ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում աշխատատեղերի ստեղծման համար Համաշխարհային բանկն աճի այլ մոդելի անհրաժեշտություն է տեսնում

նոյեմբեր 26, 2013Õ©.



ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի, 2013թ. – Աշխատատեղերի ստեղծման մարտահրավերը Հայաստանում լուծելու համար անհրաժեշտ է աճի մեկ այլ մոդել, որը կտարբերվի համաշխարհային ճգնաժամից առաջ գործող տարբերակից: Հենց սա էր այսօր Երևանում ներկայացված Համաշխարհային բանկի «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» նոր զեկույցի առանցքային դրույթը:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ հինգ տարի շարունակ գրանցված տնտեսական վերելքը չլուծեց զբաղվածության խնդիրը Հայաստանում: Այդ վերելքը պայմանավորված էր շինարարության ոլորտում օտարերկրյա ֆինանսավորման ներհոսքով, ինչի արդյունքում տնտեսությունը դարձավ խոցելի արտաքին ցնցումների նկատմամբ: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամին զուգընթաց գործազրկությունն աճեց և այժմ էլ աշխատուժի 18 տոկոսը գործազուրկ է, ինչը տարածաշրջանային միջինից անհամեմատ բարձր է: «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» զեկույցի հեղինակներն առանձնացնում են ինքնաբավ աճի ու աշխատատեղերի ստեղծման չորս կարևորագույն տարրեր:

Առաջինը՝ աճին թափ կհաղորդեն ավելի մեծ ներդրումները և ֆինանսական միջնորդության բարելավումը՝ խնայողություններ ունեցողների ու ներդրողների համար: Զեկույցն առաջարկում է զարգացնել ՓՄՁ կարողությունները վարկերի ստացման մասով, բարելավել գրավի հաշվառումը, խթանել միկրոֆինանսավորումը, ընդլայնել ծառայությունները (օրինակ՝ հեդջինգային, ֆակտորինգային, լիզինգային ծառայությունները) և մեծացնել իրազեկվածության աստիճանն այս ֆինանսական գործիքների վերաբերյալ:

Երկրորդը՝ զբաղվածությանը թափ հաղորդելու համար էական է մասնավոր հատվածում աշխատատեղերի ձևավորումն ու աշխատողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարելավումը: Բարձր գործազրկության և աշխատուժի մասնակցության ցածր ցուցանիշները միասին հանգեցնում են բնակչության շրջանում զբաղվածության տեսակարար այնպիսի կշռի, որը ավելի ցածր է, քան Եվրոպական շատ երկրների ցուցանիշը: Գործարար միջավայրի բարեփոխումների ու մրցակցության ապահովման միջոցով արդյունավետ գործող ավելի շատ ընկերությունների մուտքը շուկա թույլ տալու միջոցով կստեղծվեն նոր, լավ վարձատրվող աշխատատեղեր: Մասնագիտական կրթության առարկայական ծրագրերի բարելավումը, որակի ապահովման մեխանիզմների միջոցով գործատուների գործուն ներգրավմամբ,  թափ կհաղորդի աշխատատեղերի ստեղծմանը: Աշխատանքին զուգընթաց ուսուցման հնարավորությունների ձևավորումն էլ կնպաստի աշխատողների հարմարվողականությանը՝ դրանով իսկ ընկերություններին դարձնելով ավելի կենսունակ:

«Զբաղվածության խնդրի կարգավորումը բազմավեկտոր մոտեցում է պահանջում, - ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին, - բացի այդ,  ինստիտուցիոնալ բացերն ու մասնագիտական պատրաստվածության պակասը հաղթահարելու մեկ այլ ճանապարհ է հայկական սփյուռքը, քանզի արտաքին միջավայրում ձեռք բերած գիտելիքներով ու հայրենի երկրի առանձնահատկություններին տիրապետելով, սփյուռքի ներկայացուցիչները լավագույնս կարող են վերհանել, թե ինչ հնարավորություններ կան Հայաստանում»:

