ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկի փոխնախագահ Լոռա Թաքն ավարտեց եռօրյա այցը Հայաստան

նոյեմբեր 12, 2014Õ©.


Երևան, նոյեմբերի 12, 2014 թվական –  2013թ. սեպտեմբերին պաշտոնը ստանձնելուց հետո Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լոռա Թաքն ավարտեց իր առաջին պաշտոնական այցը Հայաստան: Նոյեմբերի 9-ից 11-ի եռօրյա այցի ընթացքում տիկին Թաքը ընդգծեց, որ Համաշխարհային բանկը կշարունակի աջակցությունը երկրում տնտեսական աճի, մրցակցության և գործարար միջավայրի բարելավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և պետական ծառայությունների մատուցման կատարելագործմանը միտված  սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին:  

Այցի շրջանակներում տիկին Թաքը հանդիպումներ ունեցավ Հայաստանի Հանրապետոթյան նախագահի և վարչապետի, ինչպես նաև տնտեսության առանցքային ճյուղերի նախարարների հետ, քննարկումներ անցկացրեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և զարգացման գծով գործընկերների հետ: Բանկի փոխնախագահը նաև այցելեց Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: 

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Թաքի հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Հայաստանի տնտեսական հեռանկարները, տեսակետներ փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների և դրանց հնարավոր հեռանկարների վերաբերյալ: Տիկին Թաքն ընդգծեց, որ Համաշխարհային բանկը քաջատեղյակ է Հայաստանի առջև ծառացած խնդիրներին և հավատարիմ է երկրի հետ բազմակողմանի համագործակցության և աջակցության ընդլայնման սկզբունքին:     

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանային փոխնախագահը հաստատեց, որ Համաշխարհային բանկը մեծապես շահագրգռված է օժանդակելու պետական կառավարման և մրցակցության բարելավման գծով Հայաստանի կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգի մշակմանը և իրականացմանը, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտներում զարգացման ծրագրերի իրականացմանը ուղղված հետագա ջանքերին: 

«Իսկապես հուսադրող է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական և առևտրային համապարփակ կապերի խորացման քաղաքականությունը», նշեց Լոռա Թաքը: «Մենք պատրաստակամ ենք օժանդակելու  այդ գործնական ջանքերին, շարունակելով բարեփոխումների քաղաքականության օրակարգի շուրջ երկխոսությունը, քաղաքականության գծով կառավարության արդյունավետ  որոշումների կայացմանը աջակցելու նպատակով վերլուծական աշխատանքների իրականացմանը, համըդհանուր արդյունքի ապահովմանը միտված Համաշխարհային բանկի և ՄՖԿ-ի ջանքերի համախմբման միջոցով»:

Այցի շրջանակներում տիկին Թաքն այցելեց Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և քաղաքականության բարեփոխումների աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրեր: Համագործակցության արդյունքում Վրաստանի հետ սահմանին գտնվող Բագրատաշենի մաքսային կետում ստեղծվել են հիմնական ենթակառուցվածքներ, գլխավոր կառույցը վերափոխվել է ժամանակակից, տեխնիկապես և տեխնոլոգիապես հագեցված, գործարքների հեռավար մոնիթորինգն ապահովող բարձրակարգ մաքսակետի:

Տարաշածրջանային փոխնախագահը նաև այցելեց Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բժշկական կենտրոն, որտեղ Համաշխարային բանկի օժանդակությամբ իրականացվել է կապիտալ վերանորոգում, մասնավորապես Առողջապահության համակարգի արդիականցման և սոցիալական ներդրումների հիմնադրամի շրջանակներում  մատակարարվել են ժամանակակից սարքավորումներ և ներդրվել նոր տեխնոլոգիաներ: Նա բժշկների և բուժքույրերի հետ քննարկեց կենտրոնի արդյունավետ պահպանման համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև առիթ ունեցավ շփվելու հիվանդների հետ:  

Փոխնախագահի հետ հանդիպման ընթացքում քաղաքացիական հասարակության մի շարք առանցքային կազմակերպությունների ներկայացուցիչներ անկաշկանդ մթնոլորտում ներկայացրեցին իրենց տեսակետները կառավարման, կրթության, շրջակա միջավայրի, գենդերային եւ հաշմանդամների իրավահավասարության հարցերի վերաբերյալ: Տիկին Լոռա Թաքը իր երախտագիտությունը հայտնեց նրանց Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցության համար, ընդգծելով, որ Բանկը ակնկալում է հասարական կազմակերպությունների ներգրավվածության հետագա ընդլայնումը ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագրերում: 

