ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական Մետաքսի ճանապարհին գտնվող քաղաքների աշխուժացման կարեՎորությունը

մարտ 11, 2013թ.

Video Platform Video Management Video Solutions Video Player

Souleymane Coulibaly's view on the Eurasian Cities report.

Ուշագրավ պատմություններ
  • Տնտեսական հանգամանքների փոփոխման ու դեպի Եվրոպա և Ասիա առևտրի վերաուղղորդման լույսի ներքո կարևոր է նոր մոտեցումների ձևավորումը Եվրասիական Մետաքսի ճանապարհի քաղաքների շուրջ:
  • Քաղաքականություն մշակողները պետք է լուծումներ առաջ քաշեն հինգ կարևոր ուղղություններով` քաղաքների վերակազմավորում, պլանավորում, կապուղիներ, կանաչապատում և ֆինանսավորում:
Մուլտիմեդիա
Տեսանյութ

11 մարտի, 2013թ.  – Մետաքսի ճանապարհ. եթե այս արտահայտությունն արտաբերելիս պատկերացնում եք վառ գույներ, գունագեղ գործվածքներ, փոշոտ ու մարդաշատ շուկաներ, էկզոտիկ համեմունքների գլխապտույտ առաջացնող բուրմունք, արկածներով լեցուն ուղևորություններ դեպի հեռավոր քաղաքներ, ապա դուք միայնակ չեք:

Դարեր շարունակ Մետաքսի ճանապարհը եղել է ցամաքային ու ծովային ճանապարհների այն ցանցը, որով իրար են կապվել Հեռավոր Արևելքը, Միջին Արևելքը և Եվրոպան: Այս ճանապարհի առանցքային օղակներում վեր էին հառնում քաղաքներ, որոնք օգնում էին առևտրականներին կտրել այդ ճանապարհը և վաճառել իրենց ապրանքները`զարդերից ու տարբեր գործվածքներից սկսած մինչև օծանելիք ու դեղորայք: Եվրոպայում ու Ասիայում քաղաքների ձևավորումը, դրանց տեղանքի ընտրությունը մեծամասամբ պայմանավորված էր Մետաքսի ճանապարհով` մայրցամաքների միջև առևտրային կապեր ապահովելու նպատակով: Հետագայում, Խորհրդային պլանավորման ներքո քաղաքների ձևավորումը և տեղանքի ընտրությունը պայմանավորված էր այնպիսի գործոններով, ինչպիսիք էին ոչ ծախսատար փոխադրամիջոցների առկայությունը, տարբեր շրջանների նկատմամբ հավասար մոտեցման ապահովումը, պաշտպանական կարողությունները, իսկ որոշ դեպքերում նաև խոպան տարածքների բնակեցումը:

Խորհրդային Միության փլուզումը և տարածաշրջանային այնպիսի հզոր միավորների ձևավորումը, ինչպիսիք են Եվրոպական Միությունը, Չինաստանը, Հնդկաստանը և շուկայի վերադարձը որպես հասարակության շարժիչ ուժ, վերստին առաջ քաշեցին  Եվրասիական Մետաքսի ճանապարհի քաղաքները վերանայելու խնդիրը, ինչը մասնավորաբար արծարծվեց Համաշխարհային բանկի խմբի «Եվրասիական քաղաքներ. Նոր իրողություններ Մետաքսի ճանապարհի երկայնքով» խորագիրը կրող զեկույցում:

Ըստ այդ զեկույցի Եվրասիական Մետաքսի ճանապարհի վերածննդի համար նախանշվում են հինգ կարևոր գործոններ, մասնավորապես` քաղաքների վերակազմավորում, պլանավորում, կապուղիներ, կանաչապատում և ֆինանսավորում:

Նոր մոտեցում քաղաքներին

Որպես օրինակ դիտարկենք ուկրաինական Կրամատորսկ քաղաքը:

1989թ.-ից 2010թ. ընկած ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը 15 տոկոսով նվազել է` դառնալով 167.850: Քաղաքի հիմնական գործատուն Խորհրդային Միության ամենախոշոր մեքենաշինական գործարաններից մեկն էր, որտեղ աշխատողների թիվը 40.000-ից իջել է 14.000: Քաղաքը սակայն կարողացավ կարգավորել այս հարցը: Ենթակառուցվածքների արդիականացման ու երկրամասի կենտրոնին և ռուսական սահմանին մոտ գտնվելու հանգամանքով պայմանավորված այն սկսեց իր արտադրանքի 40 տոկոսն արտահանել ԵՄ ու Բրազիլիա, իսկ մեքենաշինական գործարանի կորսված աշխատատեղերի փոխարեն ստեղծվեցին աշխատատեղեր թանկարժեք զարդերի արդյունաբերության մեջ:

Կրամատորսկի օրինակը փաստում է, որ Խորհրդային շրջանի քաղաքների ցանցը չի արտացոլում տարածաշրջանի ընթացիկ ու նորահայտ տնտեսական կարիքները, որոնք մի կողմից մեծապես կենտրոնանում են Եվրոպայի շուրջ, մյուս կողմից` Ասիայի շուրջ: Այսպիսի շուկայական ուժերի ընձեռած առավելությունների օգտագործումն էական է քաղաքների վերակազմավորման համար:

Պլանավորման դերը

Քաղաքի հաջողությունները պայմանավորված են այն հանգամանքով, թե ինչպիսի կենսապայմաններ ու կյանքի որակ է այն առաջարկում: Վարձակալական թույլ շուկան, բնակֆոնդի վատ բաշխումը, քաղաքաշինական նորմերի բացակայությունը կամ վատ իրականացումը այն խնդիրներն են, որոնք քաղաքաբնակների համար իրենց բնակավայրը դարձնում են ոչ արդյունավետ ու անցանկալի:

