ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐապրիլ 3, 2026Õ©.

Ներդրումներ տեղական տնտեսության մեջ․ ինչպես է զբոսաշրջությունը Հայաստանում խթանում տնտեսական աճն ու ստեղծում աշխատատեղեր

The World Bank

Նոր ճանապարհը, հետիոտնային արահետները և արտաքին լուսավորությունը 10-րդ դարի Մարմաշենի վանքն ավելի մատչելի են դարձրել այցելուների համար։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԹԵՄԱՆԵՐԸ

  • Հայաստանը բացահայտում է զբոսաշրջության ներուժը՝ ներդրումներ կատարելով մշակութային ժառանգության վայրերի հասանելիության բարելավման մեջ։
  • Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստել են համայնքների վերակենդանացմանը՝ հնարավորություն տալով փոքր բիզնեսներին զարգանալ, ստեղծել աշխատատեղեր և ներդրումներ կատարել իրենց համայնքներում։
  • Այս նախաձեռնությունները մարդկանց տվել են նոր հույս` միաժամանակ դիվերսիֆիկացնելով տնտեսությունը, ստեղծելով աշխատատեղեր և խթանելով սփյուռքի ներգրավվածությունը։

Հայաստանն արդարացիորեն անվանում են «թանգարան բաց երկնքի տակ»։ Երկրի միջնադարյան վանքերը, պատմական քաղաքներն ու դարավոր ավանդույթները միշտ գրավել ու հիացրել են այցելուներին։ Այնուամենայնիվ, բազմաթիվ շրջաններում զբոսաշրջության տնտեսական դրական ազդեցությունը երկար ժամանակ լիարժեք չի իրացվել։Անբարեկարգ կամ դժվար հասանելի ճանապարհները, ենթակառուցվածքների բացակայությունը բազմաթիվ տեսարժան վայրեր դուրս էին թողնում երկիր այցելող զբոսաշրջիկների տեսադաշտից։

Մշակութային ժառանգության պահպանության ու զարգացման ոլորտում իրականացվող ներդրումները կարող են նպաստել տնտեսության դիվերսիֆիկացմանը, գյուղական համայնքների վերակենդանացմանը և աղքատության նվազեցմանը։ Կարևորելով այս հանգամանքը՝ Հայաստանի կառավարությունը և Համաշխարհային բանկը համատեղ ներդրումներ են իրականացրել զբոսաշրջության ոլորտում։

«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում իրականացվել են մի շարք նպատակային բարելավումներ՝ զբոսաշրջային վայրերը դարձնելով ավելի հասանելի։ Վերանորոգվել և ընդլայնվել են ճանապարհներ, տեղադրվել են թեքահարթակներ, պաշտպանիչ ցանկապատեր, արտաքին լուսավորություն և նստարաններ, վերականգնվել են հանրային տարածքներ, ստեղծվել են տարածաշրջանային զբոսաշրջային կենտրոններ։

The World Bank

Շիրակի մարզի վերանորոգված Բարեկամություն այգում խաղացող երեխա։

Ներդրումներ, որոնք գրավում են այցելուներին և խթանում մասնավոր հատվածի աճը

Ծրագրի իրականացման արդյունքում վերակենդանացած վայրերից մեկը 10-րդ դարի Մարմաշեն վանական համալիրն է։ Այս պատմական հուշարձանը անցել է բազմաթիվ փորձությունների միջով՝ երկրաշարժեր և պատերազմներ, և այցելուների համար երկար ժամանակ եղել է դժվար հասանելի՝ ունենալով միայն լեռնային ոլորապտույտ հողային ճանապարհ։ Արդյունքում տարեկան ընդամենը 3,000 այցելու էր հասնում Մարմաշենի վանք։

Վանքի ճանապարհի վերանորոգումից հետո, որի շրջանակում ասֆալտապատվել է 2.4 կմ երկարությամբ ճանապարհ, այցելուների թիվն աճել է՝ հասնելով տարեկան ավելի քան 40,000-ի։

«2013 թվականին, երբ նշանակվեցի վանքի վանահայր, ամբողջ տարվա ընթացքում այստեղ ընդամենը երկու մկրտություն էր տեղի ունեցել»,— նշում է Տեր Փառենը։ «Ճանապարհի վերանորոգումից հետո ոչ միայն հանգստյան օրերին են մարդիկ գալիս։ Այժմ արարողություններ են անցկացվում շաբաթվա բոլոր օրերին՝ օրական 300-400 հավատացյալով»։

Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը կիրառել է կենտրոնի շուրջ կառուցված զարգացման մոդել («hub-and-spoke»)՝ ներդրումներ կատարելով 28 ենթածրագրերում, որոնք կապված էին Հայաստանի ինը մարզերի 17 ընտրված վայրերի հետ։ Այս մոդելի կիրառումը նախատեսում էր կապ ստեղծել հիմնական զբոսաշրջային ուղղությունների և հարակից վայրերի միջև՝ մեծացնելով զբոսաշրջիկների հոսքը և ընդլայնելով նոր ծառայությունների պահանջարկը տեղական համայնքներում։

