Ծրագրի մշակման փուլ․ գերծանրաբեռնված բուժհաստատություններ, սպասման երկար ժամանակ և սահմանափակ տարբերակներ
Ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ), օրինակ՝ քաղցկեղը, դիաբետը և քրոնիկ շնչառական հիվանդությունները, հանրային առողջության լրջագույն խնդիրներն են միջին եկամտով այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է։
Բայցևայնպես, ավելի բարձր եկամտով տնտեսությունների համեմատ, Հայաստանի ՈՎՀ-ներով ապրող շատ բնակիչներ հաճախ բախվում են խնդիրների գերծանրաբեռնված հաստատությունների, սպասելու երկար ժամանակի և բուժման տարբերակների ավելի սահմանափակ հասանելիության պատճառով։
Կյանք փրկող բուժման որոշ տեսակներ երկրում պարզապես առկա չեն եղել՝ հնարավորություն ունեցողներին պարտադրելով գնալ արտերկիր, իսկ հնարավորություն չունեցողներին թողնելով առանց լուծման տարբերակների։
Վերոնշյալ բոլոր գործոններն ավելացնում են բուժառուների սթրեսը և կարող են խաթարել նրանց արժանապատվությունը հենց այն ժամանակ, երբ նրանք առավել քան երբևէ խնամքի և սփոփանքի կարիք ունեն: Թեև երկրի առողջապահական համակարգը վերջին տարիներին նշանակալի բարեփոխումների է ենթարկվել, քրոնիկ հիվանդությունների հասցեագրումը պահանջում է սքրինինգի և կանխարգելման ուղղությամբ խոշոր ներդրումներ, ինչպես նաև մտածողության փոփոխություն՝ դեպի վաղ բացահայտում։
ՈՎՀ-ների վաղ բացահայտումը վճռորոշ է բուժման և ապրելու շանսերի ավելացման, ինչպես նաև բուժառուների կյանքի ավելի լավ որակի պահպանման համար։ Այս քայլը կօգնի երկրին նվազեցնել իր առողջապահական ծախսերը։
Նոր ներդրումներն օգնում են հիմնական բուժհաստատությունների վերանորոգմանը և արդիականացմանը
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում ծրագրի» (ՀԿՎԾ) միջոցով Հայաստանը վերանորոգել և արդիականացրել է երկրի վեց խոշոր բուժհաստատություն՝ ՈՎՀ-ների համար որակյալ բուժօգնության մատչելիությունը բարելավելու համար։
ՀԿՎԾ օգնել է երկրում բուժման նոր մոտեցումներ մատչելի դարձնելու, հիմնական բժշկական սարքավորումներ ձեռք բերելու և անձնակազմի վերապատրաստումն ընդլայնելու հարցում՝ ՈՎՀ-ների բացահայտման և բուժման համար։
Երևանում գտնվող “Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը” վեց բուժհաստատություններից մեկն է, որն օգտվել է ՀԿՎԾ օժանդակությունից։ 2016 թ.-ին ամբողջությամբ վերանորոգվելով և արդիականացվելով՝ այժմ կենտրոնն ավելի լավ հասանելիություն և որակյալ բուժօգնություն և քաղցկեղի բուժման տարբերակներ է առաջարկում։ Այն ներառում է ոսկրածուծի փոխպատվաստումը՝ երկրում առաջինը։
Lեյկեմիա և լիմֆոմա հիվանդություններից տառապող Հայաստանի բուժառուները այլևս ստիպված չեն լինում մեկնել արտերկիր՝ նման մասնագիտացված բուժման համար։
« 2017 թ.-ին հաջողությամբ իրականացված ոսկրածուծի առաջին փոխպատվաստումը սոսկ բժշկական նվաճում չէր, այն մեզ համար նոր էջ էր խորհրդանշում»,- հիշում է բժիշկ Նատա Մելկիկյանը, ով 1970-ականներից աշխատում է կենտրոնում։ «Իսկ հիմա մենք ունենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որը վճռորոշ է մեր գործունեության համար»։