ԿԱՐԾԻՔՆԵՐ

Արդյո՞ք արդար է, որ եկամտային հարկի 80-85%-ը ձևավորվում է 120 հազար դրամից պակաս ստացողների միջոցով

հուլիս 1, 2016Õ©.


168 Ժամ օրաթերթ

" Երբ ասում եմ, որ Հարկային օրենսգիրքը լավ փաստաթուղթ է, դա դեռ բավարար չէ. այդ փաստաթուղթը պետք է կիրառվի այնպես, ինչպես գրված է: "

Image

Օրերս Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի մասին զրուցել ենք Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանի հետ

 

Տկն Գյուլումյան, Հարկային օրենսգրքի նախագիծը թեև առաջին ընթերցմամբ ընդունվեց, սակայն մի շարք դրույթներ խիստ քննադատության արժանացան ինչպես՝ ընդդիմադիր, այնպես էլ՝ իշխող խմբակցության պատգամավորների կողմից: Ինչպիսի՞ն է Համաշխարհային բանկի գնահատականը ՀՕ-ի՝ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակին։

Նախ՝ նշեմ, որ մենք կառավարության համապատասխան օղակների հետ աշխատել ենք Հարկային օրենսգրքի նախագծի վերլուծական աշխատանքներից՝ մինչև ավարտուն տեսքի հասցնելը: Տեխնիկական աջակցություն ենք ցույց տվել ու փորձել ենք տարբեր սցենարների միջոցով կանխատեսումներ անել՝ միջազգային փորձի տեղայնացման ու դրա հետևանքների, տարբեր հարկատեսակների դիզայնի ու դրույքաչափերի առումով: Դա զուտ տեխնիկական, վերլուծական աշխատանք էր, որը նպատակ ուներ օգնել որոշումների կայացմանը։

Մեր խորհուրդների մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ: Ամեն դեպքում, ՀՕ-ի այն տարբերակի վերաբերյալ, որը ներկայացվել է Ազգային ժողովին, ՀԲ մասնագետների կարծիքը դրական է:

Մենք ոչ թե աբստրակտ ձևով ենք ասում՝ դրական կամ բացասական, այլ՝ որոշակի սկզբունքներից ելնելով: Ինչքանով է ՀՕ-ն՝ իր քաղաքականության սկզբունքներով ու վարչարարությամբ, համապատասխանում այսօր Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներին, ինչքանով կնպաստի դրանց լուծմանը, ինչքանով է համակարգը դառնալու ավելի թափանցիկ ու արդյունավետ, որքանով են բարելավվելու հարկային քաղաքականության հիմնարար՝ հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքները, որքանով են  հարկային եկամուտների մոբիլիզացման հնարավորությունները  բարելավվելու՝ չվատթարացնելով հավասարության սկզբունքը: Այս չափանիշների միջոցով ենք դիտարկել բոլոր դրույթները: Ու կարող եմ հավաստիացնել, որ մեր վերլուծությունները հիմնված են եղել պաշտոնական վիճակագրության և հետազոտությունների միջոցով ստացված տվյալների վրա։

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանն ԱԺ-ում նշեց, որ Հարկային օրենսգրքի դրական ազդեցությունը պետբյուջեի եկամուտների վրա գնահատվում է ՀՆԱ-ի 1.8%-ի չափով: Այսինքն՝ այն բերելու է հարկային բեռի ավելացման: Սա որքանո՞վ է նպաստում տնտեսության զարգացմանը: Դուք նշում եք դրական ազդեցությունների մասին, սակայն արդյո՞ք այդ դրական էֆեկտը համարժեք է վնասին, որի մասին խոսվում է։

Այո, ՀՕ-ի ընդհանուր ֆիսկալ էֆեկտը գնահատվում է 2015 թվականի ՀՆԱ-ի 1.8%-ին համարժեք: Դա ֆիքսված թիվ է՝ շուրջ 90 մլրդ դրամի չափ: Սակայն շեշտեմ, որ այդ էֆեկտը դրսևորվելու է 2017-2021թթ. ժամանակահատվածում քանի որ փոփոխություններն ուժի մեջ են մտնելու աստիճանաբար, ոչ թե միաժամանակ։

Այսինքն՝ հարկային բեռը միանգամից՝ հենց առաջին տարում, 90 մլրդ դրամով չի՞ ավելանալու։

Ո՛չ: Օրինակ, 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու միայն ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկին վերաբերող դրույթը: 2018-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն մյուս փոփոխությունները՝ բացի ՓՄՁ-ի հարկման շեմից. դա ուժի մեջ կմտնի 2019-ի հունվարի 1-ից: Կան նաև մի քանի այլ, մանր փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականին և ավելի ուշ։

