Կլիմայի և աղետների աճող ռիսկ
Տարերային աղետների ազդեցությունները 2017 թ. դրսևորեցին կտրուկ աճի միտում, ընդ որում՝ համաշխարհային մասշտաբով տնտեսական կորուստները 300 միլիարդ դոլարից ավել են գնահատվում՝ կազմելով 2016 թ. ցուցանիշի կրկնապատիկից ավելին: Նմանօրինակ հետընթացը կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի նման բարձր ռիսկի ենթարկված երկրների համար, որը ոչ միայն խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների, այլ նաև այնպիսի երկրաբանական վտանգների նկատմամբ, ինչպիսիք են օրինակ՝ խոշոր սեյսմիկ ռիսկերը:
Վերջին մի քանի տասնամյակներում այնպիսի նպաստող գործոններ, ինչպիսիք են ուրբանիզացումը և փոփոխվող կլիմայական պայմանները, քառապատկել են նշված տնտեսական կորուստները՝ վտանգելով երկրի կայուն սոցիալ-տնտեսական առաջընթացը: Գյուղատնտեսության ճյուղում աշխատող՝ Հայաստանի աշխատուժի գրեթե 35 տոկոսի համար, օրինակ, եղանակային ծայրահեղ դրսևորումների խստության և հաճախականության բարձրացումը կարող է ապրուստի միջոցներն ապակայունացնել և հազարավոր մարդկանց մղել աղքատության:
Նման ռիսկերն արդեն իսկ բացասաբար են անդրադառնում երկրի՝ զարգացման շնորհիվ դժվարությամբ նվաճած ձեռքբերումների վրա: 1994 – 2014 թթ. Հայաստանը 1.5 միլիարդ դոլարից զգալի ավելի մեծ կորուստ է կրել այնպիսի վտանգավոր բնական երևույթների հետևանքով, ինչպիսիք են ջրհեղեղները, երկրաշարժերը և երաշտները՝ խոչընդոտելով զարգացման հիմնական ջանքերը: Նման աղետներին Հայաստանի դիմակայունությունը ամրապնդելու համար՝ Կառավարությունը և Համաշխարհային բանկը համատեղ աշխատում են աղետների ռիսկի վերաբերյալ տեղեկությունների բարելավման, ռիսկի նվազեցումը բարելավելու, պատրաստվածությունն ուժեղացնելու և աղետների հարկաբյուջետային ռիսկերի ըմբռնումը բարելավելու ուղղությամբ:
Ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության բացահայտումը՝ զարգացման ձեռքբերումները պաշտպանելու համար
Աղետների հարկաբյուջետային ազդեցություններն ըմբռնելու հարցում Կառավարությանն օգնելուն ուղղված առաջին քայլով՝ Համաշխարհային բանկի և Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ կառույցի (GFDRR) օգնությամբ մշակվեց աղետների ռիսկի ֆինանսավորման վերաբերյալ երկրի մասին զեկույց: Զեկույցը կօգտագործվի աղետներին արձագանքը ֆինանսավորելու համար Հայաստանում օգտագործվող առկա գործիքների գույքագրման նպատակով. նրանում ներկայացվում են աղետների ռիսկի ֆինանսավորման և ապահովագրության քաղաքականության տարբերակներ:
Նոր զեկույցը հենվում է աղետների վնասի և կորստի տվյալների համախմբի վրա, որը հավաքվել է աղետների ազդեցության վերաբերյալ առկա գլոբալ տվյալներից և ընտրված տեղական հաշվետվություններից՝ ի լրումն Համաշխարհային բանկի կողմից տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում մշակված՝ երկրաշարժի ռիսկի նկարագրի: Վերլուծությամբ ֆինանսավորման զգալի ճեղք է հայտնաբերվել ինչպես կրկնվող, այնպես էլ խոշորամասշտաբ աղետների դեպքում և մի քանի ուղիներ են առաջարկվել, այդ թվում՝ պայմանական վարկավորման տարբերակներ և տարերային աղետների պահուստային ֆոնդի ստեղծում՝ իր ֆինանսական պաշտպանությունը ամրապնդելու հարցում երկրին օգնելու համար:
Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերությունն ընդգրկում է նաև թիրախավորված ներդրումներ եղանակային տեղեկատվության բարելավման ուղղությամբ: Հաշվի առնելով, որ Հայաստանում տարերային աղետներից առաջացող կորուստների 90 տոկոսը կապված է եղանակային խիստ երևույթների հետ, հիդրոօդերևութաբանական ծառայությունները, օրինակ՝ վաղ ահազանգման համակարգերը, իրական ժամանակում եղանակային տեղեկատվությունը և կլիմայական տվյալների բարելավումը՝ աղետներին դիմակայունության անկյունաքարն են:
Բանկը և կառավարությունը ձեռնարկել են երկրի հիդրոօդերևութաբանական և կանխատեսման կարիքների մասնագիտական ուսումնասիրություն՝ պատրաստվածության ընթացքն արագացնելու և երկրի եղանակային, ջրային և կլիմայական ծառայությունները բարելավելու համար: Այդպիսի ծառայությունների միջոցով ստացվող արժեքավոր տվյալներն ուղեցույց կդառնան աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ հիմնական ներդրումների համար, կբարելավեն որոշումների կայացումը և արձագանքման ժամանակը ազդակիր համայնքների համար և կօգնեն խթանել արտադրությունը գյուղատնտեսությունում՝ երկրի առաջնային ճյուղում:
Ծայրահեղ եղանակային երևույթների ռիսկի նվազեցման միջոցառումների հետ մեկտեղ, վերջերս ազգային մակարդակով իրականացվել է սեյսմիկ վտանգի խորը գնահատում՝ կառավարությանը ողջ երկրի սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ համապարփակ պատկերացում տալու համար: Նշված կարևոր ջանքի շրջանակում արդի վերլուծական մեթոդները միախառնվում են գերժամանակակից սեյսմիկ հետազոտությունների հետ՝ Հայաստանի սեյսմիկ գոտիավորման քարտեզները կատարելագործելու համար, օգտագործելով երկրաբանական վտանգների արդի սցենարներ:
Ապագային միտված այս նախաձեռնությունը, որը միավորեց սեյսմիկ ռիսկի այնպիսի առաջատար կառույցների, ինչպիսիք են՝ AIR Worldwide-ը, «Երկրաշարժի գլոբալ մոդել» հիմնադրամը (Global Earthquake Model Foundation) (GEM) և այլ մասնագիտական գործակալությունները, կարող են ուղղորդել Համաշխարհային բանկի և զարգացման գործընկերների ապագա ծրագրերը, իսկ ստացված արդյունքներով ակնկալվում է տեղեկատվության տրամադրում ազգային շինարարական նորմերի վերանայման համար՝ ապահովելով կառուցապատման ավելի դիմակայուն միջավայր և ավելի անվտանգ ենթակառուցվածք:
«Հայաստանն այսօր տարածաշրջանում ունի հեռահար սեյսմիկ վտանգի և ընդհանուր սեյսմիկ գոտիավորման ամենաարդիական քարտեզները, որոնք մշակվել են բարձր որակավորմամբ միջազգային Կոնսորցիումի և տեղական միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից»,- ասում է արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Հրաչյա Պետրոսյանը: «Աշխատանքը գրեթե երկու տարի է տևել՝ Համաշխարհային բանկի ֆինանսական և տեխնիկական փորձագիտական աջակցությամբ: Այս երկարաժամկետ գնահատմամբ կայուն զարգացում կապահովվի խիստ երկրաշարժավտանգ երկրի համար, իսկ սեյսմիկ գոտիավորման նոր քարտեզները հիմք կծառայեն շինարարական նորմերի և հողօգտագործման ստանդարտների, ինչպես նաև տարհանման ուղիների բարելավման համար»:
Կառավարությունը նաև ընդլայնում է կրթական վթարային ենթակառուցվածքի ամրացման աշխատանքը՝ երկրաշարժերի և սողանքների վտանգից աշակերտներին ավելի լավ պաշտպանելու համար: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) երկրում առանձնացրել է 130-ից ավելի սողանքավտանգ վայրեր, իսկ Համաշխարհային բանկի և GFDRR-ի ղեկավարությամբ իրականացված խորը ուսումնասիրությամբ բացահայտվել է, որ երկրի դպրոցների 90 տոկոսից ավելին կառուցվել է նախքան առաջին սեյսմիկ նորմերի ներդրումը (1994 թ.-ին)՝ հավանական վտանգի ենթարկելով ողջ Հայաստանի ավելի քան 400 000 աշակերտների կյանքը և կրթությունը: