ԿԱՐԾԻՔՆԵՐ

Հայաստանին պակասո՞ւմ է իր տնտեսական ներուժի մի առանցքային տար

մարտ 7, 2016Õ©.


Լորա Ի. Բեյլի Eurasian Perspectives

Մինչ մարտի 8-ին աշխարհով մեկ տոնվում է Կանանց միջազգային օրը, ինձ անհանգստացնում է այն, որ Հայաստանին պակասում է իր տնտեսական աճի առանցքային հիմնասյուներից մեկը: Կանայք կազմում են աշխատանքային տարիքի բնակչության, այսինքն՝ 15-ից 64 տարեկանների 54 տոկոսը, մինչդեռ աշխատող կամ աշխատանք փնտրողների շարքում նրանք կազմում են 40 տոկոս: Փաստացի, Հայաստանում այս տարիքային խմբի կանանց կեսից միայն մի փոքր ավելն է աշխատաշուկայի մասնակից (58 տոկոս), ինչը  տղամարդկանց համեմատ 18 տոկոսով ցածր է:

Խիստ ցածր է նաև կանանց ներկայացվածությունը ձեռներեցների ու բարձր ղեկավարների շրջանում: Դեռևս քիչ հավանական է, որ 5 և ավել աշխատող ունեցող ընկերություններում սեփականատերը կին լինի: Ձեռնարկությունների մասին 2013թ. հետազոտության տվյալներով՝ հայաստանյան ընկերությունների մեկ քառորդից պակասն է միայն (23.6 տոկոս),  որտեղ սեփականատերերի շարքում կանայք կան, մի ցուցանիշ, որ ցածր է տարածաշրջանի և աշխարհի միջին ցուցանիշներից: Սեփականության մեջ կանանց ներգրավվածության ոչ բարձր մակարդակը և առաջնորդության վերաբերյալ սոցիալական նորմերը հանգեցնում են բարձր ղեկավար պաշտոններում կանանց չնչին ներկայացվածությանը. հինգ և ավել աշխատողներ ունեցողներ ընկերություններից միայն 17 տոկոսն են ղեկավարվում կանանց կողմից:

Սակայն, երբ տեսնում ես տնտեսապես ակտիվ կանանց դինամիկան ու նրանց ստեղծարար ջանքերը, և տեսնում, որ այդքան շատ կանայք դուրս են մնում տնտեսական դաշտից, ապա մտահոգվում ես, որ երկիրը լիարժեք չի օգտագործում իր մարդկային ռեսուրսները: Շատ այլ երկրներ ևս բախվում են այս իրողության հետ, երբ աշխատանքային տարիքի բնակչության ավելի քան կեսի տաղանդն ու ներուժն անտեսվում է, և միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ «մասնակցության տարբերության» համար երկրները տնտեսական գին են վճարում:

Աշխատաշուկան արտացոլում է այն, ինչ տեղի է ունենում կրթական ոլորտում: 

Ի տարբերություն նախակրթության և միջնակարգ հանրակրթության, որտեղ տարբերությունը զրոյական է, բարձրագույն կրթության ոլորտում կա մեծ տարբերություն. բուհերում սովորում են  ուսանողական տարիքի աղջիկների 57 տոկոսը, իսկ տղաների՝ 38 տոկոսը: Աղջիկները, սակայն,  մասնագիտանում են սոցիալական գիտությունների, մանկավարժության ու առողջապահության ոլորտներում և չեն ընտրում տեխնիկական գիտություններ, մինչդեռ տղաների մոտ պատկերը հակառակն է: Հենց սա էլ հիմնականում հիմք է դնում այն տարբերություններին, որ տեսնում ենք կանանց և տղամարդկանց մասնագիտությունների ու աշխատավարձերի միջև:

Հիմնական պատասխանատվությունը և պարտավորությունները հաճախ կանանց ուսերին է և դա նրանց ետ է պահում աշխատելուց:

Աշխատաշուկայում կանանց մասնակցության ամենամեծ տարբերությունը 25-34 տարիքային խմբում է նկատվում: Տնտեսական ակտիվությունը 17 տոկոսով պակաս հավանական է (5 տարեկանից ցածր) երեխա ունեցող կանանց, քան նույն տարիքային խմբի, կրթության և ընտանեկան կազմի` երեխա չունեցող կանանց շրջանում: Տնային տնտեսության ու ընտանիքի համար հոգ տանելու հարցում կանայք ավելի մեծ պատասխանատվություն ունեն. նրանք հինգ անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում դրանց վրա, քան տղամարդիկ: Կան նախադպրոցական հաստատություններ, որոնք կարող են օգնել կանանց հավասարակշել աշխատանքն ու երեխայի խնամքը:  Սակայն դրանք գործում են իրենց հնարավորությունների միայն  75 տոկոսի չափով, և  նախակրթարանների հաճախելիության ցուցանիշը միջազգային ստանդարտների համեմատ շատ ցածր է, հատկապես՝ գյուղական բնակավայրերում (երեխաների 14 տոկոսը): Կանանց կողմից աշխատանքի անցնելու և երեխային  խնամքի հաստատություններ ուղարկելու մասին որոշումներն ընդունվում են հաճախ միաժամանակ: Քանի դեռ երեխայի խնամքը, որտեղ որ այն առկա է, միջին հայկական ընտանիքի համար անհամամասնորեն թանկ է մնում, ուստի այն հանդիսանում է կանանց տնտեսական ակտիվության կարևոր խոչընդոտներից մեկը: ՀՌԿԿ-Հայաստանի հետ համագործակցելով՝ մենք վերջերս իրականացրեցինք որակական ուսումնասիրություն այս հարցի շուրջ: Հարցված կանայք հաստատում են այս խոչընդոտների մեծ դերը: Լոռու մարզից գործազուրկ մի կին նշել է. «Իմաստ չունի աշխատելը, քանի որ վաստակած գումարն ամբողջությամբ ծախսվում է  մանկապարտեզի ու ճանապարհածախսի համար:

