ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը հայտարարում է Քաղաքացիական հասարակություն հիմնադրամի 2010թ. մրցույթի հաղթողներին

հունիս 15, 2010Õ©.



Երևան, 15-ը հունիսի 2010թ. այսօր Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը հրապարակեց Քաղաքացիական հասարակություն հիմնադրամի (ՔՀՀ) 2010թ. մրույթի արդյունքները: Հայաստանյան հինգ շահույթ չհետապնդող, հասարակական կազմակերպություններ հաղթող են ճանաչվել` արժանանալով դրամաշնորհների` քաղաքացիական հասարակության զարգացմանը նպաստող իրենց ծրագրերի իրականացման համար: ՀԲ Երևանի գրասենյակը ստացել էր 101 ծրագրի առաջարկ հայաստանյան հասարակական կազմակերպություններից: Այդ առաջարկները քննել և հաղթողներին ընտրել է ՀԲ Երևանի գրասենյակի աշխատակիցներից և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը:

ՔՀՀ-2010 ծրագրի շրջանակներում ընտրվել են հետևյալ հ/կ-ները, որոնք կիրականացնեն իրենց ներկայացրած ծրագրերը.

1. Հայաստանի ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ)` բարելավելու հանրային թափանցիկությունն ու հաշվետվողականությունը` խթանելով տեղեկատվության ազատության (ՏԱ) օրենսդրության կիրառումը: Ծրագրի շրջանակներում հ/կ-ն կիրականացնի հետևյալ գործողությունները. (ա) երկու ուսումնական տեսաֆիլմի նկարահանում, մեկը` պետական պաշտոնյաների համար` նրանց օրենսդրական պարտավորությունների արդյունավետ կատարման մասին, մյուսը` քաղաքացիների համար` ՏԱ օրենսդրության նպատակային օգտագործման մասին: (բ) ՏԱ օրենսդրության մասին մեկնաբանությունների գրքի կազմում և հրատարակում, ներառյալ` օրենսդրական բարեփոխումները: (գ) ՏԱ տարեկան մրցանակի շնորհման 2010թ. արարողության կազմակերպում: Տեսանյութերի և մեկնաբանությունների գրքի միջոցով կիրականացվի 5000 մասնակիցների վերապատրաստում (պետական պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության խմբերի անդամներ):

2. Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման Շիրակ կենտրոնը («Շիրակ կենտրոն»)` աջակցելու Գյումրու ինքնակամ բնակելի կառույցներում ապրող այն մարդկանց, ովքեր շահագրգիռ են 1988թ. երկրաշարժից հետո կառուցած իրենց կացարանների օրինականացմամբ: Ազգային ժողովը վերջերս ընդունել ապօրինի անհատական բնակելի տների օրինականացման մասին օրենք, որի մասին այս քաղաքացիները բավականաչափ տեղեկացված չեն: Հ/կ-ն նախատեսում է այցելել ավելի քան 300 շահառու տնային տնտեսություններ, իրազեկել և տրամադրել խորհրդատվություն օրինականացման գործընթացի և կարգի մասին: Իրազեկման արշավ անցկացնելուց հետո կենտրոնը կանցկացնի հացրում` պարզելու համար, թե իրազեկված քաղաքացիներից քանիսն են դիմել իրենց բնակարաններն օրինականացնելու համար և ինչ խոչընդոտների են բախվել այդ գործընթացում:

3. Հայաստանի հելսինկյան կոմիտեն (ՀՀԿ)` վերացնելու երեխաների նկատմամբ բռնությունների կիրառումը Վայոց Ձորի հանրակրթական դպրոցներում և ստեղծելու առավել ապահով միջավայր դպրոցականների համար: Ծրագրի շրջանակներում ՀՀԿ-ն կիրականացնի իրազեկման բարձրացման և կարողությունների հզորացման միջոցառումներ` հանրակրթական դպրոցների քսանից ավելի ուսուցիչների և տնօրենների համար: Վերապատրաստման դասընթացները կոչված են բարձրացնելու նրանց գիտելիքները մարդու իրավունքների չափորոշիչների մասին, խթանելու հավասար հնարավորությունները, բազմակարծությունը, հանդուրժողականությունը, ոչ խտրական վերաբերմունքը, ինչպես նաև աշակերտների հետ հաղորդակցվելու և համագործակցելու նրանց հմտությունները: Նախատեսվում է, որ վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքներն ու հմտությունները մասնակիցները կտարածեն իրենց գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի շրջանում` իրենց դպրոցներում անցկացնելով շնորհանդեսներ, քննարկումներ, կլոր սեղաններ ու բանավեճեր:

4. Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)` բարձրացնելու հասարակության իրազեկման մակարդակը օտարազգի և հայ միգրանտների` Հայաստան բերած սոցիալական բազմազանության մասին, և նվազեցնելու տեղացի բնակչության նախապաշարմունքները նրանց հանդեպ: Ծրագրի շրջանակներում վերապատրաստում կանցնի երեսուներեք մարդ, ներառյալ` քսան փախստական Հայաստանի չորս մարզերից: «Մարդկային գրադարան» միջոցառման շրջանակներում կներգրավվեն տեղացի հայեր (որպես ընթերցողներ) և միգրանտներ (որպես մարդ-գրքեր)` խոսելու միգրանտների դեմ ձևավորված կարծրատիպերի ու նախապաշարմունքների մասին: Այս մեխանիզմը ցույց է տվել իր բարձր արդյունավետությունը` էթնիկ առումով միատարր երկրների բնակչության զգայունությունը բարձրացնելու հարցում: Ծրագիրը նախատեսված է մեծ թվով քաղաքացիների համար, որոնք կա´մ անմիջականորեն ներգարվված են իրականացվող միջոցառումներում ու աշխատանքային սեմինարներում, կա´մ էլ կիրազեկվեն ՀԿԽԸ ցանցի միջոցով տարածվելիք գրքույկների օգնությամբ:

5. Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը (ՖՀԶՀ)` նպաստելու հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների կրթության իրավունքի իրականացմանը` ելնելով նրանց կարողություններից և ունակություններից: ՖՀԶՀ-ը` (ա) կմշակի հատուկ կրթության կազմակերպման նվազագույն չափորոշիչներ, և (բ) կարդիականացնի հատուկ դպրոցների օրինակելի կանոնադրության մոդելը: Հատուկ կրթության ոլորտում երկրի լավագույն մասնագետներից կստեղծվի աշխատանքային խումբ, որը կգնահատի հատուկ դպրոցներում տրամադրվող ծառայությունների որակը և կբացահայտի առկա թերությունները: Թիրախային խմբերի քննարկումներում կներգրավվեն աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ և հ/կ-ների ներկայացուցիչներ: Արդյունքները գնահատելու նպատակով կանցկացվեն կլոր սեղաններ, և մշակված փաստաթղթերը կներկայացվեն կառավարությանը, Ազգային Ժողովին և այլ շահագրգիռ կողմերի:

Ծրագրերի իրականացման ընթացքում ՀԲ Երևանի գրասենյակը սերտորեն և կանոնավոր կերպով կհամագործակցի դրամաշնորհների արժանացած կազմակերպությունների հետ` յուրաքանչյուր ծրագրի` նախապես համաձայնեցված նպատակների ու խնդիրների իրագործումն ապահովելու նպատակով:

Համաշխարհային բանկը ձգտում է ամրապնդել զարգացման ոլորտում հայաստանյան հ/կ-ների հետ համագործակցությունը:

Համաշխարհային բանկի Քաղաքացիական հասարակություն հիմնադրամը Հայաստանում գործունեություն է իրականացնում արդեն 12 տարի: Այդ տարիների ընթացքում Հայաստանի վաթսունվեց հ/կ-ներ արժանացել են դրամաշնորհների` 398.000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով, որը տրամադրվել է ՀԲ Երևանի գրասենյակի միջոցով:

Մամուլի հաղորդագրության համարը:
ECA

Api
Api

Welcome