավորմամբ հավելյալ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի կառավարության` անապահով և խոցելի խմբերի կենսամակարդակի բարելավմանն ուղղված ջանքերին` ենթակառուցվածքների աշխատատար նախագծերի ընդլայնման միջոցով` արձագանքելով տեղական համայնքների կենսական կարիքներին:

Ծրագիրը կենտրոնանում է «ենթակառուցվածքի բացերի» վրա` Հայաստանում միջնակարգ և հատուկ դպրոցների, մանկապարտեզների, մարզադահլիճների և խաղահրապարակների, առողջության առաջնային պահպանման բուժհիմնարկների, խմելու ջրի խողովակաշարերի և ջրահեռացման համակարգերի, մշակույթի և սոցիալական ծառայությունների համայնքային կենտրոնների, ոռոգման փոքր համակարգերի վերանորոգման և վերականգնման միջոցով: Այս առումով իրավիճակը հատկապես լուրջ է Հայաստանի գյուղական վայրերում, առավել ևս` հեռավոր և մեկուսացած համայնքներում և երկրաշարժի գոտում: Ծրագրի թիրախը տնտեսական ճգնաժամի հետևանքով առավել ազդակիր բնակչությունն է. լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի միջնաժամկետում հոգալ վերը նշված և այլ կարիքները:

«ՀՍՆՀ հիմնական ուժեղ կողմը տեղական համայնքներին` իրենց ներդրումային կարիքները վեր հանելու հնարավորություն ընձեռելու մոտեցումն է»,- ասաց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն պրն. Ասադ Ալամը: «Առաջարկվող ծրագիրն ուղղակիորեն կօժանդակի 50 գյուղական համայնքների: Ներկայիս միջավայրում խիստ անհրաժեշտ աշխատատեղեր ստեղծելուց զատ ծրագրի հաջողությունը պայմանավորված կլինի նաև նրանով, թե տեղական համայնքները որքանով կկարողանան պահպանել այս նոր ներդրումները»:

Մեկուկես տասնամյակ է, ինչ ՀՍՆՀ-ն բարեհաջող գործունեություն է ծավալում: Մինչ օրս ՀՍՆՀ III-ի շրջանակում ավարտին է հասցվել համայնքային ենթակառուցվածքների 233 միկրոծրագիր, ևս 27-ը գտնվում է իրականացման ընթացքում: Իրականացված միկրոծրագրերով ստեղծվել է ավելի քան 447,000 օր զբաղվածություն, իսկ կարճաժամկետ զբաղվածության համար վարձատրության եկամուտը կազմել է 7.23 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրով նաև ֆինանսավորվել է ողջ երկրում տարրական դպրոցների 802 դասասենյակների համար դպրոցական կահույքի ձեռքբերումը:

«ՀՍՆՀ միկրոծրագրերն անապահովների կարիքներին արձագանքելու և առավել աղքատ շրջաններում փոքրածավալ, աշխատատար համայնքային ենթակառուցվածքների ծրագրերին օժանդակելու և աշխատատեղեր ստեղծելու միջոցով հեռավոր ու մեկուսացած գյուղերում տնտեսական աճի խթանման արդյունավետ գործիք են»,- ասաց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար պրն. Ժան-Միշել Հապին:

Լրացուցիչ ֆինանսավորումը կօժանդակի ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարեկարգմանն ուղղված շուրջ 50 միկրոծրագրի իրականացմանը և կստեղծի մինչև 140,000 օրվա աշխատանքի կարճաժամկետ զբաղվածություն: Առաջարկվող ծրագրի շրջանակում շուրջ 20 դպրոց և մանկապարտեզ և 5 համայնքային կենտրոն կապահովվի կահույքով:

ՀՍՆՀ III ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ: Այն օժանդակում է համայնքային ներդրումներին Հայաստանի ամենաաղքատ համայնքներում փոքրածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման միջոցով: Նշված ներդրումները կատարվում են համայնքների կողմից առաջնորդվող զարգացման մոտեցման հիման վրա, որի համաձայն համայնքները պատասխանատու են իրենց սեփական առաջնահերթությունների բացահայտման, իրենց միկրոծրագրերի ֆինանսավորմանը մասնակցելու, մոնիտորինգի և իրականացմանն օժանդակելու և միկրոծրագրերի ավարտից հետո դրանց պահպանման համար:

ՀՍՆՀ III ծրագիրը նաև համայնքային ներդրումները լրացնում է տեղական մակարդակում ինստիտուցիոնալ հզորացման և կառավարումը, մոնիտորինգն ու գնահատումը կատարելագործելու համար կարողությունների ստեղծման միջոցով` համայնքային ներդրումների և ծառայությունների մատուցման որակի և կայունության բարելավելման, պատասխանատվության բարձրացման և տեղական մակարդակում շահագրգիռ կողմերի հնարավորությունների ընդլայնման նպատակով:

«Հզորացվում են համայնքների ավագանիների, դպրոցների խորհուրդների և միկրոծրագրեր իրականացնող մարմինների կարողությունները` իրենց ներդրումների արդյունավետ ծրագրավորման ու կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործընկերությունների ամրապնդման համար, որի արդյունքում մինչ օրս ուսուցում է ստացել համայնքների ավելի քան 4,700 անդամ»,- ասաց Համաշխարհային բանկի ծրագիրը նախագծող թիմի ղեկավարը պրն. Իվան Դրաբեկը: «Ավելին, Հայաստանի բոլոր մարզերից 105 համայնքների 515 ղեկավարների, ֆինանսիստների և ավագանու անդամների համար հաջողությամբ իրականացվել է համայնքային ֆինանսական կառավարման վերաբերյալ ուսուցում»:

Լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր գումարը 14.6 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 2.9 միլիոն ԱՄՆ դոլարը հատկացնելու է Հայաստանի կառավարությունը, իսկ 0.7 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրվելու է շահառու համայնքների կողմից: 11 միլիոն ԱՄՆ դոլար գումարով ՄԶԸ վարկի մարման ժամկետը 25 տարի է` ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետ:

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ՄԶԸ և ՎԶՄԲ ընդհանուր հանձնառությունները կազմում են 1, 517 միլիոն ԱՄՆ դոլար:

Լրատվամիջոցների հետ կապը
---ում Yerevan
Vigen Sargsyan
հեռ. : (374 10) 52 09 92
vsargsyan@worldbank.org
---ում Washington
Jonathan Daly
հեռ. : (202) 123-4567
jdaly@worldbank.org

Մամուլի հաղորդագրության համարը:
2012/267/ECA

Api
Api

Welcome