ԿԱՐԾԻՔՆԵՐ

Բիզնեսը սուբսիդավորում է պետական բյուջեն· 2015 դրությամբ գերավճարները գերազանցել են 260 մլրդ դրամը

փետրվար 21, 2017Õ©.



Image

«Հետք»-ի հարցերին պատասխանում է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը


Գոհար, վերջերս ՀԲ-ն հրապարակեց Հայաստանի տնտեսության վերաբերյալ Ձեր ղեկավարած թիմի նոր հետազոտությունը, ըստ որի՝ անցնող տարիներին հարկատուները սուբսիդավորել են պետական բյուջեն: Հարկային գերավճարները գերազանցել են տարեկան հարկային եկամուտների 10%-ը: Եթե հարկատուներից գերավճարներ չգանձվեր, միայն ընթացիկ հարկերը վճարելու դեպքում, Հայաստանի բյուջեի պակասորդը մե՞ծ կլիներ:

Այո, 2015-ի տարեվերջի դրությամբ հարկային գերավճարները գերազանցել են 260 մլրդ դրամը: Եթե Կառավարությունն այս գումարին համարժեք վարկային միջոցներ ներգրավեր կամ գանձապետական պարտատոմս թողարկեր, ապա ոչ միայն այդ փոխառու միջոցները պիտի վերադարձվեին սահմանված ժամանակացույցով, այլ նաեւ տարեկան 56-60 մլն դոլարին համարժեք (միջինում 10-12% տարեկան) տոկոս վճարվեր պետական բյուջեից: Բայց 2012-15 թթ. հարկային գերավճարների վերաբերյալ առկա սուղ տեղեկատվության հիման վրա կարելի է միայն արձանագրել որ դրանք ավելացել են գրեթե 30 մլրդ դրամով: Հիմա հայտարարվում է, որ հարկային գերավճար գանձելու պրակտիկան դադարեցվել է: Սակայն դեռեւս 2016 թ·-ի վերջի դրությամբ համապատասխան ցուցանիշները հրապարակված չեն, որպեսզի համեմատություններ եւ եզրահանգումներ արվեն: Ժամանակը եւ թվերի դինամիկան ցույց կտան հարկային գերավճարներ գանձելու գործելաոճը նվազեց, թե՞ոչ:

Գերավճարն առաջանում է, երբ հարկատուն իր ընթացիկ հարկային պարտավորությունները կատարելուց բացի հավելյալ հարկ է վճարում, ինչը կարող է ներառել ինչպես արտահանման պարագայում ավելացված արժեքի հարկի չվերադարձված գումարները, այնպես էլ հարկային մարմնի հորդորներին ընդառաջ գնալու ցանկությամբ պայմանավորված կանխավճարները՝ ակնկալիքով, որ դրանք հաշվանցվեն հետագա հարկային պարտավորությունների դիմաց: Հայաստանում փոքր չէ նաեւ հարկային ապառքների մեծությունը, ինչը 2015 թ. տարեվերջի դրությամբ կազմել է 120 մլրդ դրամ: Կարծում եմ, հարկային գերավճարների եւ ապառքների բաշխման ասիմետրիա կա: Հայտնի է, որ 10-15 տարի առաջ Հայաստանում պետական բյուջեի հարկային մուտքերի 70%-ից ավելին ապահովում էին խոշոր հարկատուները, եւ դա օբյեկտիվորեն արտացոլում էր տնտեսության պատկերը: Այսինքն՝ խոշոր հարկատուներն ինչ չափով որ դերակատարություն ունեն մեր տնտեսության մեջ, նույն չափով էլ դերակատարում պիտի ունենան հարկային եկամուտների հավաքագրումների մեջ: Բայց վերջին տարիներին խոշոր հարկատուների վճարումները նվազել են մինչեւ 52-53%: Կառավարությունը նշում է որ 2016 թ. վերջին ամիսներին խոշոր հարկատուներից հավաքագրումը բարելավվել է, որի արդյունքում գուցե նրանց կշիռը մինչեւ 55%-ի է հասել, բայց դարձյալ աղավաղված պատկեր է: Հարկային եկամուտների առնվազն 70-80%-ը պետք է ձեւավորվի խոշոր բիզնեսի վճարած հարկերից:

Այսինքն, հարկերի հավաքագրման ցուցանիշը հիմնականում փոքր եւ միջին բիզնեսն է ապահովո՞ւմ:

Վերը նշված թվերը ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, բյուջեի հարկային մուտքերի կեսից ավելին ապահովվում է խոշորների հաշվին, սակայն ՓՄՁ մասնակցությունը հարկերի հավաքագրմանը անհամարժեք է նրանց դերակատարությանը տնտեսական գործունեությանը: Հարկ է նշել նաև, որ հարկային քաղաքականության տեսանկյունից Հայաստանում անհասկանալի իրավիճակ է ստեղծվել ավելացված արժեքի հարկի շեմը 58 մլն դրամից կտրուկ 115 մլն դրամ բարձրացնելուց հետո, քանի որ որոշակի թվով խոշոր հարկատուներ հայտնվեցին ՓՄՁ համար նախատեսված ավելի մեղմ հարկային դաշտում, ինչը ոչ միայն էռոզիայի ենթարկեց հարկային բազան այլ նաև անհավասար մրցակցային պայմաններ ստեղծեց իրական  ՓՄՁ համար: Հաշվի առնելով նաեւ վերջիններիս «մասնակցությունը» գերավճարներին, փաստացի ՓՄՁ-ի համար հարկային բեռն ավելի բարձր է ստացվում:

Ի՞նչ կանխատեսումներ կարելի է անել պետբյուջեի համար այն դեպքում, եթե հարկման այս քաղաքականությունից մեծապես դժգոհող հարկատուներն ինչ որ պահի որոշեն պաշտպանել իրենց իրավունքները եւ դադարեցնեն հարկեր վճարելը մինչեւ կանխավճարների մարումը:

2018 թ·-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է այս խնդրի օրենսդրական լուծումը, եւ հուսանք մինչ այդ ժամկետը կառավարությունը կապահովի նաեւ տեխնիկական եւ վարչական  ընթացակարգերը՝ որպեսզի ավտոմատ  հաշվանցվեն հարկատուի դեբեդն ու կրեդիտը: Սակայն ներկայումս դեռեւս այդպես չէ: Շատ տխուր է, որ ծրագիր, հայեցակարգ չկա գերավճարների եւ ապառքների նվազեցման ուղղությամբ: Տնտեսական ներկա իրավիճակի պայմաններում կառավարությունը պիտի մոտեցում ձեւավորի գործարար միջավայրին առնչվող այս կարեւորագույն հարցի վերաբերյալ: Արտաքին մարտահրավերները գնալով ավելի բացասական ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա: 2010-13 թվականներին մեր տնտեսությունը միջինում 4,3 % աճ է ապահովել, ինչը 2014-16 թթ·-ին նվազել է մինչեւ 2,3%: Ակնհայտ է, որ վերը նշված 260 մլրդ դրամ հարկային գերավճարները, ինչը կազմում է պետբյուջեի տարեկան եկամուտների 20%-ը, հնարավոր չէ մեկ տարվա ընթացքում վերադարձնել հարկատուներին: Որքան էլ ծանր լինի խնդիրը, ներկա կառավարությունն այն ժառանգություն է ստացել իր նախորդներից եւ կարող է մոտեցումներ որդեգրել: Օրինակ, գերավճարները վերադարձնել առաջիկա 5 տարվա ընթացքում՝ ըստ որոշակի չափանիշների եւ ժամանակացույցի:

Պետական բյուջեից սուբսիդավորվում են տնտեսության մի շարք ոլորտներ՝ էներգետիկա, տրանսպորտ, ջրամատակարարում, գյուղատնտեսություն, ոռոգում, երկաթուղի եւ այլն: Հետազոտողները գնահատե՞լ են այդ ոլորտները սուբսիդավորելու արդյունավետությունը եւ հասցեականությունը, նաեւ շարունակականության նպատակահարմարությունը:

Պետական ծախսերի ուսումնասիրության մեջ սուբսիդիաները ներառելը նաեւ այդ նպատակն էր հետապնդում՝ տեսնել, թե որքանով է արդյունավետ եւ նպատակային եղել նշված ոլորտների ֆինանսավորումը սուբսիդիաների միջոցով: Ներկա ֆիսկալ իրավիճակը շատ բարդ է, եւ պետական ծախսեր նվազեցնելը կարող է բացասական հետեւանքներ ունենալ առանց այն էլ տնտեսական ցածր ակտիվության եւ սոցիալական իրավիճակի վրա, նույն արդյունավետության ցուցանիշների պարագայում: Սակայն 2015-16 թվականների բյուջետային դեֆիցիտի անկայուն մակարդակը հրամայական է դարձնում մի կողմից՝ հարկային եկամուտների բարելավումը, մյուս կողմից էլ՝ անարդյունավետ ծախսերի կրճատումը: Մեր ուսումնասիրության եզրակացություններից մեկն էլ այն է, որ հնարավոր է բարձրացնել ծախսային ծրագրերի արդյունավետությունը: Եթե ոլորտը սուբսիդավորվում է պետական բյուջեից, Կառավարությունը պետք է կատարողական ցուցանիշներ սահմանի եւ հաշվարկի, թե ինչ արդյունք է ուզում ստանալ տրամադրված սուբսիդիայի դիմաց: Բյուջետային սուբսիդիաների մասով շատ ոլորտներում կատարված ծախսի եւ ակնկալվող արդյունքի միջեւ կապը հստակ չէ: Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել սուբսիդիաների մոնիտորինգի համակարգը:

