Skip to Main Navigation
ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐմայիս 15, 2025Õ©.

Հայաստանը ներդրում է անում առողջապահության մեջ՝ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու համար

The World Bank

Դիալիզի սարք, որը պատրաստվում է հիվանդի համարՀայաստանի հիվանդանոցներից մեկում

Պատմության առանցքային թեմաները

  • Ոչ վարակիչ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը, դիաբետը, քրոնիկ շնչառական հիվանդությունները և սիրտանոթային խնդիրները, Հայաստանում մահվան հիմնական պատճառներն են։
  • Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանը վերանորոգել և արդիականացրել է երկրի վեց խոշոր բուժհաստատություն, ձեռք է բերել կենսական սարքավորումներ և վերապատրաստել աշխատողներին՝ այս հիվանդությունների սքրինինգը և բուժումը լավացնելու համար։
  • Բուժման այնպիսի մոտեցումներ, ինչպիսիք են ոսկրածուծի փոխպատվաստումը և նեղ մասնագիտական բուժօգնությունը, այժմ ավելի հասանելի են Հայաստանում, ընդ որում` բուժառուներն այլևս ստիպված չեն կյանք փրկող բուժօգնություն ստանալու համար արտերկիր մեկնել։

Ծրագրի մշակման փուլ․ գերծանրաբեռնված բուժհաստատություններ, սպասման երկար ժամանակ և սահմանափակ տարբերակներ

Ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ), օրինակ՝ քաղցկեղը, դիաբետը և քրոնիկ շնչառական հիվանդությունները, հանրային առողջության լրջագույն խնդիրներն են միջին եկամտով այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է։

Բայցևայնպես, ավելի բարձր եկամտով տնտեսությունների համեմատ, Հայաստանի ՈՎՀ-ներով ապրող շատ բնակիչներ հաճախ բախվում են խնդիրների գերծանրաբեռնված հաստատությունների, սպասելու երկար ժամանակի և բուժման տարբերակների ավելի սահմանափակ հասանելիության պատճառով։

Կյանք փրկող բուժման որոշ տեսակներ երկրում պարզապես առկա չեն եղել՝ հնարավորություն ունեցողներին պարտադրելով գնալ արտերկիր, իսկ հնարավորություն չունեցողներին թողնելով առանց լուծման տարբերակների։

Վերոնշյալ բոլոր գործոններն ավելացնում են բուժառուների սթրեսը և կարող են խաթարել նրանց արժանապատվությունը հենց այն ժամանակ, երբ նրանք առավել քան երբևէ խնամքի և սփոփանքի կարիք ունեն:  Թեև երկրի առողջապահական համակարգը վերջին տարիներին նշանակալի բարեփոխումների է ենթարկվել, քրոնիկ հիվանդությունների հասցեագրումը պահանջում է սքրինինգի և կանխարգելման ուղղությամբ խոշոր ներդրումներ, ինչպես նաև մտածողության փոփոխություն՝ դեպի վաղ բացահայտում։

ՈՎՀ-ների վաղ բացահայտումը վճռորոշ է բուժման և ապրելու շանսերի ավելացման, ինչպես նաև բուժառուների կյանքի ավելի լավ որակի պահպանման համար։ Այս քայլը կօգնի երկրին նվազեցնել իր առողջապահական ծախսերը։

Նոր ներդրումներն օգնում են հիմնական բուժհաստատությունների վերանորոգմանը և արդիականացմանը

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում ծրագրի» (ՀԿՎԾ) միջոցով Հայաստանը վերանորոգել և արդիականացրել է երկրի վեց խոշոր բուժհաստատություն՝ ՈՎՀ-ների համար որակյալ բուժօգնության մատչելիությունը բարելավելու համար։

ՀԿՎԾ օգնել է երկրում բուժման նոր մոտեցումներ մատչելի դարձնելու,  հիմնական բժշկական սարքավորումներ ձեռք բերելու և անձնակազմի վերապատրաստումն ընդլայնելու հարցում՝ ՈՎՀ-ների բացահայտման և բուժման համար։

Երևանում գտնվող “Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը” վեց բուժհաստատություններից մեկն է, որն օգտվել է ՀԿՎԾ օժանդակությունից։ 2016 թ.-ին ամբողջությամբ վերանորոգվելով և արդիականացվելով՝ այժմ կենտրոնն ավելի լավ հասանելիություն և որակյալ բուժօգնություն և քաղցկեղի բուժման տարբերակներ է առաջարկում։ Այն ներառում է ոսկրածուծի փոխպատվաստումը՝ երկրում առաջինը։

Lեյկեմիա և լիմֆոմա հիվանդություններից տառապող Հայաստանի բուժառուները այլևս ստիպված չեն լինում մեկնել արտերկիր՝ նման մասնագիտացված բուժման համար։ 

« 2017 թ.-ին հաջողությամբ իրականացված ոսկրածուծի առաջին փոխպատվաստումը սոսկ բժշկական նվաճում չէր, այն մեզ համար նոր էջ էր խորհրդանշում»,- հիշում է բժիշկ Նատա Մելկիկյանը, ով 1970-ականներից աշխատում է կենտրոնում։ «Իսկ հիմա մենք ունենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որը վճռորոշ է մեր գործունեության համար»։

