2021 թ․ պետք է լինի այն տարին, երբ կլիմայի փոփոխության հրատապության հարցը իրապես ներթափանցի հավաքական գիտակցության մեջ և հաջորդեն տևական գործողություններ։ Այնպես, ինչպես կլիմայի պատճառած վնասի ազդեցություններն են հաճախ բնորոշվում որպես անշրջելի, այդիսին էլ պետք է լինի նաև փոփոխության կոչ անող շարժումը։
ՄԱԶԾ կողմից 2020 թ․ անցկացված կլիմայի փոփոխության վերաբերյալ երբևէ իրականացված հանրային կարծիքի ամենամեծ հարցմամբ ստացված արդյունքներով պարզվել է, որ աշխարհի մարդկանց գրեթե երկու-երրորդը կլիմայի փոփոխությունը համարում է համաշխարհային արտակարգ իրավիճակ, որը պետք է առաջնահերթություն ստանա։ Համավարակն այս ուղերձն ավելի հնչեղ է դարձրել․ այն առավել ողբերգական հանգամանքներում ցույց տվեց, որ մեր նախկին արարքներն ու վարքագծերը կարող են փոխվել։ Որ արտանետումները կարող են նվազել և որ մենք բոլորս այսօր հաշվետու ենք մեր մոլորակի համար, ուր բնակվում ենք։
2050 թ․ ընդառաջ ողջ աշխարհում կառավարությունները և կորպորացիաները հանձն են առել ապահովել զուտ զրոյական արտանետումներ և կլիմայական չեզոքության թիրախներ, և անհրաժեշտ է, որ այս շարժման ընթացքը պահպանվի տարեվերջին Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխությանը նվիրված կողմերի կոնֆերանսին (COP26) անցկացմանը մոտենալուն զուգահեռ։ Չնայած համավարակից արված հետևություններին, որ մենք կարող ենք փոխվել, և ստանձնած պարտավորություններին, 2020 թ․ վերջին արտանետումները կրկին վերադարձան նախահամավարկային մակարդակին։
Ողջ աշխարհում առաջնային ուշադրությունը կենտրոնացած է ՔՈՎԻԴ 19-ի վրա։ Բացի միլիոնավոր կյանքերի նման ցավալի կորստից, մարդիկ նաև տնտեսական ցավ են զգացել՝ այս հարկադրված անցումը հանդուրժելու համար։ Բիզնեսները փակվել են, աշխատատեղերը կրճատվել, իսկ ապրուստի միջոցները՝ վտանգվել։ Քաղաքականություն մշակողներն այժմ դիտարկում են համաշխարհային տնտեսությունը կյանք վերադարձնելու հարցը, ընդ որում կայունությունը դրա հիմքում է ընկած։
Եվրոպայում կարելի է տնտեսական վերաիմաստավորման հիանալի օրինակի հանդիպել։ ԵՄ հավակնոտ «Կանաչ գործարքը» կլիմային ուղղված գործողությունների խիզախ տեսլական է, որով կարևորվում է ածխածնազերծման, կլիմայական դիմակայունության, բնական կապիտալի և սոցիալական ներառման միջև կարևոր կապը։ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում «Կանաչ գործարքը» կրճատելու փոխարեն, ԵՄ-ն կրկնապատկել է ջանքերը՝ կլիմայական ավելի բարձր հավակնություններ սահմանելով և ռազմավարությունը իր 2+տրիլիոն դոլար վերականգնման ծրագրի առաջին պլան մղելով։
Համավարակի պայմաններում Համաշխարհային բանկը շարունակում է զարգացող երկրներում կլիմայական ներդրումների ամենախոշոր բազմակողմ ֆինանսավորողը մնալ՝ վերջին հինգ տարիների ընթացքում հանձն առնելով 83 միլիարդ դոլար տրամադրելու պարտավորություն։ Ողջ աշխարհում, կլիմայական խիզախ նպատակները քաղաքականության և ներդրումների վերածելու համար պահանջվելու է մեծ ուշադրություն դարձնել առանձին երկրների հանգամանքներին և ազգային կառավարությունների և միջազգային հաստատությունների միջև հզոր համագործակցությանը։ Կլիմայի փոփոխության վատագույն ազդեցություններին հակազդելու համար քաղաքականություն մշակողներն անհրաժեշտ է, որ դիտարկեն երեք առանցքային առաջնահերթություն․
Նախ՝ ընդլայնեն միջին և ցածր եկամտով երկրների ֆինանսական աջակցության մասշտաբներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մաքուր էներգետիկ տեխնոլոգիաները, էլեկտրաէներգիայի մատչելիությունը, կայուն անտառաբուծությունը, ինչպես նաև դիմակայունության և մեղմման միջոցառումները՝ կլիմայի փոփոխության պատճառով առաջացած տարերային աղետների նվազման համար։ Այն ընդգրկում է ավելի հարուստ պետությունների կողմից ավելի աղքատ երկրներում կայուն աճի սատարումը՝ կենսամակարդակի բարձրացմանն օգնելու և շրջակա միջավայրը պաշտպանելու համար։ Մեր դերի շրջանակում Համաշխարհային բանկի խումբը հանձն է առնել հավակնոտ թիրախ՝ հաջորդ հինգ տարիներին մեր ֆինանսավորման 35 տոկոսը կուղղվի կլիմայական հավակնոտ գործողությունների իրականացման նպատակով երկրների օժանդակությանը։ Այն վճռական նշանակություն կունենա նաև երկրների մեր գործընկերներին, այդ թվում՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, 2015 թ․-ին փարիզային համաձայնագրի շրջանակում ստանձնած իրենց կլիմայական պարտավորությունների կատարմանն օգնելու հարցում։
