Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ԿԱՐԾԻՔՆԵՐ

Հանուն Հայաստանի ապագայի. հասկանանք, որ աղջիկ ծնվելը լավ է

մարտ 3, 2015Õ©.

Լորա Ի. Բեյլի - Երևանի գրասենյակի տնօրեն Voices

Հայաստան տեղափոխվելուց հետո ամենատպավորիչ բաներից մեկը, որ ես նկատեցի՝ ընտանեկան, ազգակցական կապերի ամրությունն էր և այն, թե ժամանակի ընթացքում Հայաստանի այս սոցիալական կառույցն ինչպես է զարգացել՝ հաղթահարելով հեռավորությունը և դառնալով ավելի ու ավելի զորեղ ի հեճուկս դժվարությունների:

Այս ամուր սոցիալական կապերը կարևոր բաղադրիչ են Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին արձագանքելու հարցում, և դա, պատշաճ մոբիլիզացման դեպքում, կարող է խթանել երկրի հնարավորությունները՝ կրճատելու աղքատությունն ու ապահովելու տնտեսական աճի ու բարեկեցության բաշխումը բոլորի միջև: 

Ամեն տարի Համաշխարհային բանկն օգտագործում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության գերազանց աշխատանքի արդյունքում ձևավորված վիճակագրությունը, միջազգային աղբյուրներով հասանելի տվյալները, ինչպես նաև մեր բաց տվյալները՝ խորությամբ ուսումնասիրելու այս կամ այն սոցիալ-տնտեսական դինամիկան: Վերջերս իմ գործընկերներ Նիշտա Սինհան, Մարիա Դավալոսը և Ջորջիա Դեմարչին համադրեցին մի շարք որակական ու քանակական հետազոտություններ, այդ թվում և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կատարած մի ուսումնասիրություն, որոնցում արծարծվում է մի լուրջ սոցիալական հիմնախնդիր, այն է  Հայաստանի բնակչության սեռերի համամասնության շեղումը:

Գծապատկեր 1.  Սեռերի համամասնությունը Հայաստանում խախտված է

 Համամասնության շեղում

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տարեց ազգաբնակչության շրջանում տղամարդկանց թիվն ավելի պակաս է, քան կանանց թիվը: Սա այնքան էլ անակնկալ չէ, եթե հաշվի առնենք, որ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կանանց կյանքի սպասվելիք տևողությունը մի քիչ ավել երկար է, քան տղամարդկանցը: Հայաստանում տարբերությունը շատ ակնառու է և, թերևս, կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով, մասնավորապես՝ կենսակերպից բխող հիվանդությունների նկատմամբ առավել խոցելի լինելու հանգամանքով, ինչպես նաև տարեց կանանց համեմատ տարեց տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների ավելի բարձր ցուցանիշով: Ցավոք այս ուղղությամբ շատ քիչ հետազոտություններ են կատարված ու քաղաքականության առումով էլ այս հարցի վերաբերյալ առանձնակի ուշադրություն չի դրսևորվել:

Սակայն տարիքային սանդղակի հակառակ կողմում կա մեկ այլ ակնհայտ իրողություն. վաղ տարիքային խմբերում աղջիկների թիվը սպասվածից քիչ է: Կարծես թե, Հայաստանում աղջիկները չեն ծնվում:

Չծնված աղջիկներ

«Չծնված աղջիկներ» արտահայտությունը որպես եզրույթ առաջին անգամ գործածեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Ամարթյա Սենը՝ նկարագրելու այն աղջիկ երեխաներին, որոնք չեն ծնվում՝ մինչ ծնվելը երեխայի սեռի ընտրության կամ հղիության ընթացքում տեղ գտած միջամտությունների հետևանքով: Ավելի լայն առումով, սա նախանշում է հասարակության մեջ տիրող գենդերային անհավասարության իրավիճակը և դրսևորվում է խիստ ու չափելի ձևով. նորածին տղաների հարաբերակցությունը նորածին աղջիկների նկատմամբ ավելի բարձր է, քան սպասելի է բնականոն կենսաբանական հանգամանքներում: Բնականոն հարաբերակցությունը 100 աղջկա դիմաց կազմում է 106 տղա:

Այս խնդիրը հատկապես լայնորեն քննարկվում է աշխարհի երկու խոշորագույն երկրների՝ Չինաստանի ու Հնդկաստանի հետ կապված, բայց խնդիրը նաև շատ ակնառու կերպով առկա է Հարավային Կովկասի երեք փոքր պետություններում: Հայաստանում 100 նորածին աղջկա դիմաց ծնվում է 114 նորածին տղա, Ադրբեջանում՝ 116, իսկ Վրաստանում՝ 108: Չինաստանում և Հնդկաստանում այս ցուցանիշը կազմում է համապատասխանաբար 117 և 111:

Հայաստանում նորածին տղաների թվի ավելացում և նորածին աղջիկների թվի նվազեցում սկսվել է նկատվել դեռևս 1990-ականների սկզբներին, ճիշտ այն ժամանակվանից, երբ նկատվել է ծնելիության անկում: Այս երկու խնդիրները՝ նորածինների սեռերի անհամամասնությունը և ցածր ծնելիությունը, Հայաստանից արտերկիր կայուն միգրացիայի հետ միասին վերցրած, երկրի համար բարդ սոցիալական մարտահրավեր են ներկայացնում:

Գծապատկեր 2. Նորածին տղա-աղջիկ համամասնությունը բարձրանում է 1990-ականների սկզբներից՝ ծնելիության անկմանը զուգընթաց 

Ընտրություն ի պատասխան ձևավորված ճգնաժամի

Սոցիալական դինամիկան, որն հանգեցնում է ծնելիության անկման, բարդ է, և կարծես թե դա առավել սրվում է աղջկա կարգավիճակի ու արժեքի վերաբերյալ ավանդական նորմերի ազդեցության ներքո: Քանակական հետազոտությունները ցույց են տալիս, որ «վատ ժամանակներում» իրարից շատ տարբերվող երկրներում, ինչպիսիք են Հայաստանն ու Չինաստանը, մեծանում է «արու զավակի նախընտրելիությունը»:

Օրինակ՝ Չինաստանում նորածինների սեռերի անհամամասնություն նկատվել է ներքին պատերազմների, ներխուժումների, սովերի ժամանակահատվածում՝ 1920-ից 1960 թվականների միջակայքում: Հայաստանում նորածին տղաների թվի ավելացում սկսվեց նկատվել Խորհրդային Միության փլուզումից հետո: Կան նաև որոշ փաստեր առ այն, որ 2008-2010թթ. ճգնաժամը նույն կերպ անդրադարձավ ծնելիության վերաբերյալ որոշումների վրա:

Ներդրում հանուն Հայաստանի ապագայի

«Արու զավակի նախընտրելիության» պատճառներն անկասկած բարդ են: Հայերը մի շարք պատճառներ են մատնանշում դրա համար, մասնավորապես՝ ծնողներին ֆիզիկապես ու ֆինանսապես նեցուկ լինելը, ազգի պաշտպան լինելը, ընտանիքը շարունակելը և ընտանիքի սոցիալական դիրքը պաշտպանելը:

Հայաստանի կառավարության համար հավասարապես բարդ են քաղաքականության հետ կապված մարտահրավերները, քանի որ խնդիրներն ունեն պատմական, սոցիալական, տնտեսական և հոգեբանական հիմքեր: Համաշխարհային փորձից քաղած հետևյալ դասերը կարող են քաղաքականություն մշակողների համար ուսանելի լինել.

  • Պտղի սեռը որոշող տեխնոլոգիաների կիրառումն արգելելը հղի է լուրջ և երբեմն էլ ճակատագրական հետևանքներով, քանի որ այդ կերպ ընտանիքի որոշումները կայացվում են «ընդհատակում».
  • Գենդերային հավասարության խթանումն ու կանանց տնտեսական դերակատարման մեծացումը կարող է օգտակար լինել այն առումով, որ կանայք կկարողանան ճնշումներին դեմ գնալ.
  • Վերարտադրողական առողջության մասին հանրությանը հստակ տեղեկատվություն ապահովելը կարող է օգնել դուրս մղելու այն hամոզմունքները, որոնք նախապաշարումներ են ձևավորում թե կանանց, թե տղամարդկանց մոտ.
  • Աղջիկների դրական պատկերի ու հասարակության մեջ նրանց ունեցած արժեքի շեշտադրումը կարող է փոխել հին սովորույթներով պայմանավորված մոտեցումները:

Անցած տարվա նոյեմբերին, ԱՌԿԱ լրատվական գործակալությունը ուղղակիորեն մեջբերեց Հայաստանի վարչապետի խոսքը, ով խոսելով Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցության խնդրի մասին ասաց. «Որպես վարչապետ, որպես երկու աղջիկների հպարտ հայր, մտահոգված եմ այն միջավայրով, որտեղ կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր»:

Այս գոտեպնդող ուղերձը, որ շեշտադրում է աղջիկների արժեքը Հայաստանի համար, հնչեց հենց իմ ծննդյան օրը: Ավելի լավ նվեր չէի էլ կարող պատկերացնել:

----------------------------------------------------

Հղումներ

  • Զեկույց. «Չծնված աղջիկներ» Հարավային Կովկասում. Տեղական ընկալումներ և առաջարկվող լուծումներ – Նորա Դադվիկ (փետրվար 2015 թ.)
  • Ներկայացում - Չծնված աղջիկներ Հայաստանում. պատճառները, հետևանքները և քաղաքականության տարբերակները՝ ուղղված ծնվելու պահին սեռերի հարաբերակցության շեղվածության հաղթահարմանը
  • «Չծնված աղջիկները Հարավային Կովկասում» ուսումնասիրության շնորհանդես -  3 մարտի, 2015թ.
  • «Ավելի քան 100 միլիոն կանայք չեն ծնվում» – Ամարթյա Սեն (The New York Review of Books, 1990)



Api
Api