Կենտրոնի վերանորոգված շենքը և նոր սարքավորումները սոսկ արդի բուժում չեն ապահովում, այլ արժանապատվություն և հույս են տալիս։

«Մեր բուժառուները պետք է այդ սերը և հոգատարությունը զգան»,- շեշտում է բժիշկ Մելկիկյանը։ Նա հավատացած է, որ բուժառուի բարօրությունը բժշկության սահմաններից դուրս է։

«Բժշկական կենտրոնի վերանորոգումը և արդիականացումը մեծ դեր ունի», - կարծում է բուժառու Նարինե Խաչատրյանը, ով Արյունաբանական կենտրոնում բժիշկ Մելկիկյանի հսկողությամբ ստացած բուժումների շնորհիվ հաղթահարել է քաղցկեղը։ «Խոսքը միայն գեղեցիկ տեսքի մասին չէ. այն ինձ օգնում է ավելի հարմարավետ և բուժման մեջ ավելի վստահ զգալ։ Ես սարքավորումներին և բժիշկներին ավելի եմ վստահում, քանի որ զգում եմ, որ ամեն ինչ ժամանակակից է։ Ինձ բախտ է վիճակվել ունենալու ճիշտ բժիշկ, ով ինձ մեծ հոգատարությամբ և պրոֆեսիոնալիզմով է բուժել»։  

The World Bank

Բժիշկը ուսումնասիրում է հիվանդի կրծքավանդակի ՄՌՏ պատկերները

Վերապատրաստում և որակավորված կադրերի ներգրավում

Ենթակառուցվածքի բարելավումից զատ, ՀԿՎԾ -ն կենտրոնացել է առողջապահության վճռորոշ մյուս հարցերի՝ հմուտ բժիշկների պատրաստման և վերապատրաստման վրա։

Բժիշկ Մելկիկյանը հպարտությամբ նշում է, որ արդիականացումը կենտրոնին օգնել է երիտասարդ կադրերի ներգրավման հարցում, ընդ որում` նոր բժիշկները զբաղվում են գիտական հետազոտություններով։  «Կառավարության աջակցությամբ և այս ֆինանսավորմամբ մեր անձնակազմին վերապատրաստել ենք տարբեր մասնագիտությունների ուղղությամբ, այդ թվում՝ լաբորատոր աշխատանք, կլինիկական պրակտիկա, փոխպատվաստում և ցողունային բջիջների հետազոտություն։ Մենք այլևս երիտասարդ կադրերի ներգրավման խնդիրների չենք բախվում։ Այսօր ունենք ոչ միայն բարձր որակավորմամբ, այլև հետազոտություններով խորությամբ զբաղվող երիտասարդ բժիշկներ»։

Այս հոսքն օգնել է Հայաստանի բուժաշխատողներին Հայաստանում պահելու հարցում՝ նվազեցնելով արժեքավոր կադրերի արտահոսքը և հզորացնելով առողջապահական համակարգը։

«Նոր վերանորոգված և վերազինված մասնաշենքի բացումը մեծ ազդեցություն ունեցավ կարիերայիս ընտրության վրա»,- հիշում է բժիշկ Վարդանյանը, ով վերջերս է միացել կենտրոնին։ «Ուսանող ժամանակ տեսել էի հին շենքը, և վերափոխումը համընկավ որոշմանս կայացման ընթացքի հետ՝ ինձ ոգեշնչելով այս ճանապարհով գնալ։ Ժամանակակից հաստատության ստեղծմամբ հիմնվեցին նոր բաժանմունքներ՝ այն գրավիչ աշխատավայր դարձնելով երիտասարդ մասնագետների համար, ինչը հին շենքը չէր կարող առաջարկել։ Վերանորոգումից հետո երիտասարդ մասնագետների թիվն ավելացել է, և իր հարմարավետությունից և հարմարությունից բացի, նոր շենքում բարելավվել է սպասարկման որակը և ընդհանուր առմամբ նպաստել է բժշկության մեր բնագավառի զարգացմանը»։

Արդիականացված հաստատությունները կարիերայի հնարավորություններն ընդլայնում են և ավելի գոհացուցիչ, մոտիվացնող և նվազ սթրեսային միջավայր են ստեղծում անձնակազմի համար։ Սա էլ իր հերթին վերածվում է ավելի ուշադիր, որակյալ բուժօգնության։

Համաշխարհային բանկի ներդրումները կարևորագույն օժանդակություն են տրամադրել ողջ Հայաստանում բուժօգնության մատչելիության և որակի բարձրացմանը, սակայն ճանապարհորդությունը դեպի ավելի ուժեղ, ավելի ներառական համակարգ շարունակվում է։ Երկրի՝ համընդհանուր առողջապահական համակարգի ստեղծման ուղուն  ձեռնամուխ լինելուն զուգահեռ՝ անհրաժեշտ է շարունակական ներդրումներ կատարել առողջապահական ենթակառուցածքում, կրթության և տեխնոլոգիաների ուղղությամբ։ Համաշխարհային բանկը շարունակում է հավատարիմ մնալ այդ ջանքերին աջակցելու իր հանձնառությանը։

Blogs

    loader image

WHAT'S NEW

    loader image