«Մենք շարունակելու ենք համագործակցությունը Հայաստանի հետ, զարգացնելով մեր ամուր գործընկերությունը, որպեսզի երկիրը հաղթահարի Հայաստանի զարգացման ռազմավարությունում ներկայացված մարդահրավերները», ասաց Լոռա Թաքը:  «Համաշխարհային բանկը մտադիր է աջակցել Հայաստանին՝ բարելավելով երկրի մրցունակությունը նոր աշխատատեղերի ստեղծման շնորհիվ, ուշադրություն դարձնել ինչպես քաղաքի, անպես էլ գյուղի բնակչության առաջնային կարիքներին, խթանելով թափանցիկությունը, հավասարությունը և սոցիալական ներառվածությունը»:

Տիկին Թաքը տեղում ականատես եղավ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում նախակրթական հաստատության կառուցման շնորհիվ կրթության որակի և համապատասխանության բարելավմանը միտված ջանքերի անմիջական արդյունքներին, ինչպես նաև Երևանի Ավան համայնքի սոցիալական պաշտպանության համալիր կենտրոնում սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը:

Նա նաև այցելեց Արաբկիրի շրջանի Հարկ վճարողների սպասարկման կենտրոն, որի կառուցմանը Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի շրջանակներում օժանդակել է Բանկը: Ներկայումս Կենտրոնում գործում են ավելի քան 13 հազար հարկ վճարողների սպասարկող էլեկտրոնային հայտարարգրման և այլ առցանց ծառայությունների մատուցման տերմինալներ:

Պետական ճարտարագիտական համալսարանում տիկին Թաքն այցելեց նորարարության  աջակցության գծով զանազան ծառայություններ մատուցող «Նորարարությունների լաբորատորիա», որտեղ տեղական և տարածաշրջանային ըկերությունների և փորձագետների համատեղ ջանքերով մշակվում են տեղայնացված կիրառական ծրագրեր: Այցի ընթացքում նա հանդիպեց բազմաթիվ երիտասարդ ծրագրողների հետ, որի ընթացքում դրվատանքի խոսքերով առանձնացրեց շարժական ծրագրերի մշակման հարցում նրանց կողմից ցուցաբերվող եռանդի և ստեղծագործական ավյունի կապակցությամբ: 

 

Տիկին Թաքը նաև հնարավորություն ունեցավ ծանոթանալու Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էներգաարդյունավետության բարելավման արդյունքերին: Փոխնախագահը նշեց, որ էներգետիկ արդյունավետությունը շահավետ է բոլորի համար և լավագույն միջոցն է Հայաստանում աճող էներգետիկ պահանջարկի բավարարման համար: Նա նաև ընդգծեց  տնտեսության այլ ոլորտներում էներգետիկ արդյունավետության բարելավման կարևորությունը:

Տիկին Թաքը տպավորված էր Ձորաղբյուրում «Նոյան» ընկերության («Եվրոթերմ») գործունեության արդյունքներով, որտեղ նաև ՄՖԿ-ի կողմից իրականացված ներդրման շնորհիվ գործում է հարյուրավոր տեղական ֆերմերների և ՓՄՁ-ների հետ ամուր կապեր հաստատած մրգի հյութի, խտանյութի և պահածոների արտադրության գծով Հայաստանի առաջատար  ընկերություններից մեկը:

Հայաստանում Համաշխարհային բանկի 17 ակտիվ ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 517.7 մլն դոլար: Այն բաղկացած է 200 միլիոն ԱՄՆ դոլար Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) վարկերից, 316 միլիոն ԱՄՆ դոլար Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) վարկերից, ինչպես նաև նեևառում է 1.8 մլն ԱՄՆ դոլար Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) միջոցներից:

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցության արդյունքում Հայաստանի ընդհանուր պարտավորությունրը ՄԶԸ-ին եւ ՎԶՄԲ-ին կազմում է 2,036,73 միլիոն ԱՄՆ դոլար: 



Լրատվամիջոցների հետ կապը
Երևանում՝
Վիգեն Սարգսյան
հեռ. : (374 10) 520 - 992
vsargsyan@worldbank.org
Վաշինգտոնում՝
Ելենա Կարաբան
հեռ. : +1-202-473-9277
ekaraban@worldbank.org


Մամուլի հաղորդագրության համարը:
2015/182/ECA

Api
Api