Գործազուրկ կանայք ավելի երկար են աշխատանք փնտրում:

Գործազրկության ցուցանիշները բարձր են և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար (15,8 և 18,8 տոկոս համապատասխանաբար), սակայն կանանց գործազրկության շրջանն ավելի երկար է տևում, քան տղամարդկանցը: Մեր համոզմամբ սա, ի թիվս այլ գործոնների, նաև պայմանավորված է հմտությունների անհամապատասխանությամբ, որոշակի արտոնություններով աշխատանքներին տրվող նախապատվությամբ: Կանանց մեծ մասը գործազուրկ է դառնում հաստիքների կրճատման կամ պարապուրդների հետևանքով, մինչդեռ տղամարդկանց դեպքում պատճառը ժամանակավոր կամ սեզոնային աշխատանքի ավարտն է: Ուշագրավ է, որ Կովկասյան բարոմետր հետազոտության շրջանակում հարցվածների ճնշող մեծամասնությունը համաձայն են հետևյալ մտքի հետ. «Երբ աշխատատեղերը սուղ են, տղամարդիկ ավելի շատ իրավունք պիտի ունենան աշխատանք ստանալու»:

Աշխատող կանայք ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ:

Կանայք միջինը 36 տոկոսով պակաս են վաստակում, քան տղամարդիկ, ընդ որում այս ցուցանիշը, որ 2002թ. կազմում էր 59 տոկոս, կայուն կերպով նվազում է: Աշխատավարձերի տարբերության մի քանի պատճառ կարող է լինել: Տարբերության մեծ մասը նախ կարելի է բացատրել նրանով, որ կանայք իրենք են նախընտրում քիչ աշխատանքային ժամերով ու ցածր վարձատրությամբ աշխատանքներ, ինչն արտացոլում է մասնագիտական տարանջատման օրինաչափությունները: Երկրորդ, միջին աշխատավարձերի անհավասարությունը կարող է բացատրվել գործատուների կողմից խտրականության դրսևորմամբ: Եվ ի վերջո, խնդրի հիմքում ընկած են  յուրաքանչյուր տնտեսական գործունեության շրջանակում կանանց և տղամարդկանց տարբեր գործառութային դերերը:

Աշխատող կանանց վերաբերող նորմերը փոխվում են:

Ավանդական սոցիալական նորմերի տարածվածությունը սահմանափակում է աշխատաշուկա մուտք գործելու կանանց հնարավորությունը. ընտանիքում և ընդհանուր հասարակության մեջ աշխատող կանանց հանդեպ տիրող վերաբերմունքը հաճախ կանանց ետ է պահում աշխատաշուկայից: ՀՌԿԿ-ի որակական ուսումնասիրությունները տեղեկացնում են այս նորմերի դերի ու տևականության մասին: Գործատուները ևս ընդունում են, որ կան նման դժվարություններ. նրանցից մեկն ահա այսպես է դա բացատրում. «Շրջապատում միշտ քննադատում են այն կանանց, ովքեր ակտիվ են և ուզում են կարիերայում առաջընթաց ունենալ: Բոլոր կանայք չէ, որ պատրաստ են դիմակայել քննադատությանն ու հասարակության բացասական վերաբերմունքին»:

Այնուհանդերձ, կան նշաններ, որ աստիճանաբար կոտրվում է այն բացասական շղթան, որտեղ կանայք ավելի քիչ են աշխատաշուկայում և ընտանիքի համար հոգ տանելու հարցում ավելի մեծ դերակատարում ունեն, որն էլ հանգեցնում է նրանց խոցելիության մեծացմանը և գենդերային անհավասարությանը: Աշխատող մի կին Երևանից շատ դիպուկ նկարագրում է կանանց աշխատելու դրական կողմերը. «Ուզում եմ շեշտել, որ աշխատանքը միայն աշխատավարձը չէ, ինձ և իմ նման այլ կանանց համար աշխատանքը մեր կյանքի մասն է, մեր սոցիալական կապերն ու շփումներն են, դա մեր ինքնազարգացումն է, օգտակար լինելու զգացումը և ինքնագնահատականը»: 

Տնտեսական գործունեության ցածր մասնակցությունը հանգեցնում է ՀՆԱ-ի կորուստների:

Ինչպես տեսնում ենք «մասնակցային տարբերությունը», ինչպես նաև  դրա հետ կապված աշխատավարձային  տարբերությունները բացասաբար են անդրադառնում յուրաքանչյուր հայ կնոջ վրա անհատապես և նրանց ընտանիքների եկամուտների վրա… սակայն դա նաև ընդհանուր տնտեսության համար է շատ անհանգստացնող: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ   աշխատաշուկայում մասնակցության տարբերությունը կրճատում է մեկ շնչի հաշվով  եկամուտը, իսկ ձեռնարկատիրական գործունեության մեջ տարբերությունները հանգեցնում են արդյունավետության նվազեցման: Այս հետևանքները կուտակվելով հանգեցնոմ են ընդհանուր եկամուտների նշանակալի կորստի ողջ Հայաստանի համար:

Հ. Գ.  Մի քանի շաբաթից ես կներկայացնեմ վերլուծություն այն մասին, թե ինչ կարող է նշանակել այս տնտեսական խոցելիությունը, և թե ինչ է հուշում համաշխարհային փորձը քաղաքականության առումով, որպեսզի հնարավոր լինի փոխել խաղի կանոնները Հայաստանի տնտեսության և Հայաստանի կանանց համար: 


Api
Api