ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկն օժանդակում է Հայաստանին` պաշտպանելու իր անապահովներին և բարձրացնելու երկրի մրցունակությունը

փետրվար 14, 2012Õ©.




Վաշինգտոն, 14 փետրվարի, 2012 թ. – Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց ֆինանսական ծրագիր, որի նպատակն է օգնել Հայաստանին պաշտպանելու իր առավել անապահով բնակչությանը, աջակցելու մարդկային կապիտալի զարգացմանը, և բարձրացնելու մրցունակությունը` մասնավոր հատվածի համար առավել նպաստավոր միջավայր ապահովելու և կառավարումն ուժեղացնելու միջոցով: Հայաստանին տրամադրվող Երրորդ Զարգացման քաղաքականության գործառնությունը (ԶՔԳ)` 80 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով, իրականացվում է Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) կողմից հատկացված փոխառությամբ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) վարկով, և վերջինն է այն երեք գործառնություններից, որոնք կոչված են սատարելու Հայաստանի կառավարությանը` իր ռազմավարական նպատակներին հասնելու գործում:

«Այս գործառնությամբ ավարտվում է 2009 թ. սկսված ծրագրերի շարքը, որն առանցքային տեղ էր գրավում Համաշխարհային Բանկի` Հայաստանի հետ իրականացվող Երկրի գործընկերության ռազմավարության (ԵԳՌ) մեջ, քանի որ այն օժանդակել է Հայաստանի կառավարության բարեփոխումների ընդհանուր ծրագրի հիմնական տարրերին` ուղղված տնտեսության վերականգնման կայունացմանը և անապահով ու խոցելի խավերի պաշտպանությանը»,- ասում է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն պրն. Ասադ Ալամը:

Այս գործառնությունն աջակցում է պետական բյուջեով նախատեսված աղքատամետ ծախսերի պահպանմանը, սոցիալական ապահովության ծրագրերի հասցեականության բարելավմանը, աղքատ համայնքներում նախադպրոցական ծրագրերի հասանելիությունը բարձրացնելուն, կրթության կառավարման արդյունավետության խթանմանը, ինչպես նաև առողջապահական ծառայություններում համավճարի քաղաքականության ներմուծմանը` ապահովելով համապատասխան արտոնություններ աղքատ ու խոցելի խավերի համար:

Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու և նրա աճի ներուժը հզորացնելու համար գործառնությունը կարևորում է մեկ պատուհանի սկզբունքի ներդնումը ձեռնարկությունների գրանցման գործընթացում, ռիսկերի վրա հիմնված աուդիտի ներմուծումը, կանաչ միջանցքների մշտական կիրառումը` մաքսազերման գործընթացը դյուրացնելու նպատակով, էլեկտրոնային հաշվետվության համակարգի կիրառումը` հարկային պարտավորություններն իրականացնելու հետ կապված ծախսերը նվազեցնելու նպատակով, և Ընդերքի մասին նոր օրենսգրքի կիրարկմանն ուղղված կանոնակարգի մշակումը` ներդրումներ գրավելու նպատակով:

«Չնայած տնտեսության վերականգնումն ընթացքի մեջ է, Հայաստանի առջև կանգնած են մարտահրավերներ` շուկա` նոր ընկերությունների մուտքը և տնտեսական մրցակցությունը խթանելը, այդ թվում` տնտեսության արտահանող հատվածներում, և աճի աղբյուրների դիվերսիֆիկացիան: Համաշխարհային բանկը վճռականորեն է տրամադրված օժանդակելու իշխանությունների ջանքերին այս մարտահրավերներին դիմակայելու հարցում»,- ասում է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար պրն. Ժան-Միշել Հապին:

«Զարգացման քաղաքականության գործառնությունների շարքն օժանդակել է առաջնահերթ բարեփոխումների փաթեթին, որն անհրաժեշտ է Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու համար»,- նշում է Համաշխարհային բանկի ծրագիրը մշակած աշխատանքային խմբի ղեկավար Սուլեյման Կուլիբալին: - «Սա հատկապես կարևոր է գլոբալ բարդ միջավայրի համատեքստում աճի խթանման հնարավորության համար: ԶՔԳ ծրագիրն օժանդակել է նաև սոցիալական ապահովության ցանցը հզորացնելուն, որն առանցքային է Հայաստանում աղքատության կրճատման հարցում»:

Երրորդ ԶՔԳ-ն ներառում է ՄԶԸ 50 մլն ԱՄՆ դոլար փոխառություն և ՎԶՄԲ 30 մլն ԱՄՆ դոլար վարկ: ՄԶԸ փոխառությունն ունի 25 տարվա մարման ժամկետ` 5 տարի արտոնյալ ժամկետով, իսկ ՎԶՄԲ վարկը` 25 տարվա մարման ժամկետ` 10 տարի արտոնյալ ժամկետով:

1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին Հայաստանի անդամակցությունից հետո` նրա նկատմամբ ՀԲ և ՄԶԸ ստանձնած հանձնառությունների ընդհանուր գումարը կազմում է 1.597 միլիոն ԱՄՆ դոլար:

Լրատվամիջոցների հետ կապը
---ում Yerevan
Armine Grigoryan
հեռ. : (374 10) 52 09 92
agrigoryan1@worldbank.org
---ում Washington
Vigen Sargsyan
հեռ. : (202) 458-2736
vsargsyan@worldbank.org

Մամուլի հաղորդագրության համարը:
2012/274/ECA

Api
Api

Welcome