ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ

հունվար 20, 2011Õ©.



Վիճակագրական վերլուծական զեկույց
(2009թ. տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները)

          “Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը” ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) զեկույցը միտված է արտացոլելու Հայաստանի սոցիալական վիճակի և կենսամակարդակի փոփոխությունները: Սույն զեկույցը թվով տասնմեկերորդն է ՀՀ ԱՎԾ կողմից ամենամյա պարբերականությամբ հրապարակվող համանուն զեկույցների շարքում: Նշյալ զեկույցների հիմնական նպատակն է տրամադրել տեղեկատվություն երկրում աղքատության մակարդակի և սոցիալական վիճակի վերաբերյալ:
            2007թ. հունվարի 1-ից  սկսած տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունն (ՏՏԿԱՀ) իրականացվել է ՀՀ պետական բյուջեի և “Հազարամյակի մարտահրավեր” հիմնադրամ – Հայաստան” պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՄՀ-Հայաստան)  համաֆինանսավորմամբ` 7872 տնային տնտեսությունների շրջանում: 2007-2011թթ. ընթացքում, ի թիվս այլ գործառույթների, ՏՏԿԱ հետազոտությունն օգտագործվել և օգտագործվելու է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի և ՀՀ կառավարության միջև կնքված 235.65 մլն. դոլար ($) արժողությամբ Համաձայնագրի ազդեցության գնահատման նպատակով:
             Թեև զեկույցի հիմքում հիմնականում ՀՀ ԱՎԾ կողմից իրականացված տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքներն են, օգտագործված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների  կողմից տրամադրված տեղեկատվությունը:
            2007 - 2009թթ. ՏՏԿԱՀ –ի նախապատրաստման, կազմակերպման, արդյունքների ամփոփման և զեկույցի շարադրման աշխատանքներին անմիջականորեն ներգրավվել են Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի և “Հազարամյակի մարտահրավեր” հիմնադրամ – Հայաստան” պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետները: Զեկույցի վերլուծական շարադրանքն իրագործվել է Համաշխարհային Բանկի վերլուծական և տեխնիկական աջակցությամբ:
           Զեկույցում ներկայացվում են, ինչպես 2009թ.-ի, այնպես էլ 2008թ.-ի  Հայաստանի  աղքատության պատկերը:  Համաշխարհային Բանկի տեխնիկական  աջակցությամբ 2008-2009թթ.-ի համար օգտագործվել է սպառման ագրեգատի և աղքատության գծերի գնահատման ավելի ճշգրտված (ըստ ավելի մանրամասնեցված տարրերի և աղքատության եռաստիճան մակարդակների գնահատման) մեթոդաբանությունը:
         Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, սկսած 2008թ. չորրորդ եռամսյակից, հարվածել է նաև Հայաստանի տնտեսությանը: 2009թ.-ի արդյունքներով արձանագրվեց Հայաստանի տնտեսության խոր` 14.2%, անկում : Որպես արդյունք, նույն տարում աղքատության մակարդակն առաջին անգամ 1998թ.-ից հետո աճեց:
          2009թ.-ին 2008թ.-ի նկատմամբ աճել է թե´ աղքատության մակարդակը, թե´ դրա  խորությունն ու սրությունը: 2009թ.-ին բնակչության մոտավորապես ամեն երրորդը` 34.1% , եղել է աղքատ, նրանցից ամեն հինգերորդը`20.1%, շատ աղքատ, իսկ  3.6%`ծայրահեղ աղքատ: Միայն մեկ տարվա ընթացքում մոտ 214 հազար մարդ դարձել է աղքատ, հասցնելով աղքատների թվաքանակը 2009թ.-ին մոտ 1.1 մլն. մարդու (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), մոտ 245 հազարը` նույն ժամանակահատվածում դարձել են  շատ աղքատ, հասցնելով շատ աղքատների թվաքանակը ավելի քան  650 հազարի: Միայն մեկ տարվա ընթացքում  մոտ 65 հազարը դարձել են  ծայրահեղ  աղքատ, հասցնելով ծայրահեղ  աղքատների թվաքանակը 2009թ.-ին մոտ   117 հազարի:
          2009թ.-ին աղքատության գիծը հաշվարկվել է  օգտագործելով  2009թ.-ի փաստագրված նվազագույն պարենային զամբյուղը և գնահատված` ոչ պարենային ապրանքների մասնաբաժինը: Հաշվի առնելով գնաճը ճշգրտվել են  2008թ.-ի աղքատության գծերը, այն պայմանով, որ հաջորդ մի քանի տարիների ընթացքում  պարենային և ոչ պարենային սպառման հարաբերակցությունը 2009թ.-ի համեմատ կմնա անփոփոխ:

           Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ  աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:

