Էջը հայերեն:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միասին՝ հանուն նոր աճի և համատեղ բարեկեցության

դեկտեմբեր 4, 2012թ.

Երևան, 4 դեկտեմբերի, 2012թ. – Այսօր Համաշխարհային բանկը տոնում է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության 20րդ տարեդարձը, որը Հայաստանի երեխաների, կանանց և տղամարդկանց կյանքի պայմանների բարելավման վրա էապես ներազդած գործընկերություն է: Տոնակատարությանը մասնակցում են բազում գործընկերներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնեսի ու բանկային համակարգի ներկայացուցիչներ, ծրագրերի իրականացման գրասենյակներ, վերլուծական կենտրոններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և լրատվամիջոցներ:

Անկախությունից ի վեր, 90-ականների մեկնարկով, Հայաստանի տնտեսությունը արմատական փոփոխության է ենթարկվել: Կայուն աճը, հավակնոտ բարեփոխումները, արտաքին կապիտալի ներհոսքն ու փոխանցումները ստեղծել են շուկայամետ միջավայր, որը առևտրի, կապիտալի ու տեխնոլոգիական նորարարությունների նկատմամբ շատ ընկալողունակ է:

12 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ մեկնարկած գործառնությունը նպատակ ուներ աջակցել տնտեսական բարեփոխումներին, որով հաստատված զարգացման գործընկերոջ համբավը Համաշխարհային բանկը պահպանել է վերջին երկու տասնամյակի ընթացքում իրականացրած 1.6 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 57 գործառնությունների միջոցով:

«Սա բանկի համար շոշափելի ձեռքբերում է և մենք հպարտ ենք Հայաստանի ժողովրդին ծառայություն մատուցելու կապակցությամբ,» ասաց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: «Վերջին երկու տասնամյակում Հայաստանը երկար ճանապարհ է անցել: Ի շնորհիվ ՀՀ Կառավարության 1990-ականներից մեկնարկած բարեփոխումների շարունակականությանը երկիրը կարողացել է մեծացնել իր քաղաքացիների եկամուտները, բարելավել տրանսպորտային համակարգն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև կրճատել աղքատությունը:  Բայցևայնպես, երկիրը գլոբալ ֆինանսատնտեսական և եվրոգոտու ճգնաժամից հետո շարունակում է դիմագրավել սոցիալ-տնտեսական մարտահրավերներին: Այս բոլոր փոփոխությունների ճանապարհին Համաշխարհային բանկը շարունակել է Հայաստանում իր ներգրավվածությունը՝ ձևավորելով կայուն գործընկերություն, թե´ բարենպաստ, թե´ անբարենպաստ ժամանակահատվածներում»:

2012 թվականի աշնանը իրականացված «Երկրի հաճախորդների ուսումնասիրության» համաձայն Հայաստանում Համաշխարհային բանկի գործառնության արդյունավետության ընդհանուր գնահատականը 7.6 /10-ից/ միավոր է կազմում, իսկ շահառուների նկատմամբ բանկի վերաբերմունքը գնահատվել է 8.6 միավոր և վերջապես աշխատակիցների պատրաստակամությունը՝ 8.3 միավոր: Ապագային հայացքն ուղղելիս հարցվածները միջինում Հայաստանի զարգացման խճանկարում Համաշխարհային բանկի ներգրավվածության հնարավորությունը արժևորել են 8.3 միավորով: Բանկի տեխնիկական գիտելիքի առումով հարցվածների գնահատականները հանգեցրել են 7.6 միջինացված արժեքին:

«Ուսումնասիրության արդյունքները մեզ՝ Համաշխարհային բանկի հայաստանյան թիմի համար շատ ոգևորիչ են, մասնավորապես հաշվի առնելով այն փաստը, որ գտնվում ենք 2014-17թթ. Ժամանակահատվածը ներառող հաջորդ գործընկերության ռազմավարության մշակման նախաշեմին,» նշեց Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին: «Մեր աշխատակազմը մեր հպարտությունն ու բանկի ֆինանսավորման, գիտելիքի տարածման ու խորհրդատվական ծառայությունների մատուցման գործում հաջողության բանալին է»: 

2009 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո մշակված՝ Հայաստանի հետ «Երկրի գործընկերության ռազմավարության» ժամկետը 2013թ. կեսին մոտենում է ավարտվին: Համաշխարհային բանկը կառավարությանն աջակցել է՝ նախատեսելով ՄԶԸ/ՎԶՄԲ 640.6 միլիոն ԱՄՆ դոլար գումարի ընդհանուր հատկացում, որից 277 միլիոն ԱՄՆ դոլարը բաժին է ընկնում ՄԶԸ-ին: Ի լրումն վարկավորման՝ Բանկն ունի 15 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով 16 գործող հավատարմագրային հիմնադրամի գործառնություններ, ինչպես նաև իրականացնում է ոլորտային հայտորոշումներ և ռազմավարություններ, որոնք հիմնավորում են Բանկի երկխոսությունն ու հնարավոր միջամտությունները:

Ներկայումս Բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է 14 ծրագիր: Ստորև ներկայացվում են մինչ օրս ձեռքբերված որոշ արդյունքներ:

