ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ օգոստոս 8, 2018թ.

Փոթորկոտ երկինք և փոփոխվող երկիր. Հայաստանն առաջ է շարժվում դեպի աղետներին դիմակայելու համապարփակ մոտեցում

Image

Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը, երկրի բազմաթիվ քաղաքներից մեկն է, որին սպառնում է կլիմայի և աղետների մեծացող ռիսկը: Լուսանկարը՝ Սերուժ Աուրիշյանի,  Wikimedia Commons

 

 


Կլիմայի և աղետների աճող ռիսկ

Տարերային աղետների ազդեցությունները 2017 թ. դրսևորեցին կտրուկ աճի միտում, ընդ որում՝ համաշխարհային մասշտաբով տնտեսական կորուստները 300 միլիարդ դոլարից ավել են գնահատվում՝ կազմելով 2016 թ. ցուցանիշի կրկնապատիկից ավելին: Նմանօրինակ հետընթացը կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի նման բարձր ռիսկի ենթարկված երկրների համար, որը ոչ միայն խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների, այլ նաև այնպիսի երկրաբանական վտանգների նկատմամբ, ինչպիսիք են օրինակ՝ խոշոր սեյսմիկ ռիսկերը:

Վերջին մի քանի տասնամյակներում այնպիսի նպաստող գործոններ, ինչպիսիք են ուրբանիզացումը և փոփոխվող կլիմայական պայմանները, քառապատկել են նշված տնտեսական կորուստները՝ վտանգելով երկրի կայուն սոցիալ-տնտեսական առաջընթացը: Գյուղատնտեսության ճյուղում աշխատող՝ Հայաստանի աշխատուժի գրեթե 35 տոկոսի համար, օրինակ, եղանակային ծայրահեղ դրսևորումների խստության և հաճախականության բարձրացումը կարող է ապրուստի միջոցներն ապակայունացնել և հազարավոր մարդկանց մղել աղքատության:

Նման ռիսկերն արդեն իսկ բացասաբար են անդրադառնում երկրի՝ զարգացման շնորհիվ դժվարությամբ նվաճած ձեռքբերումների վրա: 1994 – 2014 թթ. Հայաստանը 1.5 միլիարդ դոլարից զգալի ավելի մեծ կորուստ է կրել այնպիսի վտանգավոր բնական երևույթների հետևանքով, ինչպիսիք են ջրհեղեղները, երկրաշարժերը և երաշտները՝ խոչընդոտելով զարգացման հիմնական ջանքերը: Նման աղետներին Հայաստանի դիմակայունությունը ամրապնդելու համար՝ Կառավարությունը և Համաշխարհային բանկը համատեղ աշխատում են աղետների ռիսկի վերաբերյալ տեղեկությունների բարելավման, ռիսկի նվազեցումը բարելավելու, պատրաստվածությունն ուժեղացնելու և աղետների հարկաբյուջետային ռիսկերի ըմբռնումը բարելավելու ուղղությամբ:

Ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության բացահայտումը՝ զարգացման ձեռքբերումները պաշտպանելու համար

Աղետների հարկաբյուջետային ազդեցություններն ըմբռնելու հարցում Կառավարությանն օգնելուն ուղղված առաջին քայլով՝ Համաշխարհային բանկի և Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ կառույցի (GFDRR) օգնությամբ մշակվեց աղետների ռիսկի ֆինանսավորման վերաբերյալ երկրի մասին զեկույց: Զեկույցը կօգտագործվի աղետներին արձագանքը ֆինանսավորելու համար Հայաստանում օգտագործվող առկա գործիքների գույքագրման նպատակով. նրանում  ներկայացվում են աղետների ռիսկի ֆինանսավորման և ապահովագրության քաղաքականության տարբերակներ:

Նոր զեկույցը հենվում է աղետների վնասի և կորստի տվյալների համախմբի վրա, որը հավաքվել է աղետների ազդեցության վերաբերյալ առկա գլոբալ տվյալներից և ընտրված տեղական հաշվետվություններից՝ ի լրումն Համաշխարհային բանկի կողմից տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում մշակված՝ երկրաշարժի ռիսկի նկարագրի: Վերլուծությամբ ֆինանսավորման զգալի ճեղք է հայտնաբերվել ինչպես կրկնվող, այնպես էլ խոշորամասշտաբ աղետների դեպքում և մի քանի ուղիներ են առաջարկվել, այդ թվում՝ պայմանական վարկավորման տարբերակներ և տարերային աղետների պահուստային ֆոնդի ստեղծում՝ իր ֆինանսական պաշտպանությունը ամրապնդելու հարցում երկրին օգնելու համար:

Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերությունն ընդգրկում է նաև թիրախավորված ներդրումներ եղանակային տեղեկատվության բարելավման ուղղությամբ: Հաշվի առնելով, որ Հայաստանում տարերային աղետներից առաջացող  կորուստների 90 տոկոսը կապված է եղանակային խիստ երևույթների հետ, հիդրոօդերևութաբանական ծառայությունները, օրինակ՝ վաղ ահազանգման համակարգերը, իրական ժամանակում եղանակային տեղեկատվությունը և կլիմայական տվյալների բարելավումը՝ աղետներին դիմակայունության անկյունաքարն են:

Բանկը և կառավարությունը ձեռնարկել են երկրի հիդրոօդերևութաբանական և կանխատեսման կարիքների մասնագիտական ուսումնասիրություն՝ պատրաստվածության ընթացքն արագացնելու և երկրի եղանակային, ջրային և կլիմայական ծառայությունները բարելավելու համար: Այդպիսի ծառայությունների միջոցով ստացվող արժեքավոր տվյալներն ուղեցույց կդառնան աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ հիմնական ներդրումների համար, կբարելավեն որոշումների կայացումը և արձագանքման ժամանակը ազդակիր համայնքների համար և կօգնեն խթանել արտադրությունը գյուղատնտեսությունում՝ երկրի առաջնային ճյուղում:

Ծայրահեղ եղանակային երևույթների ռիսկի նվազեցման միջոցառումների հետ մեկտեղ, վերջերս ազգային մակարդակով իրականացվել է սեյսմիկ վտանգի խորը գնահատում՝ կառավարությանը ողջ երկրի սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ համապարփակ պատկերացում տալու համար: Նշված կարևոր ջանքի շրջանակում արդի վերլուծական մեթոդները միախառնվում են գերժամանակակից սեյսմիկ հետազոտությունների հետ՝ Հայաստանի սեյսմիկ գոտիավորման քարտեզները կատարելագործելու համար, օգտագործելով երկրաբանական վտանգների արդի սցենարներ:

Ապագային միտված այս նախաձեռնությունը, որը միավորեց սեյսմիկ ռիսկի այնպիսի առաջատար կառույցների, ինչպիսիք են՝ AIR Worldwide-ը, «Երկրաշարժի գլոբալ մոդել» հիմնադրամը (Global Earthquake Model Foundation) (GEM) և այլ մասնագիտական գործակալությունները, կարող են ուղղորդել Համաշխարհային բանկի և զարգացման գործընկերների ապագա ծրագրերը, իսկ ստացված արդյունքներով ակնկալվում է  տեղեկատվության տրամադրում ազգային շինարարական նորմերի վերանայման համար՝ ապահովելով կառուցապատման ավելի դիմակայուն միջավայր և ավելի անվտանգ ենթակառուցվածք:

«Հայաստանն այսօր տարածաշրջանում ունի հեռահար սեյսմիկ վտանգի և ընդհանուր սեյսմիկ գոտիավորման ամենաարդիական քարտեզները, որոնք  մշակվել են բարձր որակավորմամբ միջազգային Կոնսորցիումի և տեղական միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից»,- ասում է արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Հրաչյա Պետրոսյանը: «Աշխատանքը գրեթե երկու տարի է տևել՝ Համաշխարհային բանկի ֆինանսական և տեխնիկական փորձագիտական աջակցությամբ: Այս երկարաժամկետ գնահատմամբ կայուն զարգացում կապահովվի խիստ երկրաշարժավտանգ երկրի համար, իսկ սեյսմիկ գոտիավորման նոր քարտեզները հիմք կծառայեն շինարարական նորմերի և հողօգտագործման ստանդարտների, ինչպես նաև տարհանման ուղիների բարելավման համար»:

