Skip to Main Navigation
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐապրիլ 17, 2025Õ©.

Հայաստանը կստեղծի աշխատատեղեր, կներգրավի մասնավոր ներդրումներ ավելի ուժեղ տեղական զբոսաշրջային ենթակառուցվածքի միջոցով

ՎԱՇԻՆԳՏՈՆ, Ապրիլ 17, 2025 — Համաշխարհային բանկի խմբի Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 100 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր, որի նպատակն է բարելավել դիմակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և բարձրացնել զբոսաշրջության դերը Հայաստանի տնտեսության մեջ։ Ծրագիրը կստեղծի աշխատատեղեր, կներգրավի մասնավոր ներդրումներ և օգուտներ կբերի առաջնահերթության կարգով ընտրված յոթ համայնքների բնակիչներին և այցելուներին։

Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների ծրագիրը նպատակ ունի հասցեագրել Հայաստանի զբոսաշրջության ոլորտում առկա հիմնական սահմանափակումները:

Ակնկալվում է, որ ծրագիրն ամեն տարի կունենա ավելի քան 1 միլիոն շահառու, ներառյալ բնակիչներն ու այցելուները՝ շնորհիվ բարելավված ճանապարհների և քաղաքային ենթակառուցվածքի ընդլայնված հասանելիության, ինչպես նաև ընտրված վայրերում առավել զարգացած զբոսաշրջային փորձառության։

Ծրագիրը կօգնի առավելագույնի հասցնել մայրաքաղաքից դուրս գտնվող զբոսաշրջային գոտիների տնտեսական և աշխատատեղերի ստեղծման ներուժը: Սա հնարավոր  կլինի իրականություն դարձնել, խթանելով զբոսաշրջային այնպիսի փորձառություններ, որոնք ավելի կայուն և երկարաժամկետ եկամուտներ են ապահովում,  ինչպես նաև զբոսաշրջության արժեշղթայում բիզնեսի և մասնագիտական ​​հմտությունների կատարելագործման միջոցով։

Այս ջանքերը կնպաստեն նաև բնակիչների կյանքի որակի բարձրացմանը և թիրախային շրջաններում տնտեսական ակտիվության բարձրացմանը:

 «Բարելավելով  ենթակառուցվածքները և խրախուսելով կայուն զբոսաշրջությունը՝ այս ծրագիրը ոչ միայն հիմնական ուղղությունները կդարձնի ավելի գրավիչ, այլև կօգնի ստեղծել աշխատատեղեր և խթանել տեղական տնտեսական աճը», - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: «Ծրագիրը համահունչ է Հայաստանի համար առաջիկա հինգ տարիների Համաշխարհային բանկի «Երկրի գործընկերության շրջանակին», որն ուղղված է արտահանման և բիզնեսի մրցունակության բարձրացմանը, մարդկանց կարողությունների և տնտեսությանը մասնակցելու հնարավորությունների ամրապնդմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների ավելի լավ ու երկարաժամկետ կառավարման ապահովմանը»։

Ծրագիրը նաև կուժեղացնի զբոսաշրջության ոլորտում ներգրավված հաստատությունների կարողությունները, կխթանի մասնավոր հատվածի մասնակցությունը և կնպաստի աղետների նկատմամբ դիմակայունությունը յոթ զբոսաշրջային գոտիներում՝ Արենիում, Դիլիջանում, Դվինում, Գորիսում, Գյումրիում, Ջերմուկում և Եղեգիսում։Նախագիծը հիմնված է աղետների ռիսկի սկրինինգի վրա՝ Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ կառույցի «Քաղաքների դիմադրողականության» ծրագրի աջակցությամբ։

Համաշխարհային բանկը հավատարիմ է իր որոշմանը՝ աջակցելու Հայաստանին աղքատության կրճատման և ավելի բարեկեցիկ ու դիմակայուն ապագա ստեղծելու զարգացման ճանապարհին: 1992 թվականին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել, այդ թվում մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլարի ընթացիկ ներդրումային պորտֆելը, ներառյալ ներդրումային վարկավորումը, դրամաշնորհների տրամադրումը, վերլուծական աշխատանքն ու տեխնիկական աջակցությունը: Հայաստանն աջակցություն է ստացել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր երկիր դարձավ 2023 թվականին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից:

Այս մամուլի հաղորդագրությունը թարմացվել է 2025 թվականի ապրիլի 29-ին՝ ներառելով նախագծի թարմացված վերնագիրը և աղետների ռիսկի սկրինինգի և Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ կառույցի «Քաղաքային դիմադրողականության» ծրագրի կողմից տրամադրվող աջակցության մասին տեղեկատվությունը։

Մամուլի հաղորդագրության համարը: 2025/ECA/092

Կապ

Վաշինգտոն ԴիՍի-ում՝
Քրիստեֆեր Ուալշ,
+1 (202) 473-4594
Երևանում՝
Հասմիկ Սողոմոնյան,
+374 91291300

Blogs

    loader image

WHAT'S NEW

    loader image