ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում գործարար միջավայրի բարելավման հարցում շոշափելի տեղաշարժ է արձանագրում Doing Business վերջին զեկույցը

հոկտեմբեր 27, 2015Õ©.


Վաշինգտոն, 27 հոկտեմբերի, 2015թ.  – Ինչպես փաստում է գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատող Համաշխարհային բանկի ամենամյա զեկույցը, վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ավելի քան 90 տոկոսում տեղ են գտնել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներ:

Այսօր հրապարակվեց Doing Business 2016. Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում  զեկույցը, որի համաձայն տարածաշրջանի 25 երկրներից 23-ում արձանագրվել է 58 բարեփոխում:

Ղազախստանը, որը տեղ է գրավել ընդհանուր վարկանիշային սանդղակի 41-րդ հորիզոնականում, վերջին տարվա ընթացքում աշխարհում ամենաշատ բարեփոխումներ կյանքի կոչած երկիրն է, որը գործարար ոլորտի կանոնակարգիչ դաշտում իրականացրել է թվով 7 բարեփոխում: Ղազախստանին հաջորդում են Ռուսաստանը (զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը) և Կիպրոսը (զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը)` յուրաքանչյուրն 5-ական բարեփոխումով:

Ակնառու դրական տեղաշարժերը Ղազախստանում հիմնականում ներառում են արհեստածին բյուրոկրատական խոչընդոտների վերացումը մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ Բիզնեսի/նոր գործի մեկնարկ, գույքի գրանցում, պայմանագրերի կիրարկում: Ռուսաստանը գույքի գրանցման ցուցանիշով տեղ է գտել աշխարհի 10-ը լավագույն երկրների շարքում ու նաև կատարյալ գնահատական է ստանում էներգամատակարարման հուսալիության ու էլեկտրաէներգիայի սակագների թափանցիկության մասով: Ինչ վերաբերում է Կիպրոսին, ապա այն նշանակալի դրական տեղաշարժ է ունեցել սնանկության լուծման հարցում:

Հայաստանը հեշտացրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը; Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն  կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները: Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ երկիրը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Եվ, իհարկե պետք է նշել, որ նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում:

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում անցկացված բարեփոխումները կազմում են անցյալ տարվա ընթացքում աշխարհով մեկ իրականացված 231 բարեփոխումների 25 տոկոսը: Տարածաշրջանում են ամենամեծ դրական տեղաշարժեր արձանագրած տասը երկրներից երեքը՝ Կիպրոսը, Ղազախստանը և Ուզբեկստանը: Սրանք այն երկրներ են, որոնք իրականացրել են առնվազն երեք բարեփոխում ու բարելավել են իրենց դիրքը վարկանիշային սանդղակում:

«Գովեստով պետք է նշեմ, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրներն իրենց գործարար միջավայրերը բարելավելու նպատակով  կյանքի են կոչել առնվազն մեկ բարեփոխում, - ասաց Doing Business զեկույցի համակարգող Ռիտա Ռամալհոն, -  այս բարեփոխումների հետ կապված քաղաքական հանձնառության ու եռանդագին աշխատանքի շնորհիվ տարածաշրջանի երկրները կարողացել են զեկույցի շրջանակում գնահատվող ցուցանիշների մասով տեղ գտնել առաջատարների շարքում»:

Այս տարվա Doing Business զեկույցն ամփոփում է  բիզնեսի գործունեության տեղական իրողություններն ավելի լավ արտացոլելու նպատակով  գործարար կանոնակարգիչ դաշտի որակի, ինչպես նաև գործարար կանոնակարգիչ դաշտի նպատակային արդյունավետության գնահատման նշաձողերի ընդլայնման երկամյա աշխատանքները: Զեկույցում փոփոխություններ արձանագրած հինգ ցուցանիշների՝ շինարարական թույլտվությունների, էներգամատակարարման ապահովման, պայմանագրերի կիրարկման, գույքի գրանցման և արտաքին առևտրի մասով Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների ունեցել են լավ արդյունքներ և դա դրական է անդրադարձել տարածաշրջանի շատ երկրների վարկանիշի վրա:

Տարածաշրջանը ամբողջ աշխարհում առանձնանում է գույքի գրանցման ցուցանիշով: Աշխարհի մակարդակով այստեղ գույքի գրանցման արժեքը ամենացածրն է և միջին հաշվով կազմում է գրանցվող գույքի արժեքի 2.6 տոկոսը: Եվ ինչպես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) բարձր եկամուտներով երկրներում, Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում ևս  գույքի գրանցման համար պահանջվում է 22 օր, որն պահանջվող ամենակարճ ժամանակն է աշխարհում:

Տարածաշրջանի լրջագույն խնդիրներից մեկը էներգամատակարարման ցանցին միանալու համար պահանջվող ժամանակն է: Միջին հաշվով այդ միացման համար պահանջվում է 119 օր, մինչդեռ ՏՀԶԿ երկրներում դա կազմում է 78 օր: Սակայն տարածաշրջանում լավ են ցուցանիշները էներգամատակարարման որակի մասով, քիչ են անջատումներն ու խափանումները:

Տարածաշրջանում իրավիճակը բավարար չէ  շինարարական թույլտվությունների ցուցանիշի մասով, քանի որ գործում են խիստ ժամանակատար ընթացակարգեր: Օրինակ՝ Տաջիկստանում շինարարական թույլտվություն ստանալու բոլոր անհրաժեշտ պահանջները բավարարելու համար  պետք է իրականացնել 27 ընթացակարգ՝ ծախսելով 242 օր ժամանակ: Սակայն տարածաշրջանում լավ են ցուցանիշները շինարարության որակի նշաձողերի մասով: Օրինակ՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներում շինարարական աշխատանքների ավարտից հետո օրենսդրությամբ պահանջվում է վերջնական տեխնիկական զննում:

Մակեդոնիան (նախկին Հարավսլավական Հանրապետություն) տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցող երկիրն է՝ 12-րդը 189 երկրների շարքում: Երկիրը գերազանց արդյունքներ ունի գործարարությամբ զբաղվելու դյուրինության մի շարք ոլորտներում ու նաև բարեփոխումներ է իրականացրել անցյալ տարվա ընթացքում: Օրինակ՝ Մակեդոնիան առավել դյուրացրել է բիզնես սկսելը՝ ներդնելով պարտադիր առցանց գրանցում և արդյունքում աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում բիզնես սկսելու դյուրինության ցուցանիշով:

Տարածաշրջանի երկրորդ և երրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրներն են Լիտվան և Լատվիան, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 20-րդ և 22-րդ հորիզոնականները:

Ամբողջական զեկույցի և հարակից տվյալների համար տես՝ https://www.doingbusiness.org/ :

Լրատվամիջոցների հետ կապը
Washington
Indira Chand
հեռ. : +1 (202) 458-0434
+1 (703) 376-7491
ichand@worldbank.org
Yerevan
Vigen Sargsyan
հեռ. : (374 10) 52 09 92
vsargsyan@worldbank.org


Մամուլի հաղորդագրության համարը:
2016/139/DEC (Armenia)

Api
Api

Welcome