Որոշ ոլորտներում, ինչպիսին էներգետիկան է, ոռոգումը, որտեղ բավականաչափ վարկային միջոցներ ներդրվեցին անցնող տարիներին, կանխատեսվում էր, որ որոշակի ժամանակահատվածից կանցնեն ինքնաֆինանսավորման: Սակայն, առայժմ չի նկատվում, որ որեւէ ոլորտ հաղթահարած լինի կախվածությունը սուբսիդավորումից: Սա կարելի՞ է պայմանավորել միայն տվյալ ոլորտներում իրականացվող վատ վարչարարությամբ:

Փաստ է, որ կառուցվածքային վարկերը, որոնք ՀԲ-ն տրամադրում էր 1990-ականների վերջից, պարբերաբար անդրադարձել են ձեր նշած ոլորտների ինքնաֆինանսավորման հարցերին: Նախկինում մի քանի անգամ կառավարությունները ժամանակացույց են կազմել, թե ըստ տարիների ինչպես պետք է փոխվեր օրինակ, ոռոգման սակագնի քաղաքականությունը, որպեսզի բերի համակարգի ինքնածախսածածկման: Կառավարությունները պարբերաբար վերանայել են այս ոլորտի ռազմավարությունը, որից վերջինը՝ անցյալ տարի: Շատ խնդիրներ են այստեղ խաչվում, միայն վարչարարությունը չէ, սակագնային քաղաքականության վրա ազդեցություն ունեն թե՛ ոլորտի վարչարարության որակը, թե՛ ֆինանսական կարգապահությունը, թե՛ հաշվետվողականության ու վերահսկողական մեխանիզմները: Եվ ոչ միայն ոռոգման ջրի, այլեւ մյուս հանրային ծառայությունների սակագնային քաղաքանությունը մեր երկրում շատ զգայուն է քաղաքական զարգացումների հանդեպ:

Անխոս, միայն սակագնային քաղաքականությանն ապավինելու միջոցով ինքնածախսածածկման հասնելը ցանկալի չէ եւ կայուն չէ, եթե ոլորտում կան կառուցվածքային խնդիրներ, ինչպես օրինակ, էներգետիկայի ոլորտում: Հիմնական բարեփոխումը 1998-2005 թթ·-ին կատարվեց եւ ոլորտը բերվեց մի իրավիճակի, որն ինքնավերարտադրվում էր առանց սակագնային քաղաքականության կամ կառավարման ոլորտում մեծ խնդիրներ առաջացնելու: Բայց 2010-ից սկսած, ոլորտի կառավարման բնագավառում, որոշակի փոփոխությունների արդյունքում, համակարգի ֆինանսական ցուցանիշները վատթարացան եւ հանգեցրին մեծ խնդիրների: Միայն սակագինը բարձրացնելով եւ բոլոր տեսակի ծախսերը տարիֆի մեջ ներառելով սպառողին հարկադրելով այդ խնդիրների լուծումը, ճիշտ մոտեցում չէ: Պետք է ուսումնասիրել, թե ինչպես են ձեւավորվել այն ֆինանսական հոսքերը, որոնք ի վերջո հանգեցրել են համակարգում պարտքերի կուտակման եւ այնուհետեւ գնահատել, թե որքանո՞վ է հիմնավոր դրանք սակագնի հաշվարկներում արտացոլելը:

Եթե տվյալ ոլորտն ինքնածախսածածկման հասնելու համար դեռեւս ժամանակ է պահանջում, նույնիսկ այդ պարագայում կարելի է նպատակադրել միայն որոշակի ծախսեր, օրինակ, միայն ոլորտի կապիտալ ծախսերը սուբսիդավորել բյուջեից: Վատ վարչարարությունը խնդրի մի մասն է, բայց այն այսօր պակաս կարեւոր չէ: Ոլորտներ կան, օրինակ, ոռոգման ոլորտի ջրօգտագործողների միությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն աուդիտի չեն ենթարկվում, ինչը հարցականի տակ է դնում դրանց արժանահավատությունը: Արդյունքում ստացվել է այնպես, որ չնայած ամեն տարի բյուջեից հատկացված 5-6 մլրդ դրամի սուբսիդիաներին, այդ ոլորտում էլ 5-6 մլրդ դրամի պարտք է կուտակվել, որի միայն մի մասն է պայմանավորված նախորդ տարիներին էներգիայի սակագնի բարձրացմամբ: Այստեղ եւս մոտեցում է պետք ցուցաբերել պարտքերի հետագա կուտակումը կանխարգելելու եւ ժառանգած պարտքը որոշակի ժամանակահատվածում մարելու համար: 

Կարդացեք հարցազրույցի ամբողջական տարբերակը

------------------------------------------------ 

Հարցազրույցը վարեց Սառա Պետրոսյանը:

Հրապարակված է Heqt.am՝ 17 փետրվարի, 2017

 

Լրատվամիջոցների հետ կապը
Երևանում՝
Վիգեն Սարգսյանին
հեռ. : (374 10) 520 992
vsargsyan@worldbank.org

Api
Api

Welcome