Երրորդը՝ ապրանքների ու ծառայությունների շուկայում մրցակցային ճնշումների մեծացումը նորարարություններ կատարելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու ու առավել արդյունավետ գործելու խթան կհանդիսանա ընկերությունների համար: Ուստի, տնտեսության դինամիկ զարգացման համար մրցակցությունը կարևորագույն գործոն է: Մրցակցությանը միտված բարեփոխումներն ու հակամենաշնորհային կանոնների գործարկումը կարող է հանգեցնել արտադրողականության զգալի օգուտների ու սպառողական խնայողությունների:

«ՀՀ կառավարությունը կարող է բարելավել տնտեսվարողներին պետական աջակցություն ցուցաբերելու համար կիրառվող ընտրության չափանիշները՝ հիմնվելով մրցակցության վրա ունենալիք ազդեցության վերլուծության վրա, - ասաց Համաշխարհային բանկում Հայաստանի գծով ավագ տնտեսագետ և զեկույցի համահեղինակ Ուլրիխ Բարչը, - մրցակցության խոչընդոտների առկայությունը տարբեր ոլորտներում մասամբ պայմանավորված է պետական պայմանագրերի առանձնահատկություններով, խտրական կանոններով, ոչ համարժեք կանոնակարգմամբ և շուկայի կառուցվածքի որոշակի կառուցվածքով: Մրցակցային սկզբունքները պետք է լիակատար կերպով արտացոլված լինեն կանոնակարգերում: Հակամենաշնորհային հարցերի ու պետական աջակցության շրջանակի բարելավումը կլրացնեն շուկայի կարգավորիչ սահմանափակումների նվազեցմանն ուղղված ջանքերը»:

Վերջապես՝ զեկույցը կոչ է անում մեծացնել ծովային սահման չունեցող Հայաստանի տնտեսության փոխկապակցվածությունն արտաքին աշխարհի շուկայի հետ՝ ցամաքով, օդով և համացանցի ու կապի տեխնոլոգիաների միջոցով, քանզի դա կհանգեցնի արդյունավետության մեծացմանն ու մրցունակության բարելավմանը: Չնայած աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ Հայաստանից արտահանվող ապրանքների 80 տոկոսն անցնում է ցամաքային ճանապարհներով: Օդային կապի բարձր գներն ու ուղևորների ու բեռների փոխադրման սահմանափակ ճկունությունը, տնտեսության համար ծախսեր էին ստեղծում նաև այն առումով, որ չի օգտագործվում մարդկանց ու ապրանքների փոխկապակցման այս ուղին: Հայաստանն ավիացիայի ոլորտում վարում էր սահմանափակող քաղաքականություն և միայն վերջերս կառավարությունը հայտարարեց «բաց երկնքի»՝ ավիացիայի ազատականացման մասին: Թեպետ ապրանքների արտահանման հարցում առկա է բարձր փոխադրավարձի խնդիրը, սակայն ծառայությունների մասով, մասնավորապես՝ կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով առաջարկվող, ներուժը հսկայական է:

Փոխկապակցման միջոցով Հայաստանի մրցունակությունը բարելավելու համար զեկույցն առաջարկում է.

  • վավերացնել բոլոր այն միջազգային կոնվենցիաները, որոնք տարանցիկ գործընկերների նկատմամբ կարող են մեծացնել Հայաստանի լծակները և բարելավել Վրաստանով անցնող տարանցման ուղին.
  • ազատականացնել ավիացիան, որը կհանգեցնի ուղևորների ու բեռների փոխադրումների ավելացմանն ու զարկ կտա տնտեսական աճին.
  • օգնել կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որպեսզի այն կայանա որպես ոլորտի առաջատար համաշխարհային կենտրոն. դրան ուղղված ռազմավարությունները պետք է միտված լինեն դեպի կանոնակարգիչ դաշտը, գործընթացներն ու հաստատությունները, ֆինանսական միջոցների հասանելիությունը, ենթակառուցվածքների ու կարողությունների զարգացումը:

Լրատվամիջոցների հետ կապը
Երևանում
Նվարդ Մանասյանին
հեռ. : (374 10) 52 09 92
nmanasian@worldbank.org


Մամուլի հաղորդագրության համարը:
2014/WB-297/13

Api
Api