ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐդեկտեմբեր 4, 2025Õ©.

Ինչպես են Հայաստանի ջրաճահճային տարածքներում ներդրումները խթանում գյուղական տնտեսական աճը

The World Bank

Արմաշի թռչունները։ Լուսանկարի հեղինակ՝ Berta Photography:

Ուշագրավ պատմություններ

  • Հայաստանի Արարատյան դաշտավայրոում գտնվող Արմաշի ջրաճահճային տարածքներում հանդիպում է ավելի քան 200 թռչնատեսակ, այդ թվում՝ վտանգված սպիտակագլուխ բադը: Համաշխարհային բանկը, իր EU4Environment ծրագրի միջոցով, և տեղական ՀԿ-ները նպատակ ունեն խթանել թռչնադիտարկումը և էկոտուրիզմը՝ ստեղծելով եկամտի նոր աղբյուրներ տեղական համայնքների համար։
  • Արմաշում այս նախաձեռնությունը կարող է ծառայել որպես մասշտաբային մոդել Հայաստանի և այլ երկրների համար՝ բնության պահպանության միջոցով աշխատատեղերի ստեղծման և մասնավոր հատվածի աճին նպաստելու հարցում։

Կյանքով լի ջրաճահճային տարածքներ

Լուսաբացին «ԲրդԼինքս Հայաստան» բնապահպանական ՀԿ-ի թռչնաբան Անուշ Խաչատրյանը, զգուշորեն քայլում է բարձրացված ափամերձ ճանապարհով։ Նրա ձախ կողմում ամառային մեղմ քամուց շրշյունով բացվում են եղեգնուտները ՝ բացահայտելով կապույտ ջրի լայնածավալ տարածքներ։ 

Հանկարծ հարյուրավոր ջրային թռչուններ՝ այդ թվում որորներ, եղտյուրիկներ, ավազակտցարներ և տառեղներ, թափահարում են թևերը և երկինք են բարձրանում։ Անուշը բարձրացնում է հեռադիտակը և նկատում շարժում ոսկեգույն ցողունների միջով։ 

«Ահա սպիտակագլուխ բադը», — շշնջում է նա, ցույց տալով երկրի ոչ մի այլ վայրում չբնադրող այս վտանգված տեսակը։ Թռչնի տպավորիչ կապույտ կտուցը փայլում է առավոտյան լույսի տակ։  

Բեմահարթակը Արմաշի ջրաճահճային տարածքներն են, որոնք գտնվում են արարատյան դաշտավայրի սրտում և զբաղեցնում են մոտ 6000 հեկտար տարածք։  Ավելի քան 200 տեսակի թռչունների, այդ թվում՝ վտանգված սպիտակագլուխ բադի, բնակավայր հանդիսացող ճահճուտները տարեկան մեկ միլիոնից ավելի չվող թռչունների համար կանգառ են: Արմաշը յուրահատուկ տեղ է զբաղեցնում երկրի կենսաբազմազանության պահպանման համակարգում: Իրենց էկոլոգիական նշանակությունից զատ, ջրաճահճային տարածքները կարևոր դեր են խաղում մոտակա համայնքների տնտեսություններում, որոնք կախված են նրա ջրերից ձկնորսության, գյուղատնտեսության և սեզոնային բերքահավաքի համար: 

Հայաստանը, որը 2026 թվականին պատրաստվում է հյուրընկալել համաշխարհային նշանակության  կենսաբազմազանության կողմերի համաժողովը (COP 17) , զգալի առաջընթաց է գրանցել Արմաշում գտնվող կարևորագույն կենսամիջավայրը պահպանելու ուղղությամբ։ Այս տարածքը ներկայումս Էմերալդ ցանցի թեկնածու է, որը պաշտպանում է խոցելի և արժեքավոր տեսակներն ու կենսամիջավայրերը և տարածում է եվրոպական բնության պահպանության չափանիշները Եվրամիության սահմաններից դուրս։ 