        2009թ.-ին աղքատության ընդհանուր` վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղաղքատության գիծը` արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով  մեկ ամսվա համար  գնահատվել են, համապատասխանաբար` 30920 (կամ 85.1 ԱՄՆ դոլար) , 25217 դրամ (կամ 69.4 ԱՄՆ դոլար)   և 17483 դրամ (կամ 48.1 ԱՄՆ դոլար) :             
          Աղքատության խորության 7.8 % գնահատականը ցույց է տալիս, որ եթե երկիրը հնարավորություն ունենար յուրաքանչյուր անհատի հաշվով  (և` աղքատ, և` ոչ աղքատ) համախմբելու աղքատության գծի 7.8 %-ին համարժեք ռեսուրսներ, և եթե այդ ռեսուրսները հատկացվեին աղքատներին, ապա աղքատությունը տեսականորեն կվերացվեր, ենթադրելով, որ աղքատներին ուղղված աջակցությունն ամբողջությամբ հատկացվում է աղքատներին: Եթե  աղքատության խորությունը  հաշվարկվում է միայն աղքատ բնակչության հաշվով, ապա այն ցույց է տալիս աղքատության պակասուրդը, այսինքն` այն ցույց է տալիս, թե որքանով է աղքատների միջին եկամուտը (կամ սպառումը) ցածր աղքատության գծից:
          Աղքատության սրությունը ցույց է տալիս աղքատների միջև եղած անհավասարությունը:  Այն հաշվի է առնում, որ որոշ աղքատների սպառումը շատ է հեռու աղքատության գծից, իսկ որոշ աղքատներինը` շատ մոտ:

Աղքատության հիմնական ցուցանիշները  2008- 2009թթ.-ին,(%)


         2009թ.-ի ընթացքում Հայաստանում աղքատությունը նկատելի աճել է: 2009թ.-ին աղքատության մակարդակը կազմել էր 34.1% 2008թ.-ին արձանագրված  27.6%-ի դիմաց: Շատ աղքատների տեսակարար կշիռը 2009թ.-ին կազմել է 20.1% 2008թ.-ին արձանագրված  12.6%-ի դիմաց :Իսկ  ծայրահեղ աղքատության մակարդակը 2009թ.-ին կազմել է 3.6% 2008թ.-ին արձանագրված  1.6%-ի դիմաց: 
        Նախորդ տարվա նկատմամբ 2009թ.-ին առավել արագ ավելացել է ծայրահեղ աղքատության մակարդակը` 2.3 անգամ (կամ 2.0 տոկոսային կետով), շատ աղքատների աղքատության մակարդակը ավելացել է 1.6 անգամ (կամ 7.5 տոկոսային կետով), իսկ ընդհանուր աղքատության մակարդակը` 23.6 %-ով (կամ 6.5 տոկոսային կետով): Աղքատությունը 2009թ.-ին  դարձել է ավելի խորը և սուր: 2009թ.-ին աղքատության խորությունը գնահատվել է 7.8%` 2008թ.-ի 5.1 %-ի համեմատ (աճը 1.5 անգամ), իսկ աղքատության սրությունը գնահատվել է 2.4 %` 2008թ.-ի 1.4 %-ի համեմատ (աճը 1.7 անգամ):
        Աղքատության գծի նկատմամբ աղքատների համար անհրաժեշտ լրացուցիչ սպառման պակասուրդը կազմել է 22.8 %:
        2008-2009թթ.-ին Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարևոր գործոնը տնտեսության խոր անկումն է `14.2%: Տնտեսության խոր անկումը զուգորդվելով բնակչության եկամուտների ավելացող անհավասարության հետ, նպաստել են բնակչության սպառման նվազմանը: Ինչպես բացահայտում են  2009թ.-ի ՏՏԿԱՀ տվյալները, ողջ բնակչության միջին ամսական իրական սպառումը  2008թ.-ի համեմատ նվազել է 6.1 տոկոսով: Նվազումը նկատվել է սպառման բոլոր քվինտիլներում:
         Աղքատությունը 2009թ. շատ չի տարբերվում ըստ քաղաքային (33.7%) և գյուղական բնակավայրերի (34.9%), սակայն եթե 2008թ.-ին աղքատության մակարդակը ըստ քաղաքային բնակավայրերի գերազանցել է գյուղականին, ապա 2009թ.-ին աղքատության մակարդակը ըստ գյուղական բնակավայրերի գերազանցում է քաղաքայինին: 
        2008-2009 թթ.-ին աղքատության մակարդակի բարձրացումը գյուղական բնակավայրերում ավելի արագ էր ընթանում, քան քաղաքային բնակավայրերում (7.4 տոկոսային կետ, 6.1 տոկոսային կետի դիմաց): Չնայած, որ մայրաքաղաք Երևանում աղքատության մակարդակը ամենացածրն է երկրում, այն ավելի շատ է տուժել գլոբալ տնտեսական ճգնաժամից, քան  Երևանից դուրս, այլ քաղաքային բնակավայրերը  (2008թ-ի համեմատ աղքատության աճը Երևանում 2009 թ.-ին կազմել է 6.6 տոկոսային կետ, Երևանից դուրս, այլ քաղաքային բնակավայրերում`5.7 տոկոսային կետ): Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (65.5 %) քաղաքաբնակներ են:
        Ջինիի գործակցի միջոցով գնահատված անհավասարության ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում բնակչության բևեռացումն ըստ եկամուտների ցուցանիշի,  ավելի խորն է` սպառման ցուցանիշի համեմատ:
        2009թ.-ին, սպառման անհավասարությունը, որը չափվում է Ջինիի  գործակցով, ավելացել է`  կազմելով 0.257`, 2008թ.-ի 0.242 համեմատ: Ըստ եկամուտների անհավասարությունը ավելացել է` կազմելով 2009թ.-ին 0.355`, 2008թ.-ի  0.339 համեմատ:

Աղքատության և կենսամակարդակի վերաբերյալ բնակչության սուբյեկտիվ գնահատականները

        2009թ.-ի հետազոտության ընթացքում տնային տնտեսությունների 16 և բարձր  տարիքի առկա անդամներին տրվել են մի շարք հարցեր, որոնց հիման վրա գնահատվել են կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականները: Հայաստանում մեկ չափահասին համարժեք սպառման ագրեգատի հիման վրա հաշվարկված կենսամակարդակի օբյեկտիվ գնահատականի (34.1%) համեմատ, սուբյեկտիվ գնահատականները (իրենց բարեկեցության վերաբերյալ անհատների անձնական տեսակետներն) ավելի ցածր են (17.9% ):
       Իրենց ծայրահեղ աղքատ են համարել միայն 2.9%-ը` 3.6% մեկ չափահասին համարժեք սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակի համեմատ: Նմանապես, իրենց աղքատ են գնահատել (առանց ծայրահեղ աղքատների)  15.0%-ը` մեկ չափահասին համարժեք սպառման ցուցանիշով գնահատված 30.5%-ի համեմատ: 2008թ.-ի համեմատ 2009թ.-ին աղքատության մակարդակի վերաբերյալ սուբյեկտիվ գնահատականներն ավելի բարծր են  (2009թ.-ին 17.9 %-ը  2008թ.-ի 17.0%-ի համեմատ):                                                                                                                                                

Բավարարվածությունը մատուցվող վճարովի ծառայությունների որակից  

       Հետազոտության ընթացքում պարզվել է հարցմանը մասնակցած տնային տնտեսությունների տեսակետը մատուցվող վճարովի ծառայությունների վիճակի վերաբերյալ:  Աղյուսակում ներկայացված է հարցման մասնակիցների բավարարվածությունը մատուցվող վճարովի ծառայություններից: Աղյուսակից երևում է, որ տնային տնտեսությունները հիմնականում բավարարված են էլեկտրաէներգիայի մատակարարումից: 2009թ.-ի ՏՏԿԱՀ մասնակցած տնային տնտեսությունների 97.6%-ը վկայել է այդ մասին:   Բավարարվածության աստիճանը բարձր է նաև  հասարակական  տրանսպորտի  աշխատանքից` 84.8%, հեռախոսային ծառայություններից `80.1%, փոստի ծառայություններից` 77.8%,  ջրահեռացման ծառայությունից`68.5%: Տնային տնտեսությունների անբավարարվածության աստիճանն ամենաբարձրն է աղբահանման, ջրամատակարարման և առողջապահական ծառայություններից: 2008թ.-ի համեմատ 2009թ.-ին տնային տնտեսությունների բավարարվածությունը մատուցվող վճարովի ծառայություններից հիմնականում  աճել է:    

Բավարարվածությունը մատուցվող վճարովի ծառայություններից

Վճարովի ծառայությունների անվանումը

Բավարարված են

Բավարարված չեն

Դժվարացել են պատասխանել

2008թ.

2009թ.

2008թ.

2009թ.

2008թ.

2009թ.

Ջրամատակարարում               

57.1

67.3

42.5

32.2

0.4

0.5

Ջրահեռացում

65.0

68.5

23.1

20.3

11.9

11.2

Աղբի հավաքում

54.1

64.9

42.4

32.4

3.5

2.7

Հեռախոս

74.2

80.1

13.5

10.9

12.3

9.0

Էլեկտրաէներգիայի մատակարարում

97.4

97.6

2.4

2.2

0.2

0.2

Փոստ

73.7

77.8

2.6

3.0

23.7

19.2

Բանկերի աշխատանք

61.4

63.8

2.4

4.4

36.2

31.8

Ոռոգում

18,2

19.3

20.9

17.8

60.9

62.9

Առողջապահություն               

56.1

60.4

29.0

29.1

14.9

10.5

Կրթություն         

62.2

62.0

15.5

16.5

22.3

21.5

Հասարակական տրանսպորտ

80.2

84.8

15.6

12.2

4.2

3.0

Աղբյուրը. 2008 և 2009թթ.. ՏՏԿԱՀ


Մամուլի հաղորդագրության համարը:
ECA

Api
Api

Welcome