Այս ջանքերը նպաստել են զբոսաշրջիկների հոսքի աճին, ինչը նոր հնարավորություններ է ստեղծել սրճարանների և հյուրատների, զբոսավարների, տաքսու վարորդների, տեղական արհեստավորների և ժամանցային ոլորտի աշխատողների համար։ Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի արդյունքում զբոսաշրջիկները ավելի շատ ժամանակ են անցկացնում այս վայրերում՝ տեղական բիզնեսների համար տարվա ընթացքում կայուն եկամուտների ձևավորմամբ՝ սեզոնային անկումների ու անորոշության փոխարեն։ Զբոսաշրջության ոլորտ մուտք գործող ձեռնարկատերերի կողմից իրականացվող ծախսերի և մասնավոր ներդրումների աճը վերածվել է իրական աշխատատեղերի ստեղծման Հայաստանի տարբեր համայնքներում։

Վերադառնալ, մնալ և ապագա կառուցել

Զբոսաշրջության և ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող այս ներդրումները համայնքների բնակիչներին տալիս են մնալու և զարգանալու նոր խթան, իսկ սփյուռքի հայերի համար՝ հայրենիք վերադառնալու իրական պատճառ։

2020 թվականի երկակի ճգնաժամերը՝ ՔՈՎԻԴ-19 համավարակն ու Ադրբեջանի հետ հակամարտությունը, հատկապես ծանր ազդեցություն ունեցան սահմանամերձ շրջանների վրա՝ հետ շրջելով տնտեսական առաջընթացը, հատկապես Հայաստանի հարավում։ Գորիս քաղաքում անկայունությունը վտանգում էր մի շարք տնտեսական ոլորտներ և խաթարում զբոսաշրջության հոսքերը։

Համաշխարհային բանկի աջակցությամբ վերականգնվել են մշակութային արժեք ունեցող 36 տներ, արդիականացվել են քաղաքի կենտրոնական և պատմական հատվածները․փողոցներ, էներգախնայող լուսավորություն, վերականգնված այգիներ և շատրվաններ, տեղադրված նստարաններ և աղբամաններ։

Հանրային ներդրումներին հետևել են մասնավորները․հյուրանոցները ընդլայնվել են, բիզնեսները զարգացել, և քաղաքը սկսել է ընդունել աննախադեպ թվով տեղական և միջազգային այցելուների։

«Շատերն են հյուրանոցներ բացել՝ տեսնելով, որ Մեղրիում զբոսաշրջությունն աճում է»,— ասում է Balcony Caffe-ի հիմնադիր Նուբար Շաքերյանը, ով վերադարձել է հայրենիք։ «Չեմ զղջում ո՛չ Մեղրի տեղափոխվելու, ո՛չ էլ Հայաստան վերադառնալու համար։ Դա իմ կյանքի լավագույն որոշումն էր»։

Զբոսաշրջությունն այսօր Հայաստանում միայն մշակութային արժեք չէ։ Այն դարձել է տնտեսության կայուն շարժիչ ուժ՝ ստեղծելով աշխատատեղեր և հնարավորություն տալով դիմակայել տնտեսական, սոցիալական և բնապահպանական մարտահրավերներին։

Շատերն են հյուրանոցներ բացել՝ տեսնելով, որ Մեղրիում զբոսաշրջությունն աճում է Չեմ զղջում ո՛չ։ Մեղրի տեղափոխվելու, ո՛չ էլ Հայաստան վերադառնալու համար։ Դա իմ կյանքի լավագույն որոշումն էր։
Noubar Shakeryan
Նուբար Շաքերյանը
Balcony Caffe-ի հիմնադիր

«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի գրանցած արդյունքների հիման վրա մեկնարկել է նոր ծրագիր, որը միտված է զարգացնելու զբոսաշրջային յոթ կլաստեր երկրի տարբեր մարզերում։ Այս մոտեցմամբ Հայաստանը ձևավորում է մի մոդել, որտեղ մշակութային ժառանգությունն օգնում է ունենալ կայուն տնտեսական աճ և նոր հնարավորությունների աղբյուր։

Հայաստանի օրինակը վկայում է․ երբ ենթակառուցվածքների մեջ կատարվող հանրային ներդրումները կապում են մշակութային և բնական ժառանգությունը շուկաների հետ, դրանք կարող են դառնալ աշխատատեղերի ստեղծման և մասնավոր հատվածի աճի հզոր խթան։

The World Bank

Լոռու մարզում կառուցված նոր ճանապարհը այցելուներին հասանելի է դարձնում Սոճուտի դենդրոպարկը, ճամբարային տարածքները, հյուրանոցներն ու այլ ենթակառուցվածքներ։

Blogs

    loader image

WHAT'S NEW

    loader image