Կառավարությունը նաև ընդլայնում է կրթական վթարային ենթակառուցվածքի ամրացման աշխատանքը՝ երկրաշարժերի և սողանքների վտանգից աշակերտներին ավելի լավ պաշտպանելու համար: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) երկրում առանձնացրել է 130-ից ավելի սողանքավտանգ վայրեր, իսկ  Համաշխարհային բանկի և GFDRR-ի ղեկավարությամբ իրականացված խորը ուսումնասիրությամբ բացահայտվել է, որ երկրի դպրոցների 90 տոկոսից ավելին կառուցվել է նախքան առաջին սեյսմիկ նորմերի ներդրումը (1994 թ.-ին)՝ հավանական վտանգի ենթարկելով ողջ Հայաստանի ավելի քան 400 000 աշակերտների կյանքը և կրթությունը:


Image

Հայաստանի հնացող ենթակառուցվածքը վտանգում է աշակերտներին և նրանց կրթական աապագան:

Լուսանկարը՝ Համաշարհային բանկի

 

 


Նշված խնդրի կարգավորման համար Հայաստանը դպրոցների սեյսմիկ անվտանգությունը դարձրել է ազգային առաջնահերթություն: Օգտվելով Համաշխարհային բանկի  և Միացյալ ազգերի մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացրած տվյալներից և վերլուծությունից  ու Բանկի «Կրթության բարելավում» ծրագրի ֆինանսավորմամբ իրականացված ավագ դպրոցների սեյսմիկ ամրացման փորձից՝ Կառավարությունը 2015 թ. տվեց «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» (SSIP)  ազգային ծրագրի մեկնարկը շուրջ 380 դպրոցների համար՝  նպատակ ունենալով ծրագրի ընդլայնմամբ մինչև 2030 թ. ընդգրկել երկրի կրթական բոլոր հաստատությունները: Սա դպրոցների շենքերի սեյսմիկ խոցելիության խնդրի մասշտաբային լուծմանն ուղղված Հայաստանի առաջին ջանքն է, և ներկայումս առանձնացված 46 դպրոցներում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կիրականացվեն սեյսմիկ ամրացման կամ վերակառուցման աշխատանքներ:

Դիմակայունության ճանապարհին

Նշված ջանքերը Հայաստանի կողմից կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի նվազեցումը շեշտադրելու նշան են՝ խոցելի համայնքներն ավելի լավ պաշտպանելու և կայուն սոցիալ-տնտեսական առաջընթաց ապահովելու համար: Թեև ներդրումների առաջնահերթ ոլորտները բացահայտելու և որոշում կայացնողների համար արդյունավետ ռազմավարությունների ստեղծման ուղղությամբ դեռևս շատ անելիքներ կան, սեյսմիկ վտանգի խորացված գնահատումը, հիդրոօդերևութաբանական ծառայությունների արդիականացումը և ռիսկի ֆինանսավորման ազգային ռազմավարության մշակումը  բոլորն էլ մեծ քայլերն են, որոնցով Հայաստանը կշարժվի դեպի ավելի անվտանգ և դիմակայուն ապագա:


Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել Ճապոնիայի և Համաշխարհային Բանկի՝ «Զարգացող երկրներում աղետների ռիսկի կառավարման ուղղորդման ծրագրի» (Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ կառույցի (GFDRR)) աջակցության շնորհիվ՝ սերտ համագործակցելով զարգացման այլ գործընկերների հետ, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի կառույցները, միջազգային ֆինանսական հաստատությունները, երկկողմ կառույցները և Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները:


Api
Api