ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդյունավետ ու թափանցիկ ֆինանսական հաշվետվությունները լավ են տնտեսավարողների համար

հոկտեմբեր 1, 2013Õ©.


Image


Ներկայիս տնտեսական պայմաններում Եվրոպայի բազմաթիվ երկրներ կանգնած են կրկնակի մարտահրավերների առաջ. երկրի փխրուն տնտեսության աճի խթանում և, միաժամանակ, հարկաբյուջետային կարգապահության ապահովում: Տևական անկումը և աճի վերականգնման դանդաղ ընթացքը հեռահար հետևանքներ են ունեցել ոչ միայն զբաղվածության հարցում, այլ նաև մրցունակության ու տարածաշրջանում ձեռներեցության հարցում: Թե մեծ, թե փոքր ձեռնարկությունները մրցակցում են վարկերի ու կապիտալի համար, մինչդեռ բանկերն ու մյուս ֆինանսական հաստատությունները ներկայումս շատ ավելի զգուշավոր են իրենց ներդրումային որոշումները կայացնելիս: Այս պայմաններում, ձեռնարկությունների համար առավել կարևորվում է ֆինանսապես թափանցիկ լինելը, իսկ կառավարությունների համար կարևորվում է ամուր կանոնակարգիչ դաշտի ձևավորումը՝ կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների համար: 

Հաշվի առնելով սուղ ֆինանսական միջոցները՝ բարձր եկամտաբերություն ապահովելու համար ներդրումների հասցեականությունը պետք է առավել ևս արդյունավետ դարձնել: Ֆինանսական թափանցիկությունը կօգնի տնտեսավարողներին ներգրավել նման ներդրումներ, որոնք հատկապես կարևոր են փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ների) համար, որոնք հաճախ չեն կարող ապահովել բանկերի կողմից պահանջվող գրավները:  Լավ հեռանկարներ ու ֆինանսական հաշվետվությունների արդյունավետ գործելակերպ ունեցող ընկերությունների համար, որոնք չեն կարող ապահովել բանկերի կողմից պահանջվող գրավը, վարկ ստանալու հավանականությունն ավելի մեծ է, քանի որ բանկերն ունեն ավելի շատ տեղեկատվություն, որը հիմք կծառայի վարկային որոշում կայացնելու համար և կնվազեցնի մեծ գրավ պահանջելու անհրաժեշտությունը: Ուստի, ներդրումների ու բիզնես գործունեության համար էապես կարևորվում է կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների արդյունավետ համակարգի ապահովումը երկրում:

Կորպորատիվ ֆինանսական թափանցիկությունը պետք է նաև ազգային սահմաններից այն կողմ տարածվի: Ինչպես ցույց տվեց ֆինանսական ճգնաժամը, տնտեսությունները դարձել են առավել քան երբևէ փոխկապակցված ու փոխադարձաբար մեկը մյուսից կախված, ավելացել են կարևոր տարածաշրջանային արտադրական ցանցերը և ներտարածաշրջանային առևտրի ծավալները: Արևելյան Եվրոպայում ու Եվրասիայում շատ երկրներ ձգտում են առավել սերտ տնտեսական կապեր ձևավորել Եվրամիության (ԵՄ) հետ՝ նպատակ ունենալով օգուտներ քաղել Արևմտյան Եվրոպայի շուկաներ ու ցանցեր մուտք գործելուց:

Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում ներառված այն վեց երկրներն  են, որոնք աշխատում են ԵՄ-ի հետ տնտեսական կապերը մեծացնելու ուղղությամբ: Այդ կապերից առավելագույն օգուտ ստանալու համար այս երկրները պետք է առաջ ընթանան դեպի կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների ընդհանուր շրջանակի ձևավորում, որը նախատեսվում է ԵՄ օրենքների ու կանոնակարգերի համակարգի կամ acquis communautaire ներքո: 1990-ականներին ձեռնամուխ լինելով կարևոր բարեփոխումների, որն օժանդակվում էր զարգացման միջազգային կառույցների կողմից, Արևելյան գործընկերության պետություններն այս ուղղությամբ որոշ առաջընթաց արձանագրել են, սակայն անելիք դեռ շատ կա:

2004թ. սկսած Համաշխարհային բանկը դիտարկել է Արևելյան գործընկերության երկրների հաշվապահական հաշվառման ու ֆինանսական հաշվետվությունների ստանդարտներն ու պրակտիկան՝ աջակցելու իրավասու պետական կառույցներին ու հիմնական շահագրգիռ կողմերին կորպորատիվ հաշվետվությունների կատարելագործման ուղղությամբ հայեցակարգային առաջարկների մշակման հարցում: Թեպետ հաշվապահական մասնագիտության կայացման ուղղությամբ առաջընթացն անուրանալի է,  սակայն Արևելյան գործընկերության պետությունները դեռ դժվարություններ ունեն համարժեք ինստիտուցիոնալ դաշտի և ֆինանսական հաշվետվությունների կուռ պրակտիկայի պահպանման համար բավարար կարողությունների ձևավորման հարցում:

 

Համաշխարհային բանկի նոր «Աուդիտի և հաշվետվությունների կատարելագործումը Արևելյան գործընկերության երկրներում» (STAREP) ծրագիրը նպատակ ունի այս հարցում օժանդակել Արևելյան գործընկերության երկրներին՝ օգնելու ձևավորել հաշվապահական հաշվառման ու աուդիտի արդյունավետ ու կայուն շրջանակ, որը համահունչ է միջազգային ստանդարտներին և հաշվի է առնում ԵՄ օրենքների ու կանոնակարգերի համակարգով առաջ քաշվող պահանջները: STAREP ծրագրով օժանդակություն է ցուցաբերվում շահագրգիռ կողմերի ընդգրկուն մի շրջանակի՝ ֆինանսների նախարարություններ, հաշվապահական հաշվառման մասնագիտություն, ֆինանսական կարգավորողներ, բուհերի հաշվապահության դասախոսներ: Ծրագրի ուշադրության կենտրոնում հաշվապահական կրթության համակարգի կատարելագործումն է, կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների ինստիտուցիոնալ դաշտի բարելավումը, ԵՄպահանջներին համապատասխան  ստանդարտների ընդունումը խրախուսելը, առավել սերտ միջազգային կապերի ձևավորումն ու հիմնական հաստատությունների լավագույն փորձի փոխանակումը:

STAREP-ի հիմքում հավասարը հավասարից սովորելու մոդելն է, որով քաղաքականություն մշակողները ու ոլորտի պրակտիկ աշխատողները մեկտեղում են իրենց ջանքերը մասնագիտական կրթության ապահովման, կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսական կարգավորման ասպարեզներում՝ մասնակից երկրներին հնարավորություն տալով սովորել բարեփոխումների հարցում մյուսների ունեցած փորձից ու խուսափել հնարավոր դժվարություններից:

--------------------------------------------------

Համաշխարհային բանկի Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնը (CFRR) գտնվում է Վիեննայում (Ավստրիա) և պատասխանատու է կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների ոլորտում Համաշխարհային բանկի կողմից Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրականացվող աշխատանքների համար: Կենտրոնն ապահովում է գիտելիքա-խորհրդատվական ծառայություններ և աջակցում է կարողությունների ձևավորման հարցում: Ծառայությունները ներառում են  վերլուծություններ և խորհրդատվություն, ուսուցում և հմտությունների զարգացում, գիտելիքի ու փորձի փոխանցում, տեխնիկական օժանդակություն և ինստիտուցիոնալ հզորացում: 


Api
Api