Այս խնդիրներից խուսափելու համար կարող է օգտակար լինել հողօգտագործման կարգի արդիականացման, գույքաին  ու ռազմավարական հասարակական ենթակառուցվածքների ներդրման հարցերի շուրջ համագործակցությունը տեղական ու կենտրոնական իշխանությունների միջև:

Վրաստանը կարողացավ դա անել քաղաքային բնակավայրերում հողօգտագործման պլանավորման ծրագրային համակարգի գործարկման միջոցով: Սահմանված կանոնակարգերի համաձայն ներկայումս գործում է «մեկ պատուհանի» մոտեցում, որի ներքո պահանջվում է ներկայացնել փաստաթղթեր միայն մեկ անգամ և եթե դիմումատուն պատկան կառույցներից սահմանված ժամկետում ոչինչ չի ստանում, ապա դիմումը համարվում է բավարարված:

Կապուղիների կարևորությունը քաղաքների համար

Որպես օրինակ դիտարկենք Վրաստանի նոր մայրուղին դեպի Սևծովյան նավահանգիստներ կամ Թուրքիա տանող նոր երկաթուղին: Այս կարգի մեծ ծրագրերը չեն կարող պատշաճ գործածվել, քանի դեռ հարևան տերությունները չեն գիտակցում համագործակցությունից ու սահմաններին կիրառվող սահմանափակումների վերացումից բխող ընդհանուր տնտեսական օգուտները:

Անգամ միևնույն երկրի սահմանների ներսում լավ կապուղիները ունեն քաղաքների վերածնման ներուժ: Դիտարկենք Կարագանդայի օրինակը Ղազախստանում: Նորակառույց մայրուղին դեպի մայրաքաղաք Աստանա կրկնակի կրճատեց այդ ճանապարհին ծախսվող ժամանակը, իսկ քաղաքը վերածնունդ ապրեց, քանի որ դրանով քաղաքի նվազող բնակչության համար բացվեց ավելի լավ վարձատրություն ունենալու հեռանկար ու ի հայտ եկան քաղաքում հանգստյան տարածքներ կառուցելու ծրագրեր:

Այսպիսով, սահմանների կառավարման հետ կապված միջպետական համագործակցության բարելավումը, ավիացիոն քաղաքականության ազատականացումը, օդային փոխադրամիջոցների շուկայում մրցակցության խրախուսումն ու կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների խթանումը կարող է հանգեցնել տնտեսական մեծ օգուտների:

Կանաչապատում և քաղաքային աճ

Թեպետ Խորհրդային շրջանում խրախուսվում էր հանրաին տրանսպորտի օգտագործումը, աղբի վերամշակումը, սակայն ի թիվս այլ բաների կար զգալի արդյունաբերական աղտոտվածության և էներգիայի ոչ արդյունավետ օգտագործման խնդիր: Վերջին շրջանում, մեծ ուշադրություն է դարձվում աղտոտվածության նվազեցման ու էներգիայի խնայողական օգտագործմանը, սակայն քաղաքներում դեռ կան խնդիրներ կապված մեծաթիվ ավտոմեքենաների ու աղբի մշակման չգործող համակարգերի հետ: Այստեղ անհրաժեշտ են բարելավումներ, որպեսզի քաղաքները վնաս չհասցնեն շրջակա միջավայրին և դառնան գրավիչ երիտասարդ քաղաքաբնակների համար, ովքեր առացքային դերակատարում են ունենալու առաջիկա տարիների տնտեսական  առաջընթացում:

Ռուսաստանի Կազան քաղաքում մի նման բան արվել է: Նոր քաղաքային ավտոբուսներն ու արագընթաց տրամվայները, որոնք գործարկվում են հոսանքով, քաղաքի համար ապահովում են շրջակա միջավային վնաս չհասցնող հասարակական տրանսպորտ, իսկ ուշադրության կենտրոնում են «կանաչ» նախաձեռնությունները` դրանով իսկ քաղաքը գրավիչ բնակավայր է դառնում աշխատողների նոր ալիքի համար:

Ֆինանսական մոդելի ճկունությունը

Տարածաշրջանն ընթանում է տարածքների ֆինանսավորման ուղղությամբ` եկամուտների բաշխման ու համահարթեցման թափանցիկ համակարգերի միջոցով, սակայն հարկ է նշել, որ որոշ երկրներ ավելի արագ են այս անցումը կատարում, քան մյուսները: Քաղաքային ծառայությունների ավելացված ծախսերը կարող են ֆինանսավորվել տեղական հարկերի ավելացման, բնակշահագործման, ջրի, ջեռուցման և հասարակական տրանսպորտի վարձավճարների հաշվին:

Որպես օրինակ դիտարկենք Ղրղզստանի Ուզգեն քաղաքը: Մանրակրկիտ վերլուծության ու գովազդի միջոցով հնարավոր դարձավ վաճառել քաղաքի ազատ հողատարածքները շուկայականից 5 անգամ բարձր գնով, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ներդրողների համար նվազագույնի էին հասցվել պայմանագրային անորոշությունները, վերացվել էին սահմանափակումները և պատաշաճ կերպով կազմակերպվել էր վաճառքի մրցութային գործընթացը: Ներկայումս քաղաքն ունի խառը նշանակության շինություն`առևտրի կենտրոնով ու հյուրանոցով:

Այս գործընթացներն անշուշտ մեկ օրում գլուխ չեն գա, սակայն քաղաքականություն մշակողները պետք է հստակորեն գիտակցեն իրենց դերակատարումը այս քաղաքների հետ կապված նոր մոտեցումների ձևավորման հարցում, որոնք պետք է բխեն ներկայիս ու առաջիկա տնտեսական իրողություններից: