Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկի փոխնախագահի այցը Հայաստան

սեպտեմբեր 8, 2010Õ©.



Երևան, 8-ը սեպտեմբերի 2010թ. - Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լե Ուերուն սեպտեմբերի 9-ից 12-ը կայցելի Հայաստան: Այցելության նպատակը երկրի ղեկավարության` նախագահի, վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև միջազգային գործընկերների, գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության հետ վերջին տնտեսական և սոցիալական զարգացումները և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի տնտեսական վերականգնմանն աջակցելու հնարավոր ուղիները քննարկելն է:

«Ուրախ եմ տեսնել, որ տնտեսական ճգնաժամից հետո երկրում աճ է գրանցվում: Մենք պետք է աշխատենք Հայաստանի կառավարության հետ,որպեսզի դիմագրավենք ապագա մակրոտնտեսական անկայունությունն ու ռիսկերը և ամրապնդենք տնտեսության վերականգնման հիմքերը,- նշել է Ֆիլիպ լե Ուերուն- Համաշխարհային բանկը շարունակելու է իր աջացությունն այն ծրագրերին, որոնք ուղղված են տնտեսական աճի խթանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և անապահով ու խոցելի խավերին օժանդակությանը: Դրանք են` գյուղական ճանապարհների, աղքատներին ուղղված սոցիալական աջակցության, ջրամատակարարման, առողջապահական կենտրոնների վերականգնման և այլ ծրագրեր»:

Հայաստանում լե Ուերուն կայցելի Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի վայրերը` Արմավիր քաղաքի վերջերս վերակառուցված հիվանդանոց, Արմավիրի վերականգնված ջրանցք, Շենգավիթի համայնքում առաջին ատյանի վերակառուցված դատարան և հիդրոէլեկտրակայան Դիլիջանում: Նա կգնահատի Հանքավանում Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև կմասնակցի Երևանի Էրեբունի համայնքում կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայի բացման արարողությանը:

Պարոն լե Ուերուն կմասնակցի նաև Համաշխարհային բանկի և կառավարության համատեղ կազմակերպած` Դիլիջանում կայանալիք մեկուկես օր տևողությամբ բարձր մակարդակի քննարկմանը: «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով այս ֆորումը կանդրադառնա այն հարցերին, թե ինչպես կարող են հետճգնաժամային հանրային քաղաքականությունները խթանել ներդրումները, արտահանումն ու աղքատության հաղթահարումը Հայաստանում, և թե ինչպես կարող է Համաշխարհային բանկը շարունակել իր աջակցությունն այս ուղղությամբ:

Համաշխարհային բանկի` Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության 2009-2012 թթ. ծրագիրը մեկնարկել է 2009 թ. հունիսին : Ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու դրա ազդեցությունը Հայաստանի վրա: Այն կենտրոնանում է կարճաժամկետ հատվածում սոցիալական խոցելիության և անապահով խավերի վրա ճգնաժամի անբարենպաստ ազդեցության մեղմացման, ինչպես նաև, միջնաժամկետ հատվածում` տնտեսական մրցունակության և աճի խթանման անհրաժեշտության վրա: 2009-2012 թթ. ռազմավարության շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցությունը (ՄԶԸ) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) տրամադրում են 545 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ: Հայաստանում իր գործունեության ընթացքում Համաշխարհային բանկն իրականացրել է 54 ծրագիր` 1 միլիարդ 373 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:

Մամուլի հաղորդագրության համարը:
ECA

Api
Api