 «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» (LRIP) ծրագրի շրջանակում Հայաստանի առավել մեկուսացած համայնքներում  բարեկարգվել են ճանապարհները՝ ստեղծելով զբոսաշրջության ճյուղի և տնտեսության աշխուժացման պոտենցիալ հնարավորություններ: Միջամտության արդյունքում վերստին կապ է հաստատվել գյուղական համայնքների  և իրենց քաղաքային կենտրոնների/շուկաների միջև: 2009 թ. ի վեր հիմնանորոգվել է 332կմ ճանապարհ, գյուղերը միացնելով  հիմնական մայրուղիներին, միաժամանակ գյուղական վայրերում ստեղծելով  34 000 մարդ/ամիս աշխատատեղ:

Ջրամատակարարման ծառայությունների որակը, հուսալիությունն ու արդյունավետությունը բարելավվել է Երևանում և մայրաքաղաքից դուրս գտնվող վայրերում իրականացվող «Համայնքային ջրամատակարարման (MWP) և համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման»  (MWWP) ծրագրերի միջոցով: Ջրամատակարարման տևողության և ջրի որակի բարելավումների շահառուն Երևանի ավելի քան 332000 տնային տնտեսություններն են: Մայրաքաղաքում օրական կտրվածքով ջրամատակարարման ժամերի միջին տևողությունը գերազանցում է 21 ժամը, իսկ այլ շահառու համայնքներում այն ավելացել է՝ 2004 թ. միջինը օրական վեց ժամից 2012 թ. կազելով 15 ժամից ավելի:

«Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը» (IREP) Թալինի և Արմավիրի մայր ջրանցքների ջրառի և երկրորդային համակարգի միջև ջրային կորուստները կրճատել է միջինը 15-16 տոկոսով, ինչը պայմանավորված է նշված ջրանցքների 89.4 կմ ընտրված հատվածների վերականգնմամբ: Միջամտությունը նպաստել է նաև 11379 մարդ/ամիս ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմանը: Այն կարող է հանգեցնել 2400 գյուղատնտեսական աշխատատեղերի առաջացմանը, որոնք զբաղվում են բարձրաժեք մշակաբույսերի մշակությամբ: Ծրագրի արդյունքում մոտ 8000հա հողատարածք կարող է կրկին ոռոգվել: «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման»  ընթացիկ ծրագրի նպատակն է մոտ 50կմ մայր և մոտ 60կմ երկրորդային ջրանցքների  վերանորոգումը՝ ջրառի և ներտնտեսային համակարգերի միջև ջրային կորուստները 23 տոկոսից նվազեցնելով մինչև 11 տոկոսի:

Էլեկտրահաղորդման գիծը, որը միացնում է էլեկտրաարտադրության երկու հիմնական կենտրոնները՝ երկրի  կենտրոնական-արևելյան մասում  էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներին սպասարկող Հրազդանի ջերմաէլեկտրակայանը և «Որոտան կասկադ» հիդրոէլեկտրակայանների համալիրը, «Հայաստանի էլեկտրամատակարարման հուսալիության» ծրագրի (ESRP) շրջանակում կփոխարինվի՝ բարձրացնելով հաղորդման ցանցի հուսալիությունն ու հզորությունը: Գիծը կառուցվել է 1956-58 թթ. և այդ ժամանակվանից սկսած շահագործվել:

 «Երկրաջերմային էներգետիկայի ծրագրի» (GEP) շրջանակում արդեն ավարտվել է նախանշված Քարքար տեղանքի ներուժի նախնական ֆինանսատնտեսական գնահատումը, որը տեխնիկական մի շարք ուսումնասիրությունների հետ միասին կօգտագործվի նախքան ուսումնասիրության նպատակով հորատման իրականացումը:

120 դպրոցներում, հիվանդանոցներում և հասարակական նշանակության այլ օբյեկտներում էներգախնայողության ուղղությամբ ներդրումներին օժանդակելով՝ «Էներգախնայողության ծրագրով» (EEP)   կմշակվեն, կփորձարկվեն և կտարածվեն էներգաարդյունավետ ծառայությունների մատուցման օրինակելի և կայուն մոդելներ և կխթանեն շուկան՝ պահանջարկ ստեղծելով համապատասխան սարքերի և ծառայությունների համար:

Մինչ օրս «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակում համայնքներում ստեղծվել է արոտօգտագործողների 49 միություն, կազմվել է արոտների կառավարման 31 ծրագիր, իսկ 18-ը՝ մշակման փուլում է: Այն կարտացոլվի 55 համայնքներում արոտների/անասնապահության համակարգում ապրուստի միջոցների արդյունավետության և կայունության բարելավմամբ:

 «Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագրի»  (AFSME) շրջանակում 6000 ՓՄՁ-ները զարգացման ծրագրերի համար ստացել են 85 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ՝ 15 տեղական բանկերի և ֆինանսավորող կազմակերպությունների միջոցով: 2012 թ. ավարտին ընդհանուր առմամբ բոլոր մարզերում վարկեր են տրամադրվել առևտրի, գյուղատնտեսության, արտադրության և ծառայությունների ոլորտներում գործող ՓՄՁ-երին, ինչպես ներդրումների, այնպես էլ շրջանառու միջոցների կարիքների համար: ՓՄՁՖՄ ծրագրի սկզբնական գումարը 50 միլիոն ԱՄՆ դոլար էր: Սակայն այն ֆինանսավորման ներկա մակարդակին է հասել սույն ծրագրի շրջանակում ստեղծված շրջանառու հիմնադրամի միջոցով:

«Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» III (ASIF) ծրագրի միջոցով մինչ օրս հաջողությամբ ավարտվել է համայնքային ենթակառուցվածքի 233 միկրոծրագիր  (համայնքների մշակույթի կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական կենտրոններ, խմելու ջրամատակարարման և ոռոգման համակարգեր) և ստեղծվել 447000 մարդ/օր զբաղվածություն, ինչպես նաև աշխատավարձի տեսքով ստացվել է 7.23 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ:

«Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի» (HMP) շրջանակում, ընդհանուր առմամբ 642100 ընդհանուր թվով մարդկանց սպասարկող ոարզային ութ բժշկական կենտրոններ (ԲԿ-ներ) Կոտայքի (Հրազդան ԲԿ), Տավուշի (Իջևան ԲԿ), Արմավիրի (Արմավիր ԲԿ), Արարատի (Արարատ ԲԿ), Սյունիքի (Գորիս ԲԿ), Արագածոտնի (Ապարան ԲԿ), Գեղարքունիքի (Գավառ ԲԿ) և Գյումրիի (Շիրակ բժշկական կենտրոն) վերանորոգվել և կառուցվել է: Վերջիններս ապահովվել են նաև ժամանակակից սարքավորումներով և կահույքով: Ավելին, Լոռու մարզի (47600 բնակչություն) «Ալավերդի ԲԿ» ապահովվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով և կահույքով:

«Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիրը» (JRP II) օժանդակել է 19000 քառ. մ ընդհանուր մակերեսով 14 դատարանների վերականգնմանը: Երևանում և մարզային դատարաններում ու որոշ վարչական շենքերում տեղադրվել են դատական ծառայությունների և տեղեկությունների մատչելիությունն ապահովող  հանրային տեղեկատվության 70 կրպակներ: Մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը կտեղադրվեն 10 լրացուցիչ կրպակներ:

«Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի» (PSMP-II) միջոցով մեկնարկել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արխիվացման (Mulberry)  համակարգը, որը գործում է բոլոր նախարարություններում, մարզպետարաններում և պետական կառավարման մյուս մարմիններում (50 մարմին): Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է 2012թ. հունվարին, շահերի բախման կառավարման բարեփոխումների շուրջ քաղաքականության երկխոսության շրջանակում: 2012թ. պետավտոտեսչությունում մեկնարկեց տեղեկությունների որոնման ավտոմատ համակարգը՝ դյուրացնելով թափանցիկ ծառայությունների մատուցումը ավտոմեքենաների հաշվառման, պետհամարանիշերի և վարորդական իրավունքի ստացման ժամանակ:

«Կրթության որակի և համապատասխանության» ծրագրի  երկրորդ փուլը շարունակում է կենտրոնանալ կրթության համակարգի բարեփոխումների վրա՝ 4250 աշակերտի ներառող 194 նախադպրոցական կրթության միկրոծրագրերի օժանդակելու, պրոցներում ցանցի հզորության ավելացման (256 կիլոբայթից 2 մեգաբայթ), 1360 դպրոցներում տեխնիկայի ստացման, 91 դպրոցների գրադարաններում ռեսուրսների կենտրոնների ստեղծման, որակի ապահովման ներքին համակարգի ստեղծման համար պետական 10 համալսարաններին դրամաշնորհների տրամադրման միջոցով:

«Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիրը» լուծել է արդի սոցիալական պաշտպանության կառավարման հիմնական խնդիրը և արդեն արդյունքներ ստացել՝ ավելացնելով ժամանակին վճարվող կենսաթոշակառուների և սոցիալական աջակցության նպաստառուների տեսակարար կշիռը, ընդ որում երկու ցուցանիշների դեպքում էլ ապահովվել է 99.7 տոկոս կատարողական (2012թ. հարցման տվյալներ): Գործում է Գյումրիի հաշմանդամների կենտրոնը: Նպաստառուների ընդհանուր գոհունակությունը սոցիալական ծառայություններից և նպաստներից, բարելավվել է, հասնելով ՝ 98.9 տոկոսի (2012 հարցման տվյալներ):

«էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» ծրագիրը հնարավորություն տվել է Հայաստանում ստեղծելու էլեկտրոնային հավաստագրերի/նույնականացման համակարգ, ինչպես նաև խթանել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի զարգացումը, կատարելագործելոլվ ֆիզիկական ենթակառուցվածքը, որը գտնվում է վերանորոգման ընթացքում և նախատեսվում բացել մինչև 2013 թ. ավարտը:

Լրատվամիջոցների հետ կապը
Մամուլի հաղորդագրության համարը:
2013/ECA/031