Եկեք հստակեցնենք. ԱԺ-ում հարցը հնչեց այսպես՝ որքանո՞վ կավելանային 2015 թվականին փաստացի հավաքագրված հարկերը, եթե ՀՕ-ն ուժի մեջ մտած լիներ 2015-ի հունվարի 1-ից: Պատասխանը հնչեց՝ դրական ազդեցությունը բյուջեի եկամուտների վրա կազմում է ՀՆԱ-ի 1.8%-ի չափ: Ստացվում է, որ այդ պատասխանը լիարժեք չէր, որովհետև ՀՕ-ի ներդրվելու առաջին տարում հարկային բեռն ավելի քիչ է ավելանում: Այդպե՞ս է։

ՊեԿ փոխնախագահը, ըստ իս, նկատի է ունեցել այն հիպոթետիկ իրավիճակը, եթե բոլոր դրույթները միաժամանակ մտնեին ուժի մեջ: Սակայն այդպես չի կարող լինել: Պետք է հաշվի առնել տնտեսության՝ «մարսելու» կարողությունը: Չի կարելի ՀՆԱ-ի 1.8%-ի չափով ազդեցություն նախատեսող հարկային օրենսդրությունը միանգամից ներդնել: Դա պետք է անել մի քանի տարվա ընթացքում, որպեսզի հարկատուները և սպառողներն ընտելանան նոր իրավիճակին: Դրա համար էլ ընտրվել է 2017-2021թթ. ժամանակահատվածը: Այսինքն՝ բեռն աստիճանաբար է ավելանալու: Իսկ ակցիզային հարկն ավելի շուտ է ներդրվում, քանզի այդ գործընթացը տեխնիկական որևէ բարդություն չի ներկայացնում:

Ի դեպ, ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկի փոփոխությունն ամենից շատ քննադատվողներից է: Ինչո՞ւ։

Գիտեմ, հետևում եմ ԱԺ-ի և այլ հարթակների քննարկումներին, ու ուշադրության կենտրոնում հիմնականում մի քանի հարցեր են՝ եկամտային հարկը, շահաբաժինների հարկումն ու ՓՄՁ ոլորտի՝ ԱԱՀ-ով հարկման շեմի նվազեցումը: Ինչ վերաբերում է սիգարետի ակցիզային հարկի փոփոխությանը, ապա այն ընդգծված հակառակորդ ունի, որի մոտիվացիան ակնհայտ է:

Ծխախոտի բիզնեսում ներգրավված հակառակո՞րդ։

Գաղտնիք չէ, որ Հայաստանը ծխախոտ արտադրող/արտահանող ու ներմուծող երկիր է: Նշենք նաև, որ ծխախոտի բարձր և ցածր գնային սեգմենտներ կան: Տեղական արտադրողը գնային ավելի ցածր սեգմենտի մեջ է: ՀՕ-ով առաջարկվում է ակցիզային հարկի դիզայնի փոփոխություն. Եթե ներկայումս ակցիզային հարկը միայն ֆիքսված բաղադրիչ ունի, ապա այժմ առաջարկվում է նաև արժեքային բաղադրիչ: Ու եթե արժեքը բարձրանում է, հարկի բեոը նույնպես բարձրանում է, և այն ավելի զգալի կլինի ավելի բարձր գնային սեգմենտի ներմուծվող սիգարետների դեպքում: ՀՕ-ով նախատեսվում է, որ 2017-2021թթ. ամեն տարի ծխախոտի ակցիզային դրույքաչափը 15%-ով պետք է բարձրանա:

Ընդ որում, ծխախոտի ակցիզային հարկի մասով, այսպես թե այնպես, պետք է հարկային փոփոխություններ մշակվեին՝ անկախ Հարկային օրենսգրքից, պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ: Բանն այն է, որ Հայաստանում դրույքաչափը ԵՏՄ անդամ մյուս երկրների համեմատ շատ ցածր է, և եվրասիական ինտեգրացման գործընթացների օրակարգում կար այդ հարցը, որ Հայաստանը պետք է մի քանի տարիների ընթացքում առաջանցիկ տեմպերով բարձրացներ այդ հարկի դրույքաչափը: Ու ՀՕ նախատեսված փոփոխություններով  հանդերձ, 2021 թվականին Հայաստանում ծխախոտի ակցիզային հարկն ավելի ցածր է լինելու, քան  Ռուսաստանում: Բայց դա արդարացված է, քանի որ Հայաստանն ավելի ցածր եկամտային խմբում է, քան Ռուսաստանն ու Ղազախստանը։

Ինչպես նշեցի, ներմուծվող ծխախոտն ավելի բարձր գնային սեգմենտում է, և ակցիզային հարկի ավելացումը բացասական ձևով է ազդելու հենց ներմուծողի համար:

Անցնենք եկամտային հարկին: Այստեղ նույնպես քննադատությունն այն ուղղությամբ է, որ դրույքաչափը բարձրանում է, և բյուջեն լցնելու խնդիր է լուծվում՝ միջին և միջինից բարձր աշխատավարձ ստացողների հաշվին։

Եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունը չեզոք ազդեցություն է ունենալու բյուջետային եկամուտների վրա: Ընդամենը 1-1.8 մլրդ դրամի լրացուցիչ մուտք է ապահովելու բյուջե, որը, կարծում եմ, էական չէ: Եկամտային հարկի դրույքաչափի ու դիզայնի հիմնական փոփոխությունը նպատակ ունի բարելավել հարկի պրոգրեսիվությունը: Եթե մենք ընդունում ենք, որ եկամտային հարկը ՀՀ-ում պետք է լինի պրոգրեսիվ, ուրեմն դիզայնը պետք է լինի այնպիսին, որ այդ պրոգրեսիվությունն ապահովվի: 2013 թվականից գործող եկամտային հարկի կառուցվածքը, թվում է, պրոգրեսիվ դիզայն է՝ 24.4%, 26% և 36%: Բայց ուշադրություն դարձրեք՝ 24.4% և 26%-ը շատ թույլ պրոգրեսիվության դիզայն է:

Առաջին և երկրորդ շեմերը շատ մոտ են (1.6 կետով), իսկ երրորդը շատ բարձր է՝ 10 կետով: Այսօր՝ փաստացի արդյունքներով ստացվում է, որ բարձր եկամուտ ունեցողները հեշտությամբ տրոհում են իրենց եկամուտները՝ ընկնելով երկրորդ կամ նույնիսկ առաջին շեմի տակ: Ու երբ վերլուծում ենք եկամտային հարկի փաստացի թվերը, ստանում ենք եկամտային հարկի 25% փաստացի դրույքաչափ: Սա առաջին թերությունն է: Այժմ առաջարկվում է 23%, 28% և 33%: Այսինքն՝ տարբերությունը յուրաքանչյուրի միջև 5 կետ է: Ու այս անցման նպատակը պրոգրեսիվությունն ընդգծելն էր:

Գործող համակարգի երկրորդ թերությունն ավելի գլոբալ է: Դա այն է, որ մենք գործող հարկային օրենսդրությամբ Հայաստանում չունենք եկամտային հարկ՝ որպես այդպիսին: Սա, ըստ էության, աշխատավարձից գանձվող հարկն է: Իսկ եթե դիտարկենք տնային տնտեսությունների եկամուտների կառուցվածքը, աշխատավարձի կշիռը բարձր է ցածր եկամուտ ունեցող խմբերի մոտ, և հակառակը՝ ցածր է այն մարդկանց մոտ, ովքեր բարձր եկամուտներ ունեն:  Որովհետև նրանք այլ եկամուտներ ունեն (շահաբաժիններ, տոկոսներ և այլն): Այսինքն՝ եկամտային հարկի բնույթը մեզանում հավասարեցվել է աշխատավարձի հարկի ընկալմանը: Սակայն, եթե ասում ենք՝ եկամտային հարկ, դա պետք է վերաբերի բոլոր եկամուտներին:

Հայտարարագրված բոլոր եկամուտները պետք է ունենան ֆիսկալ հետևանքներ, որն իրականում դա չի ապահովում: Ստացվել է այնպես, որ մեզանում եկամուտների և գույքի հայտարարագրման մեխանիզմն աննպատակ կամ անարդյունավետ է: Մարդիկ հայտարարագրերում եկամուտներ են լրացնում, ու այդ ինֆորմացիան ֆիսկալ առումով ոչ ոքի կարծես հետաքրքիր չէ։

Կարդացեք հարցազրույցի ամբողջական տարբերակը

------------------------------------------------ 

Զրուցեց Բաբկեն Թունյանը

Տպագրվել է 168 ժամ օրաթերթում հունիսի 23-ին

 

Լրատվամիջոցների հետ կապը
Երևանում՝
Վիգեն Սարգսյանին
հեռ. : (374 10) 520 992
vsargsyan@worldbank.org

Api
Api

Welcome