The World Bank
Թռչնաբան Անուշ Խաչատրյան։ Լուսանկարի հեղինակ՝ Berta Photography:

Տարածքի վերջնական ընդգրկումը Էմերալդ ցանցի պաշտպանվող տարածքնում Արմաշին կապահովի միջազգային ճանաչում, լրացուցիչ ֆինանսավորման հնարավորություններ և պահպանման կառավարման համար տեխնիկական օգնության հասանելիություն։

Տնտեսական տեսլական

Արմաշի հաջողությունը հիմնված է շահույթի և պահպանության համադրության վրա։ «Արմաշի կարպալճային տնտեսություն» ՓԲԸ սեփականատեր Արտակ Զադոյանը կիրառում է բիզնես մոդել, որը նվազագույնի է հասցնում վայրի բնությանը հասցվող վնասը՝ միաժամանակ ստեղծելով եկամուտ, ինչը կոչվում է նաև ցածր ազդեցության գյուղատնտեսություն:

«Մենք փորձում ենք համատեղել վայրի բնության պահպանությունը մեր բիզնեսի հետ»,- ժպտալով բացատրում է նա՝ դիտելով, թե ինչպես են որոշ թռչուններ, մասնավորապես՝ հավալուսնները, որսում իր կարպերը:

The World Bank
Արտակ Զադոյան, «Արմաշի կարպալճային տնտեսություն» ՓԲԸ սեփականատեր։ Լուսանկարի հեղինակ՝ Berta Photography:

Ի սկզբանե արհեստական ձկնակերից հրաժարվելը ձկնաբուծարանի կողմից տնտեսական որոշում էր՝ գյուղատնտեսական հարկային կարգավիճակը պահպանելու համար։ Սակայն դա ստեղծել է թռչունների համար իդեալական պայմաններ՝ ապահովելով դրանց սնունդը։  

Ավելին, Արտակը նախատեսում է օգտագործել որոշ լճակներ առանց թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործման բրինձ աճեցնելու համար: Քիմիական նյութերից զերծ բրնձի դաշտերը կստեղծեն ջրալող թռչունների համար անվտանգ կերակրման տարածքներ՝ միաժամանակ ապահովելով առողջ սնունդ մարդկանց համար։ 

Արմաշում որսը դեռևս թույլատրված է, և դրա աստիճանական արգելքը պահանջում է զգուշավոր բանակցություններ Հայաստանի որսորդական միության հետ։ Մոնիթորինգն ու պաշտպանությունը առանցքային են։ Նվեր Գրիգորյանը, տարածքի կառավարիչը, հսկում է տարածքը՝ ուշադիր հետևելով որսագողերին։ Բազմացման և չուի ժամանակ լճերը խստիվ արգելված են որսորդների համար։ 

Արդյունքները խոսում են իրենք իրենց մասին․ «ԲրդԼինքս Հայաստան» բնապահպանական ՀԿ-ի տվյալներով, համաշխարհային մակարդակով վտանգված սպիտակագլուխ բադի պոպուլյացիան 2003 թվականի չորս բնադրող զույգից աճել է մինչև 17 զույգ 2024 թվականին։ Հազվագյուտ տեսակների, օրինակ՝ 23 ֆլամինգոների, դիտարկումները 2025 թվականին ցույց են տալիս, որ Արմաշը դառնում է չվող թռչունների ապաստարան:   

The World Bank
Սպիտակագլուխ բադ։ Լուսանկարի հեղինակ՝ Berta Photography:

Այլ հազվագյուտ տեսակներ, ինչպիսին է սպիտակապոչ եղտյուրիկը, հանդիպում են միայն այստեղ և Հայաստանի ոչ մի այլ վայրում։ 

