Նորություններ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բջջային հեռախոսը հասանելի է դարձել երկրագնդի բնակչության երեք քառորդին

հուլիս 17, 2012թ.

Շարժական հեռախոսակապի առավելագույն օգտագործումը. Համաշխարհային բանկի նոր զեկույցը վեր է հանում մարդկային և տնտեսական զարգացման հնարավորությունները

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 հուլիս  2012 թ.: Ողջ աշխարհում օգտագործվող շարժական կապի 6 միլիարդը գերազանցող բաժանորդագրության պայմաններում, որն աճել է 2000 թ. 1 միլիարդից ցածր ցուցանիշից, բջջային հեռախոսն այժմ հասանելի է աշխարհի բնակչության շուրջ երեք քառորդին: Շարժական կապի պատմությունը տեղափոխվում է նոր հարթություն, որը ոչ այնքան հեռախոսի, որքան դրա օգտագործման եղանակի մասին է, ասվում Համաշխարհային բանկի և «infoDev»-ի, իր տեխնոլոգիական ձեռնարկատիրության և նորարական ծրագրի կողմից այսօր հրապարակված նոր զեկույցում:

«Տեղեկատվությունը և հաղորդակցությունը հանուն զարգացման, 2012 թ., Շարժական հեռախոսակապի առավելագույն օգտագործումը» զեկույցի համաձայն՝ 2011 թ.-ին ներբռնվել է բջջային հեռախոսի ավելի քան 30 միլիարդ կիրառական ծրագիր՝ ծրագրային ապահովում, որն ընդլայնում է հեռախոսների հնարավորությունները, օրինակ՝ դրանք դարձնելով շարժական դրամապանակներ, նավիգացիոն միջոցներ կամ գների համեմատության գործիքներ: Զարգացող երկրներում քաղաքացիներն ավելի հաճախ են օգտագործում բջջային հեռախոսները՝ ապրուստի նոր միջոցների ստեղծման և իրենց ապրելակերպի բարելավման համար, իսկ կառավարությունները դրանք օգտագործում են ծառայությունների մատուցումը և քաղաքացիներից հետադարձ կապ ստանալու մեխանիզմները կատարելագործելու համար: 

«Զարգացող երկրներում շարժական հեռախոսակապի շուրջ հինգ միլիարդ բաժանորդագրությունների պայմաններում շարժական հեռախոսակապը հսկայական հնարավորություններ է առաջարկում մարդկային և տնտեսական զարգացումը բարելավելու համար՝ առողջապահական տեղեկությունների հիմնական հասանելիության ապահովումից մինչև կանխիկ վճարումների կատարումը, աշխատատեղերի ստեղծման խրախուսումն ու ժողովրդավարական գործընթացներին քաղաքացիների ներգրավման խթանումը» -, ասաց Համաշխարհային բանկի կայուն զարգացման գծով փոխնախագահ Ռեյչըլ Քայթը:  «Արդի մարտահրավեր է զարգացող երկրներում հնարավորություն ստեղծել, որ մարդիկ, տնտեսավորողները և կառավարությունները մշակեն տվյալ երկրին համապատասխանող բջջային կիրառական ծրագրեր, որպեսզի կարողանան լիարժեք օգտագործել այս հնարավորությունները»:

Սույն նոր՝ Համաշխարհային բանկի «Հանուն զարգացման տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ-ներ) մասին» շարքի երրորդ զեկույցում վերլուծվում են շարժական հեռախոսակապի ոլորտի աճը և զարգացումն ու դյուրակիր սարքերին  մատուցվող՝ տվյալների վրա հիմնվող ծառայությունների, այդ թվում՝ կիրառական ծրագրերի, վերելքը: Զեկույցում ուսումնասիրվում են ձևավորվող «կիրառական ծրագրերի տնտեսության» զարգացման հետևանքները, հատկապես գյուղատնտեսության, առողջապահության, ֆինանսական ծառայությունների և կառավարման ոլորտում և թե ինչպես է այն փոխում ձեռնարկատիրության և զբաղվածության մոտեցումները:

«Շարժական կապի հեղափոխությունը գտնվում է իր աճի կորի ճիշտ սկզբնամասում. շարժական սարքերն աստիճանաբար էժանանում և հզորանում են, իսկ ցանցերի թողունակությունը գրեթե 18 ամիսը մեկ կրկնապատկվում է և ընդլայնվում գյուղական վայրերի ուղղությամբ »,- ասաց Թիմ Քելլին՝ Համաշխարհային բանկի ՏՀՏ քաղաքականության ոլորտի գլխավոր մասնագետը և  զեկույցի հեղինակներից մեկը:

Աշխարհի երկրներն օգտագործում են այս ներուժը, օրինակ՝

  • Հնդկաստանի Կերալ նահանգում 2010 թ. դեկտեմբերին «mGovernment»  ծրագրի մեկնարկից հետո տեղադրվել  է 20-ից ավելի կիրառական ծրագիր և դյուրացվել կառավարության և քաղաքացիների միջև 3 միլիոնից ավելի շփում:
  • Քենիան «շարժական կապը հանուն զարգացման» ոլորտում որպես առաջատար է հանդես գալիս ՝ հիմնականում պայմանավորված «M-PESA» շարժական կապի միջոցով վճարումների էկոհամակարգի հաջողությամբ: Օրինակ՝ Նաիրոբիում գտնվող «AkiraChix» ընկերակցությունը կին տեխնոլոգներին գործնական կապերի հաստատման և ուսուցում ստանալու հնարավորություն է տալիս:
  • Պաղեստինում «Սուկթել»-ի «JobMatch» ծառայությունը երիտասարդներին օգնում է աշխատատեղեր գտնելու հարցում: Ծառայությունից օգտվող քոլեջի շրջանավարտները նշել են, որ աշխատանք փնտրելու վրա ծախսում են ավելի քիչ ժամանակ ՝ միջինը տասներկու շաբաթից մեկ կամ պակաս շաբաթ, և աշխատավարձերը բարձրացել են մինչև 50 տոկոսով:

Հաշվետվությամբ շեշտադրվում է կառավարությունների դերը բջջային կիրառական ծրագրերի մշակումը հնարավոր դարձնելու հարցում: Այն ընդգծում է նաև, թե ինչպես շարժական կապի նորարարական լաբորատորիաները՝ ծրագիր մշակողների ուսուցման և նորաստեղծ ընկերությունների ինկուբացիայի համար համատեղ օգտագործվող տարածքը, կարող են օգնել նոր կիրառական ծրագրերի մուտքը շուկա ապահովելու հարցում: Օրինակ՝ infoDev-ը, Ֆինլանդիայի կառավարության և Նոկիայի հետ համատեղ, Հայաստանում, Քենիայում, Պակիստանում, Հարավային Աֆրիկայում և Վիետնամում ստեղծել է բջջային կապի նորարական հինգ տարածաշրջանային լաբորատորիաներ (mLabs): infoDev-ն օգտագործում է նաև բջջային սոցիալական ցանցի միջոցով շարժական կապի հանգույցներում (mHubs) ձեռներեցների և այլ շահագրգիռ կողմերի միջև գործարար կապերի հաստատումը:

«Բջջային կիրառական տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռնարկությունների մեծ մասը գտնվում է զարգացման վաղ փուլում, սակայն ունի զբաղվածության և տնտեսական հսկայական ներուժ՝ նման 1980-ականներին և 1990-ականներին ծրագրային ապահովման ոլորտի ներուժին: Անհրաժեշտ է ձեռներեցներին օժանդակել գործարար կապերի ստեղծման և ինկուբացիայի հարցում՝ այդ ներուժի օգտագործումն ապահովելու համար »,- ասաց Վալերի ԴըԿոստան՝  infoDev-ի ծրագրի ղեկավարը:

Զեկույցին օժանդակել է Ֆինլանդիայի կառավարության արտաքին գործերի նախարարության, ICT4D-ի համար Կորեայի հավատարմագրային հիմնադրամի և UKaid-ի ֆինանսավորմամբ իրականացված հետազոտությունը: Այն պարունակում է ավելի քան 150 տնտեսությունների աղյուսակներ՝ մեկ հայացքով, որոնք արտացոլում են շարժական կապի ոլորտի մատչելի ամենավերջին տվյալները և ցուցանիշները: Զեկույցում ներկայացվում է նաև յուրաքանչյուր երկրի շարժական կապի ոլորտի համապատասխան կատարողական ցուցանիշների ուսումնասիրության վերլուծական գործիք, որպեսզի քաղաքականություն մշակողները հնարավորություն ունենան գնահատելու իրենց կարողություններն այլ երկրների համեմատ:

Լրատվամիջոցների հետ կապը
  • - Հեռարձակման դիմումների համար
  • Նատալիա Սիեզլիկ
  • հեռ. : (202) 458 9369
Մամուլի հաղորդագրության համարը:
2012/015/SDN