Երկրորդ՝ քաղաքականություն մշակողները պետք է կլիմայի փոփոխությունը դիտեն բազմակողմ տեսապակու միջոցով։ Անցյալում շատ հաճախ կլիմային ուղղված կամ «կանաչ» ներդրումներն անարդարացիորեն էին բնութագրվում՝ շրջակա միջավայրի համար լավ, սակայն ծախսատար և անմրցունակ։ Օրինակ՝ հուսալի էլեկտրաէներգիայի մատչելիությամբ կարող են ձեռներեցների համար զարգացող երկրներում աշխատանքային ժամերը երկարացվել։ Այն երեխաներին տալիս է գիշերը սովորելու և իրենց հեռանկարները բարելավելու հնարավորություն։ Նմանատիպ ձևով կերակուր պատրաստելու և ջեռուցման մաքուր նյութերի օգուտներն անժխտելի են կյանքի սպասվող տևողությունը երկարացնելու և առողջապահական ծախսերը նվազեցնելու հարցում։ Դա խնայում է տանը գտնվողների՝ հաճախ կանանց, ամեն օրը կենսազանգվածը հավաքելու վրա ծախսելուց, օրինակ՝ հավաքված փայտը կամ գոմաղբը հասարակ վառարանում այրելու համար։ Այս ժամանակը կարելի էր ծախսել կրթություն ստանալու կամ բիզնես սկսելու վրա։ Մեզ արդեն հայտնի է, որ կլիմայական այս «արտաքին գործոնները» բոլորն էլ տնտեսության համար գին ունեն։ Դրանց չհակազդելու հետևանքները բացասական են աղքատության նվազեցման, հարկաբյուջետային կատարողականի, հանրային առողջապահության և ի վերջո՝ տնտեսական աճի համար։ Համաշխարհային բանկի նման կառույցները տեխնիկական աջակցություն և քաղաքականության շուրջ խորհուրդներ են տրամադրում ներդրումների միջոցով այս օգուտներն առավելագույնի հասցնելու եղանակների մասին։
Երրորդ՝ ցածր ածխածնային տնտեսության անցում կատարելու հետևանքով խոցելի խմբերին կլիմայական ցնցումներից պաշտպանելը և մարդկանց ու վայրերին աջակցելը ազդեցություն կկրեն։ Ինչպես և ՔՈՎԻԴ-19 համավարակի դեպքում, կառավարությունները, բիզնեսները և միջազգային կառույցները պետք է պատրաստ լինեն մարդկանց և ռեսուրսներ ներգրավելու՝ մեր հասարակությունների առավել վտանգված խմբերին պաշտպանելու համար։ Սա նշանակում է միշտ պատրաստ լինել չսպասված իրադարձությունների՝ կառուցելով դիմակայունության հիմնարար սկզբունքի վրա հիմնված ծրագրեր։ Համաշխարհային բանկը Եվրոպական հանձնաժողովին օժանդակում է իր 18 միլիարդ եվրո արժեքով «Just Transition Fund» հիմնադրամի միջոցով (թարգմանաբար՝ «Արդար անցման հիմնադրամ))՝ անդամ պետություններին, մասնավորապես՝ Կենտրոնական, Արևելյան և Հարավային Եվրոպայում գտնվող, ԵՄ կլիմայի չեզոքության նպատակը մինչև 2050 թ․ իրագործելու համար։ Այսպիսի անցումը մեծ մասամբ ածխի կիրառման աստիճանական դադարեցումն է։ Բանկն օգնում է քաղաքականություն մշակողներին Հունաստանի, Բուլղարիայի, Արևմտյան Բալկանների և Ուկրաինայի ծրագրերից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Լեհաստանի և Ռումինիայի երկարամյա փորձից դասեր քաղելու հարցում։ «Just Transition»-ը համապարփակ մոտեցում է ապահովում էներգետիկայի քաղաքականության փոփոխություններին և անցումներին և խիստ արդիական է Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից դուրս։
Իրականությունն այն է, որ կլիմայի փոփոխությունը շրջակա միջավայրի, սոցիալական, քաղաքական և տնտեսական մարտահրավերների բարդ խումբ է։ Չկա բոլոր իրավիճակներին համապատասխանող մեկ լուծում, և այդ պատճառով էլ դժվար է այն արագ վերացնել և անհնար է մեկուսի հաղթահարել։ Այստեղ է, որ յուրաքանչյուր երկիր, մեծ, թե փոքր, այսպես, թե այնպես ունի համաշխարհային առաջնորդությամբ հանդես գալու հնարավորություն։ Համաշխարհային և միջազգային ֆինանսական կառույցներն ընդհանուր սպառնալիքին դիմագրավելու համար սեղանի շուրջ երկրներին միավորելու համար կարևոր համախմբող դեր ունեն կատարելու։
Եկեք 2021 թ․ հիշենք որպես այն տարին, որի ժամանակ ՔՈՎԻԴ-19-ն այլևս կյանքեր չէր խլում և վերականգնումն ընթանում էր ամբողջ թափով՝ միևնույն ժամանակ նպաստելով հավաքական զուտ զրոյական արտանետումների թիրախին։
-----------------------------------------------------------
Աննա Բյերդեն Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահն է։
Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է 2021 թ․ մարտի 31-ին՝ «Capital Finance International»(cfi.co) ամսագրում։