Աճ էկոտուրիզմի միջոցով

Համաշխարհային բանկի փորձնական կառավարման պլանը, որը մշակվել է EU4Environment ծրագրի շրջանակներում, առաջարկում է որսորդությունը փոխարինել էկոտուրիզմով և թռչնադիտարկմամբ՝ որպես տեղական տնտեսական աճի երկարաժամկետ մոդել։ Այն սահմանում է Արմաշի կենսամիջավայրերի և տեսակների վրա առկա ճնշումների և սպառնալիքների հաղթահարման կոնկրետ միջոցառումներ՝ միաժամանակ հաշվի առնելով տեղական շահագրգիռ կողմերի տեսակետներն ու շահերը։ Կառավարման պլանն առաջարկում է որսորդությունը փոխարինել թռչունների դիտարկմամբ և էկոտուրիզմով՝ կայուն միջոցառում ինչպես տնտեսական աճի, այնպես էլ երկարաժամկետ պահպանման համար։ 

Այս վայրն արդեն իսկ գրավում է փորձառու թռչնադիտորդներին, «ովքեր ճանապարհորդել են աշխարհով մեկ», ինչպես նրանց նկարագրում է Անուշը։ 

Այցելուները վճարում են 12 դոլար մուտքի վճար և այժմ կարող են մնալ տարածքում գտնվող հյուրատանը։ 

Նվերը նաև մեղր է արտադրում և արևածաղկի սերմեր է հավաքում՝ հույս ունենալով այցելուներին առաջարկել «սերմից՝ սեղան» հայեցակարգի փորձառություն։ 

«Սա շատ լավ կլինի համայնքի համար», - բացատրում է նա։ «Եթե ավելի շատ զբոսաշրջիկներ գան թռչուններ դիտելու, գումար վաստակելու ավելի շատ հնարավորություններ կլինեն»։ 

The World Bank
Նվեր Գրիգորյան, Արմաշի կառավարիչ։ Լուսանկարի հեղինակ՝ Berta Photography:

Մոդելի ընդլայնումը Հայաստանում

Հայաստանը կանգնած է լանդշաֆտային ճգնաժամի առջև. ավելի քան մեկ դար շարունակված ջրահեռացումը, մասնավորապես խորհրդային ժամանակաշրջանում, ավերել է ջրաճահճային տարածքների էկոհամակարգերը։  

Արմաշում իրականացվող աշխատանքների հրատապությունը չի սահմանափակվում միայն այս մեկ տարածքով։ Այն ցույց է տալիս, թե ինչպես տեղական գործողությունները և միջազգային աջակցությունը կարող են շրջադարձել տասնամյակների ընթացքում ճահճուտների քայքայումը։ ԵՄ Restore4Life նախագծի շրջանակներում նախատեսում է վերականգնել գրեթե 100 հեկտար ջրաճահճային տարածք, ինչը նաև կզարգացնի թռնադիտարկման ենթակառուցվածքները և կստեղծի տարածք տեղական համայնքի կողմից հյուրընկալության և ծառայությունների մատուցման համար: Սա կարող է իրականություն դարձնել Նվերի հույսերը: Համաշխարհային բանկի 9,95 միլիոն դոլար արժողությամբ RESILAND («Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ») ծրագիրը աջակցում է անտառների և ջրաճահճային տարածքների վերականգնմանը Հայաստանի այլ վայրերում, այդ թվում՝ արարատյան դաշտավայրում։ 

Վերադառնալով ափամերձ տարածք՝ Անուշը ուղղում է հեռադիտակը և մատնացույց անում փոքրիկ կղզում հավաքված հավալուսնների մի ընտանիքի։ Ճահճային մկնաճուռակները սավառնում են գլխավերևում։ 

«Արմաշն իմ իմացած ամենահիասքանչ վայրերից մեկն է», - ասում է նա։ 

COP 17-ի մոտենալուն զուգընթաց Արմաշն ընդգծում է Հայաստանի հանձնառությունը պահպանելու իր բնական հարստությունները։ 

The World Bank
Վարդագույն հավալուսն։ Լուսանկարի հեղինակ՝ Berta Photography:

Blogs

    loader image

WHAT'S NEW

    loader image